Մատչելիության հղումներ

Ռուսները շարունակում են հրթիռակոծել ուկրաինական բնակավայրերը


Անցած գիշեր ռուսական զորքերը կրկին ինտենսիվ հրթիռակոծել են ուկրաինական բնակավայրերը, այդ թվում Կիևը։ Սա արդեն իններորդ հրթիռային հարձակումն է մայիսի սկզբից ի վեր։

Կիևը հայտարարում է, թե բոլոր թշնամական թիրախները հայտնաբերվել և ոչնչացվել են, խոցված հրթռիների բեկորներն էլ ընկել են մայրաքաղաքի մի քանի թաղամասերում։ Գիշերը հարձակման էր ենթարկվել նաև Օդեսան, մեկ մարդ մահացել, երկուսը վիրավորվել են։

Իրավիճակը լարված է նաև Ղրիմում

Վերջին ժամերին լարված էր իրավիճակը նաև ռուսների կողմից բռնակցված Ղրիմում։ Չիստենկոյե գյուղի մերձակայքում երկաթուղու վրա պայթյուն է եղել, առնվազն մինչև երեկո հաղորդակցությունը դադարեցվել է։ Ռուսական Թելեգրամ ալիքները հաղորդում են, թե այս հատվածում առավոտյան ուժգին պայթյուն է եղել, իսկ Ղրիմի իշխանությունները պնդում են, թե վագոնները գծերից դուրս են եկել «երկաթուղային տրանսպորտի աշխատանքին կողմնակի անձանց միջամտության պատճառով»։

Ռազմի դաշտում ամենաթեժ կետը շարունակում է մնալ Բախմուտը

«Վագների» ղեկավար Եվգենի Պրիգոժինը երեկ հայտարարել է, թե իր վարձկանները կրկին առաջ են գնացել այդ ուղղությամբ. - ««Վագները» մոտ երկու հարյուր վաթսուն մետր առաջ է գնացել։ Ուկրաինական զինվորականները քաղաքում վերահսկում եմ ընդամենը մեկ ու քսանութ քառակուսի կիլոմետր տարածք։ Հակառակորդի կատաղի ղիմադրում է»։

Ընդ որում, Պուտինի աջ ձեռքը համարվող Պրիգոժինը այսօր կրկին խոսել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության դեմ՝ մեղադրելով բանակին քաղաքի մերձակայքում դիրքերը թողնելու համար. - «Ռուսաստանի պաշտպանության նախարարության ստորաբաժանումները, ցավոք, հետ են քաշվել Բախմուտի հյուսիսում մոտ 570 մետր»։

Ըստ տեղից ստացվող լուրերի, քաղաքում ուկրաինացի զինվորականները կռվում են «Վագների» վարձկանների դեմ, իսկ քաղաքի շուրջը ուկրաինական ստորաբաժանումները տարբեր ուղղություններով թիրախավորում են Ռուսաստանի բանակի դիրքերը և կամաց-կամաց առաջ գնում։ Ռուս ռազմական փորձագետները մտավախություն ունեն, թե «Վագները» կարող է հայտնվել շրջապատման մեջ։

Ամենամեծ ապատեղեկատվությունը այս «հակահարձակումն» է. Լուկաշենկո

Զուգահեռ, նորանոր հաղորդումներ են ստացվում ուկրաինական բանակի կողմից պատրաստվող հակահարձակման մասին։ Ռազմական հարցերով փորձագետ Միխայիլ Պրիտուլայի կարծիքով, ուկրաինական հակահարձակումն արդեն սկսվել է․ - «Հակահարձակումը սկզբում ընթանում է մատակարարման միջոցների, հակառակորդի կենդանի ուժի դանդաղ և համակարգված ոչնչացմամբ։ Այսինքն՝ այն կետերը, որտեղ տեղակայված են զենքերը, զինվորների համար սնունդը, պետք է ոչնչացվեն մարտի գնալուց առաջ»։

Ալեքսանդր Լուկաշենկո
Ալեքսանդր Լուկաշենկո

Մինչդեռ Բելառուսի նախագահը այսօր հայտարարել է, թե այս մասին լուրերը կեղծ են. - «Բայց պետք է ասեմ, որ ամենամեծ ապատեղեկատվությունը այս «հակահարձակումն» է։ «Հակահարձակում», իմ տեսանկյունից, չկա և չի էլ կարող լինել։ Դա ուղղակի խենթություն է»:

Ալեքսանդր Լուկաշենկոն շեշտել է, թե ռուսական ուժերը և' տեխնիկայով, և' մարդկանցով հինգ անգամ գերազանցում են ուկրաինական ուժերին, և այդ իրավիճակում հակահարձակման անցնելը, նրա կարծիքով, խենթություն է:

Ուկրաինական կողմը հակահարձակման հստակ ժամկետ չի նշում։ Ռազմական փորջագետները սակայն փաստում են, որ երկու կողմն էլ պատրաստվում են դրան։ Արևմտյան մասնագետների տվյալներով, օրինակ, ռուսներն արդեն շուրջ մեկ ու կես հազար կիլոմետր խրամատներ են փորել Զապորոժիեի և Խերսոնի շրջաններում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG