Երեկ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերի կիրառած անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով վիրավորում ստացած 2 զինծառայողներից մեկը դուրս է գրվել հոսպիտալից, մյուսի կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին շաբաթ առավոտյան հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:
Ավելի ուշ՝ մայիսի 12-ի երեկոյան հակառակորդի կրակի հետևանքով վիրավորում ստացած 2 զինծառայողների կյանքին ևս վտանգ չի սպառնում, ասված է հաղորդագրությունում:
Իրադրությունը սահմանի արևելյան հատվածում մարտի 11-ի վաղ առավոտից է լարված, երբ, ըստ Հայաստանի պաշտպանության նախարարության, Ադրբեջանի զինված ուժերը հրետանային և ականանետային կրակ են բացել Սոթքի դիրքերի ուղղությամբ, հայկական Զինված ուժերը պատասխան գործողություններ են ձեռնարկել:
Անցնող երկու օրերին փոխհրաձգությունը՝ այդ թվում խոշոր տրամաչափի հրազենային զենքերով, ականանետերով ու հրետանային միջոցներով, նաև անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ, պարբերաբար վերսկսվել է:
Հայկական կողմը անցած երկու օրերին հաղորդել է իր 1 զոհվածի և 8 վիրավորների, ադրբեջանականը՝ 2 զոհվածի և 1 վիրավորի մասին: