Մատչելիության հղումներ

Այսօր Արցախը երևի աշխարհի ամենաանկախ պետությունն է. Անդրանիկ Քոչարյան


Չնայած երեկ Բրյուսելում բարձր մակարդակով հնչած այն հայտարարությանը, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահը պնդում է՝ Արցախն այսօր աշխարհի «ամենաանկախ պետությունն է»՝ գոնե առաջիկա տարիների կտրվածքով։ Թե ինչի՞ վրա է հիմնված այս պնդումը, և ի՞նչ է փոխվելու 3 - 4 տարի հետո, Անդրանիկ Քոչարյանը չմանրամասնեց։

Մինչդեռ Բրյուսելում երեկ ավելի քան 4 ժամ տևած բանակցություններից հետո Եվրոպական խորհրդը տարածքային ամբողջականությունը ճանաչման մասին խոսելիս հստակ նշել էր Հայաստանի 29 հազար 800 և Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի կիլոմետրը։ Ի դեպ, 86 600 քառակուսի կիլոմետրը Խորհրդային Ադրբեջանի տարածքն է, որի մեջ մտնում էր նաև Լեռնային Ղարաբաղը։

«Առաջնորդները վերահաստատեցին իրենց աներկբա հանձնառությունը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին և Հայաստանի 29 հազար 800 քառակուսի կիլոմետր և Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությանը», - նշել է Միշելը։

«Հայաստանը միշտ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բոլոր բանակցություններում և հիմա էլ, բայց Արցախն ունի իր սեփական տարածքը և կարգավիճակը: Այսօր Արցախը, երևի, աշխարհի ամենաանկախ պետությունն է, մոտակա 3-4 տարիներին, հետո կտեսնենք», - ասաց Անդրանիկ Քոչարյանը:

Հարցին՝ «իսկ հիմա Արցախը մե՞րն է», Պաշտպանության հանձնաժողովի նախագահը պատասխանեց. - «Ի՞նչ է նշանակում մերն է, մերն է, քանի մեր ժողովուրդն այնտեղ ապրում է, այ, երբ որ չապրի, այն ժամանակ արդեն դժվար է ասել՝ ումն է Արցախը: Մենք պետք է արձանագրենք, որ գնում են բանակցություններ, վերջում, երբ որ կհրապարակվի ամբողջ բանակցությունների տրամաբանությունը և քայլերի հաջորդականությունը, այն ժամանակ մենք կարձանագրենք, թե ինչն է արձանագրելու, ինչը՝ ոչ»:

Ընդդմիության համոզմամբ՝ Հայաստանի իշխանությունն ընդամենը փորձում է անցնցում Արցախը հանձնել Ադրբեջանին

Հայաստանյան ընդդիմությունն արձանագրում է՝ երեկ Բրյուսելում որևէ նոր բան տեղի չի ունեցել։ Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը նկատում է՝ Նիկոլ Փաշինյանը վերջերս «Ազատությանը» տված հարցազրույցում էր խոստովանել, որ Ադրբեջանը պատրաստ չէ Արցախին լայնարձակ ինքնավարություն տալ։

Սա, ըստ ընդդիմադիր պատգամավորի, նշանակում է, անցած ամիսներին, երբ Հայաստանի իշխանությունները խոսում էին Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության մասին, դիտարկում էին հենց Արցախը որպես ինքնավար մարզ Ադրբեջանի կազմում թողնելու տարբերակը։

«Եթե որոշ մարդկանց համար նոր է ընկալելի դառնում այն հանգամանքը, որ այս իշխանության նպատակը և ընտրած ճանապարհը Արցախի հանձնումն է, ապա դա իր հայտարարություններով տեսանելի էր շատ ավելի վաղ: Այս պայմաններում, երբ որ Հայաստանն, ըստ էության, հայտարարում է Արցախի ադրբեջանական պատկանելության մասին, սա միայն խոսում է այն մասին, որ Հայաստանի իշխանությունները կապիտուլացվել են և, ըստ էության, հայտարարում են, որ այլևս որևէ ձևով չեն կատարելու Արցախին որևէ ձևով սատարելու իրենց առաքելությունը», - ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը:

Տիգրան Աբրահամյանի համոզմամբ՝ խոսելով Արցախի ժողովրդի իրավունքների և ազատությունների մասին Հայաստանի իշխանությունն ընդամենը փորձում է անցնցում Արցախը հանձնել Ադրբեջանին։

«Իրավունքներին և ազատություններին վերաբերող թեման այնքանով է նշվում, որքանով դա պետք է որոշակիորեն հասարակությանը, այսպես ասեմ, որոշակի հրամցնելու և խաղաղեցնելու համար: Սա ուղղակի Հայաստանի իշխանությունների համար փորձն է հնարավորինս անցնցում Արցախը հանձնել Ադրբեջանին», - ասաց Աբրահամյանը:

Արդյո՞ք Ադրբեջանը ճանաչելով Հայաստանի 29 հազար 800 քառակուսի կիլոմետրը, ետ է գնալու Հայաստանի օկուպացված տարածքներից։ Պաշտպանության հանձնաժողովի նախագահը հստակ պատասխան չտվեց, ընդգծեց, թե ինքը համոզմունք ունի Հայաստանի զինված ուժերի ապագայի նկատմամբ՝ չհստակեցնելով՝ արդյոք խնդրի լուծումը տեսնում է ուժի կիրառմամբ։

«Այն, ինչ որ մերն է, մերն է, և այդ մեր-ի գիտակցումն է, որ բանակը պետք է կարողանա պահի, ժամանակավոր անհաջողությունները, դրանք բոլորը շատ ժամանակավոր են», - ասաց նա:

Պաշտպանության հանձնաժողովի ընդդիմադիր անդամ Տիգրան Աբրահամյանը մինչդեռ վստահ է՝ Ադրբեջանն ամեն ինչ անում է 2021-22 թվականերին Հայաստանից օկպուպացված տարածքներում իր ներկայությունը լեգիտիմացնելու համար։ Ըստ Աբրահամյանի, պարզ չէ՝ ինչպե՞ս և ե՞րբ է կատարվելու սահմանազատումը, օրինակ Սոթք-Խոզնավար կամ Խոզնավար- Տեղ- Կոռնիձոր հատվածում։ Ընդդիմադիր պատգամավորի պնդմամբ, Ադրբեջանն այժմ ուզում է նախ ստանալ Արցախը, հետո Հայաստանի տարածքում գտնվող 8 գյուղերը, այդ թվում՝ Սյունիք տանող մայրուղու վրա գտնվող Տիգրանաշենը՝ նախկին Քյարքին։

Ադրբեջանը այժմ փորձում է որքան հնարավոր է ավելի շատ տարածքների նկատմամբ վերահսկողություն հաստատել, ասում է Աբրահամյանը։

«Թե հետագայում ինչ կլինի, կշարունակվի այդ գործընթացը դելիմիտացիա, դեմարկացիայի, թե չի լինի, դա արդեն որևէ մեկը չի կարող ասել: Նույն ինքը Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ նույն խաղաղության համաձայնագրի կնքումից մեկ շաբաթ հետո կարող է նոր պատերազմ լինել», - ընդգծեց նա:

Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո Եվրոպական խորհրդի նախագահը հայտնել էր, թե կողմերը տեղաշարժ են արձանագրել սահմանագծման հարցում։ Առաջնորդները, մասնավորապես, պայմանավորվել են վերականգնել սահմանային հանձնաժողովների աշխատանքը, ինչպես նաև համաձայնել են, որ սահմանի վերջնական դելիմտացիան պետք է տեղի ունենա բանակցությունների միջոցով:

Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հանձնաժողովները անցած տարի երեք հանդիպում են ունեցել, վերջինը նոյեմբերին էր՝ Բրյուսելում։ Չնայած չորրորդ հանդիպման մասին պայմանավորվածությանը, այն առայսօր տեղի չի ունեցել։

XS
SM
MD
LG