Ժամը 20:40-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների կրակը Կութի և Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ չի դադարում, հայտնում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը:
ՊՆ-ն ավելի վաղ հայտնել է, որ ժամը 19:40-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ականանետ են կիրառում նաև Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Ավելի վաղ, ըստ պաշտպանական գերատեսչության, ադրբեջանական կողմը խոշոր տրամաչափի հրաձգային զենքերից էր կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ։
Պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ հայկական կողմը շարունակում է ձեռնարկել համապատասխան պաշտպանական և կանխարգելիչ միջոցներ:
Իրադրությունը երեկվանից լարված է նաև Սոթքի հատվածում․ երեկ առավոտյան Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ ժամը 6-ից Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հրետանային և ականանետային կրակ են բացել Սոթքի դիրքերի ուղղությամբ, հայկական զինված ուժերը պատասխան գործողություններ են ձեռնարկել: Հայկական կողմը հաղորդել է իր չորս վիրավորների, ադրբեջանական կողմը՝ մեկ զոհի և մեկ վիրավորի մասին:
Այսօր առավոտյան էլ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ ժամը 10-ի սահմաններում ադրբեջանական կողմը Սոթքի ուղղությամբ անօդաչու թռչող սարք է կիրառել, վիրավորվել է ՀՀ ԶՈՒ երկու զինծառայող, նրանցից մեկի վիճակը գնահատվում է ծանր, մյուսինը՝ բավարար:
Ըստ Հայաստանի ռազմական գերատեսչության՝ ժամը 10-ից սկսած լարվածությունն առաջնագծում նվազել է, իրադրությունը հարաբերականորեն կայունացել է:
Պաշտոնական Բաքուն իր հերթին հայկական կողմին է մեղադրում հրադադարի խախտման մեջ: