Մատչելիության հղումներ

Ե՞րբ և ո՞ր կողմի մասնագետներն են սկսելու Անիի կամուրջը վերանորոգելու աշխատանքները


Ախուրյան գետի վրա է Անիի կամուրջը, որի ավերված մի հատվածը հայկական կողմում է, մյուսը՝ թուրքական։ Պատմական հուշարձանը վերանորոգելու մտադրության մասին հայտարարվեց փետրվարին Անկարայում՝ Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարների համատեղ ասուլիսի ժամանակ։

«Ունենք համաձայնություն համատեղ ջանքերով վերանորոգել Անիի կամուրջը, ինչպես նաև հոգ տանել համապատասխան ենթակառուցվածքների մասին՝ սահմանի ամբողջական բացմանն ընդառաջ», - հայտարարել է Արարատ Միրզոյանը:

Առաջին անգամը չէ, որ դիվանագիտական կապեր չունեցող երկու հարևանները հայտարարում են 11-րդ դարի կամուրջը նորոգելու մտադրության մասին։ 2010 թվականին, երբ Հայաստանն ու Թուրքիան դարձյալ փորձում էին կարգավորել հարաբերությունները, Թուրքիայի տնտեսական հիմնադրամը հայտարարեց, թե կվերականգնի այն։ Բայց «ֆուտբոլային դիվանագիտության» էջը փակելուն զուգահեռ այս պայմանավորվածությունն էլ թղթի վրա մնաց։

13 տարի անց, երբ Երևանն ու Անկարան հաշտեցման նոր փուլ են սկսել, հարցը կրկին օրակարգում է հայտնվել, բայց դատելով պետական գերատեսչությունների պատասխաններից՝ որևէ շոշափելի առաջընթաց չկա։ Ե՞րբ են սկսվելու աշխատանքները, արդյոք վերջնաժամկետ կա՞, ո՞ր կողմի մասնագետներն են նորոգելու կամուրջը, ո՞վ է տրամադրելու անհրաժեշտ գումարը, «Ազատության» այս հարցերին արտաքին գերատեսչությունից միայն պատասխանել են. «Այս հարցերը տեխնիկական բնույթի են և ԱԳՆ-ի իրավասությունից դուրս։ Այդուհանդերձ, թուրքական կողմի հետ ձեռք բերված նախնական պայմանավորվածությունների շրջանակներում գործնական ու շոշափելի քայլերի մասին հանրությանը կտեղեկացվի լրացուցիչ»։

Մեր նկարահանման ժամանակ կամուրջի վրա որևէ տեսանելի աշխատանք չէր իրականացվում։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը իր հերթին հայտնել է, որ կամուրջը վերականգնելու նախնական էսքիզային տարբերակը մշակվել է դեռ 2010 թվականին։ Այժմ քննարկվում է մասնագիտական հանձնաժողով ստեղծելու հարցը։ Թե որքա՞ն գումար կպահանջվի, պարզ կդառնա նախագծային և նախահաշվային փաստաթղթերը կազմելուց հետո, ըստ այդմ էլ կհստակեցվի կամրջի վերականգնման ժամկետը։

Հայ-թուրքական սահմանին գտնվող Խարկով գյուղի միակ բնակչի՝ Վահանդուխտ Մելքոնյանի տան բակից Անիի ավերակները պարզ տեսանելի են։ Տարեց կինը լսել է, որ պատմական կամուրջը ցանկանում են վերականգնել։

«Որ որոշել է կառավարությունը, իշխանությունը, ուրեմն մի բան կլինի էլի, ավելի լավ, բացվի մենք էլ կգնանք», - ասաց Մելքոնյանը:

86-ամյա Մելքոնյանը հիշում է՝ երբ Խարկովը դեռ դատարկված չէր ու մոտ 200 ընտանիք էր ապրում, գյուղի կանանցով շատ էին գնում կամրջի մոտ. - «Էնքան եմ եղել, ցախավել ենք գնացել քաղել, բանջար ենք քաղել»:

Անկարայում հնչած հայտարարությունից հետո Վահանդուխտ տատը հաճախ է զանգեր ստանում, հետաքրքրվում են՝ կամուրջը բացե՞լ են.- «Սաղ օր զանգ են տալիս՝ տատի, կամուրջը, ասում եմ՝ բացվել է, արեք գնացեք...., որ ասել են, ուրեմն վռազ բացվե՞լ է, կամուրջի բացվելը, սարքելն էդքան հե՞շտ է»:

Եթե Անիի կամուրջը վերականգնվի, ինքն էլ ողջ լինի, ասում է՝ կգնա սկեսրոջ ծննդավայրը՝ Մուշի Խաս գյուղը տեսնելու։

«Ականջը կանչի, ասում էր՝ ճամփան բացվի, կգնանք, կտանենք քեզ ցույց կտամ: Չգնա՞մ տեսնեմ, Մշո Խաս գյուղը մեր ծնողների ծննդավայրն է եղել», - ասաց Վահանդուխտ Մելքոնյանը:

Միակ բնակիչը կարծում է, որ Խարկովի նկատմամբ հետաքրքրությունը կմեծանա, գյուղն էլ կվերածնվի, եթե տուրիստական շարժ սկսվի կամրջի բացմամբ։ Մինչ այդ պետությանը մի առաջարկ ունի. - «Տներ սարքեն, թող գան ապրեն: Սաղ ուզում են քաղաքում ապրեն, կենտրոն տեղ, բայց կենտրոն տեղ ապրելն էլ.... էկեք մի օր ստեղ ապրեք, տեսնեմ կապրե՞ք: Մի օր չեն ապրի, բայց ես 63 տարի ապրել եմ»:

Վերջերս հայ-թուրքական հարաբերություններում նոր լարվածություն է առաջացել 20-րդ դարասկզբին Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից վրեժ լուծած «Նեմեսիս» գործողության հեղինակների հիշատակին Երևանում կանգնեցված արձանի պատճառով։ Թուրքիան արձանի պատճառով Հայաստանի առջև փակեց իր օդային տարածքը։ Արդյոք կամրջի վերանորոգումն էլ դրանից կտուժի, առայժմ պարզ չէ։ ԿԳՄՍ-ից հայտնում են, թե տեղյակ չեն՝ ինչ է անում թուրքական կողմը կամուրջի վերակառուցման համար։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG