Մատչելիության հղումներ

Հայկական պատվիրակության հետ քննարկմանն թուրքական կողմը չի խոսել «Նեմեսիս» հուշարձանը հեռացնելու մասին. Բաբկեն Թունյան


Անկարայում հայկական պատվիրակության անդամների հետ քննարկմանը թուրքական կողմը չի խոսել «Նեմեսիս» հուշարձանը հեռացնելու մասին, այսօր ճեպազրույցում հայտարարեց Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովին մասնակցած, իշխանական պատգամավոր Բաբկեն Թունյանը։

Անկարայում անցած շաբաթ հանդիպել էին Հայաստանի ու Թուրքիայի խորհրդարանների ղեկավարները, արձանի հարցը ևս քննարկվել էր:

«Հայկական պատվիրակությանը նման բան չի ասվել, որովհետև հայկական պատվիրակության լիազորությունները ու քննարկվող հարցերի շրջանակը հարց տվողները շատ լավ գիտեն ու գիտեն՝ մենք այնտեղ ինչ հարցերով ենք իրավասու խոսել», - ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թունյանը:

Թուրքիայի արտգործնախարարն էր օրերս հայտարարել, թե Երևանին Անկարան ասել է` «եթե արձանը չհանեք, կարգավորում չէ, դեռ մի բան էլ պատասխան քայլեր կանենք»։ Ավելի վաղ Անկարան հայկական կողմի համար փակել էր իր օդային տարածքը՝ որոշումը պատճառաբանելով հենց հայ վրիժառուների արձանի տեղադրմամբ։

«Նշվել է, որ իրենց համար հասկանալի չէ, թե ինչպես կարելի է հարաբերությունների կարգավորման ջանքերի ֆոնին նաև նման հուշարձան բացել, պարոն Սիմոնյանը պատասխանել է, որ՝ եթե կա հարաբերությունները կարգավորելու կամք, ապա չենք կարծում, որ նման իրադարձությունները կարող են խոչընդոտ հանդիսանալ հարաբերությունների կարգավորման համար», - նշեց Բաբկեն Թունյանը:

Մևլյութ Չավուշօղլուն չէր հստակեցրել՝ կոնկրետ ինչ հետևանքներ կարող է ունենալ հուշարձանի տեղադրումը Հայաստանի համար։ Փորձագետները ենթադրում են՝ Անկարան կարող է հետ կանգնել ցամաքային սահմանը 3-րդ երկրների քաղաքացիների ու դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց առաջ բացելու խոստումից։

Անկարայի համար հուշարձանի տեղադրումը պատրվակ է, որ հայ-թուրքական հարաբերությունները չկարգավորվեն, սահմանը չբացվի, կարծում է քաղաքագետ Աննա Գևորգյան-Դավթյանը։ Ըստ նրա՝ նման առիթներ Երևանը չպետք է տար թուրքական կողմին, որի հետ հաշտեցման նոր փուլ է սկսել 44-օրյա պատերազմից հետո։

«Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ մենք նորանոր պատրվակներ պիտի որպես հաղթաթուղթ նվիրենք մի պետության, որի հետ փորձում ենք հիմա կարգավորել մեր հարաբերությունները և փորձում ենք այնպես անել, որ հնարավորինս քիչ առիթ ունենա տարբեր պատրվակներ առաջ բերելու և չբացելու սահմանը, որն ինքն է փակել», - ասաց քաղաքագետը:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն էր հայտարարել էր, որ պայմանավորվածություն կա սահմանը բացել հենց այս տարվա ամռան սկզբին։ Արդյոք այս պայմանավորվածությունը դեռ ուժի մեջ է, «Ազատությունը» պարզաբանում է խնդրել Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից։ Գրավոր հարցմանը գերատեսչությունից դեռ չեն արձագանքել։

Իշխանական պատգամավորներն ասում են, թե տեղյակ չեն գործընթացից։ Այնուամենայնիվ, ըստ Բաբկեն Թունյանի, արձանի տեղադրումից հետո հայ-թուրքական հարաբերություններում առաջացած լարվածությունը հնարավոր է հաղթահարել բանակցություններով, ոչ թե հուշարձանի հեռացմամբ։

«Ազատության» հարցին՝ խմբակցությունում քննարկում չի՞ եղել՝ ճիշտ է հեռացնելը, թե՞ չհեռացնելը, իշխանական պատգամավորը պատասխանեց. - «Այդ հարցի հասցեատերը մենք չենք: Ամեն դեպքում մենք հասկանում ենք, որ այդ արձանի տեղադրումն ու բացումը որոշակի դժվարություններ է առաջացրել, ու կարծում եմ, որ այդ դժվարությունները հնարավոր է լուծել բանակցությունների ու աշխատանքի միջոցով: Ի՞նչ հանգուցալուծում կունենանք, ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, որովհետև այդ թեմայի մեջ բավարար չափով չկամ, բավարար չափով ինֆորմացիա չունեմ: Ոչ, խմբակցությունում այդ հարցը չի քննարկվել»:

անցած շաբաթ «Ազատության» հետ զրույցում արձանի տեղադրում «սխալ» էր համարել վարչապետ Փաշինյանը՝ միաժամանակ ընդգծելով, թե որոշումը կայացրել է քաղաքային իշխանությունը, ոչ թե կառավարությունը։

Երեկ անդրադառնալով Անկարայից հնչող հայտարարություններին՝ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարն ասել էր՝ «Արձանի տեղադրումը Հայաստանի ներքին հարցն է և որևէ մեկն իրավունք չունի դրան խառնվել», իսկ փոխարտգործնախարար Պարույր Հովհանիսյանի գնահատմամբ՝ նման հայտարարությունները պետք է դիտարկել Թուրքիայում ընթացող նախընտրական գործընթացի համատեքստում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG