Մատչելիության հղումներ

Հայաստանը իր մղումների մեջ, հարաբերություններ կարգավորելու մեջ բացարձակ անկեղծ է. Ալեն Սիմոնյան


Հայաստանի առջև փակված օդային տարածքի ու Երևանում «Նեմեսիս» գործողության հուշարձանի տեղադրումը դուրս չեն մնացել Հայաստանի ու Թուրքիայի խորհրդարանների ղեկավարների հանդիպման օրակարգից։

Երեկ Ալեն Սիմոնյանը Մուստաֆա Շենթոփի հետ հանդիպմանը բարձրացրել է Անկարայի կողմից հայկական ավիաընկերությունների համար օդային տարածքը փակելու հարցը և հույս է հայտնել, որ այս հանդիպումը կնպաստի խնդրի լուծմանը: Ըստ հայկական կողմի հաղորդագրության, Շենթոփը պատասխանել է, որ իրենց համար զգայուն և ցավալի հարց է Երևանում «Նեմեսիս» կոթողի բացումը։

«Ցավում եմ, որ հուշարձանի տեղադրումը նման արձագանք է ստացել Թուրքիայում: Ես այս հարցը քննարկել եմ նաև իմ թուրք գործընկերոջ հետ։ Որոշումը կայացվել է տեղական ինքնակառավարման մարմինում, և ես չեմ ցանկանում, որ հուշարձանի տեղադրումն այստեղ ընկալվի որպես Հայաստանի արտաքին քաղաքականության դրսևորում կամ որպես ոչ-բարիդրացիական քայլ։ Հայաստանում պետական արտաքին քաղաքականությունը իրականացվում է վարչապետի և արտգործնախարարի կողմից, և այս մակարդակում կայացված որոշումներին բոլորդ ականատես եք», - ասել է Սիմոնյանն իր թուրք պաշտոնակցի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսի ընթացքում։

Հայաստանի խորհրդրանի նախագահը Շենթոփին հակադարձել է, որ միշտ էլ կարելի է գտնել պատճառներ կանգնեցնելու հայ-թուրքական հարաբերությունները բարելավելու գործընթացը. - «Ես էլ կարող էի հազար տարբեր պատճառ գտնել Թուրքիա չժամանելու համար, բայց ես այստեղ եմ, որպեսզի թուրք հասարակությանն ասեմ, որ Հայաստանը պատրաստ է խաղաղության և հարաբերությունների կարգավորման՝ առանց նախապայմանների»։

Դեռ մինչև Սիմոնյանի՝ Անկարա Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովին մեկնելը Թուրքիայի արտգործնախարարը արձագանքել էր Երևանում «Նեմեսիս» գործողության հուշարձանի տեղադրմանը ու հայտարարել, որ դրա պատաճռով է Անկարան հայաստանյան ավիաընկերությունների համար փակել իր երկրի օդային տարածքը՝ հավելելով, թե այդպիսով հասկացել են, որ Հայաստանն անկեղծ չէ իր հայտարարություններում, թե ցանկանում են կարգավորել հարաբերությունները, և պետք է դադարեցնի «Թուրքիային խաբելու փորձերը»։

«Ես տեսել եմ մի քանի կտոր Արտաքին գործերի նախարարի հարցազրույցից և պետք է ասեմ, որ Հայաստանը իր մղումների մեջ, հարաբերություններ կարգավորելու մեջ բացարձակ անկեղծ է։ Եթե կա քաղաքական կամք, եթե կա որոշում հարաբերությունները հաստատելու, մենք պետք է հասկանանք, որ ճանապարհը հեշտ չի լինելու, բայց այնուամենայնիվ շարժվենք առաջ։ Հույս ունեմ թուրք գործընկերները նույնպես ընդառաջ կգնան, և նոր էջ կբացենք մեր և տարածաշրջանի համար», - նշել է Ալեն Սիմոնյանը։

Թուրքիայի խորհրդարանի նախագահը, որն ընտրություններից հետո ամենայն հավանականությամբ կհեռանա այդ պաշտոնից, իր հերթին լրագրողների հետ այսօր խոսել է հայ-թուրքական նորմալացման գործընթացից՝ նշելով, թե «ադբեջանական տարածքների 30 տարվա օկուպացիայի վերացումը ճանապարհ է բացել խաղաղության համար». - ««Տարածաշրջանային խնդիրները տարածաշրջանի երկրներն իրար մեջ պետք է լուծեն, հակառակ դեպքում ճանապարհ է բացվում այլ երկրների համար, որոնք տարածաշրջանը կփորձեն իրենց շահերից ելնելով ձևավորել։ Ես կարող եմ նշել, որ դրական ու լավ հանդիպում է կայացել։ Սիմոնյանի խնդրանքով առանձին հանդիպում ունեցանք, նա հայտնեց, որ Հայաստանի կառավարությունը և Ազգային ժողովը լավ են տրամադրված կարգավորման գործընթացին և անկեղծորեն աշխատում են այս կարգավորման գործընթացն առաջ տանելու և տարածաշրջանում մնայուն խաղաղության հաստատման ուղղությամբ»:

2020 թվականի պատերազմից հետո հարաբերությունների կարգավորման համար հատուկ բանագնացներ նշանակած Հայաստանն ու Թուրքիան դեռ անցյալ տարվա հուլիսին պայմանավորվել էին բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանգիտական անձնագրով անձանց համար ամենասեղմ ժամկետներում: Դա սակայն մինչ օրս տեղի ունեցել։

Սիմոնյանը Անկարայում ափսոսանք է հայտնել, որ իրեն չի հաջողվել հատել ցամաքային սահմանն Սևծովյան վեհաժողովին մասնակցելու համար։

Արդյո՞ք Հայաստանի համար օդային տարածքի փակմամբ հայ-թուրքական նորմալացման գործընթացը փակուղի է մտել

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի կարծիքով՝ ոչ, ընդհակառակը ըստ նրա, Թուրքիան փորձել է բարձացնել հետագա շփումների գինը. - «Որ հայ-թուրքական գործընթացը Թուրքիայի համար մշտապես եղել է երրորդ երկրների հետ հարաբերության խնդիր, և ամենևին չի հետապնդել անմիջապես Հայաստանի հետ հարաբերության կարգավորման նպատակ։ Կամ այդպիսի նպատակ կարող էր հետապնդել, եթե դա տեղավորվեր հենց այդ երրորդ երկրների հետ հարաբերության անհրաժեշտությունների համատեքստում։ Հիմնական իհարկե Թուրքիա - Ռուսաստան, Թուրքիա - Իրան հարաբերությունների»։

Քաղաքական մեկնաբանը ավելացնում է, որ հայ-թուրքական հարաբերությունների տեսանկյունից մեծ նշանակություն կունենա նաև Թուրքիայում սպասվող ընտրությունների արդյունքը։

XS
SM
MD
LG