Մատչելիության հղումներ

Պուտինը վերստին Արևմուտքին մեղադրում է աշխարհում ատելություն տարածելու համար


ԱՊՀ երկրների ղեկավարները Անմար կրակի հուշարձանի մոտ, Մոսկվա, 9 մայիսի, 2023թ.
ԱՊՀ երկրների ղեկավարները Անմար կրակի հուշարձանի մոտ, Մոսկվա, 9 մայիսի, 2023թ.

Զորահանդեսին ներկա են եղել նախկին խորհրդային 8 երկրների ղեկավարներ

Մոսկվայի Կարմիր հրապարակում մայիսի 9-ին տեղի է ունեցել Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 78-ամյակին նվիրված հանդիսավոր զորահանդեսը: Այն մեկնարկել է ավանդական ընթացակարգով՝ դրոշակակիրների խումբը «Սրբազան պատերազմ» երգի մեղեդու ներքո հրապարակ են բերել Ռուսաստանի պետական դրոշը և 1945 թվականի մայիսին Ռայխստագի վրա 150-րդ Իդրիցի դիվիզիայի զինվորների բարձրացրած Հաղթանակի դրոշը:

Կենտրոնական ամբիոնում զորահանդեսին հետևել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, նախօրեին Մոսկվա մեկնած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն, Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Սադիր Ժապարովը, Էմոմալի Ռախմոնը, Սերդար Բերդիմուխամեդովը և Շավկատ Միրզիոևը:

Զորահանդեսն ընդունողը պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն էր, իսկ հրամանատարը՝ ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար Օլեգ Սալյուկյովը:

Արխիվ
Արխիվ

Սա Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումից հետո անցկացված թվով երկրորդ զորահանդեսն է:

«Մեր հայրենիքի դեմ պատերազմ է»

Ռուսաստանի նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով, որն ուներ երկու առանցքային դրույթ՝ Ռուսաստանը միասնական է և հաղթում է, իսկ ամբարտավան ու նենգ Արևմուտքը մեղավոր է աշխարհի ողբերգությունների համար, ոչնչացնում է ավանդական արժեքները և ցանկանում է մասնատել Ռուսաստանը:

Մոտավորապես 10 րոպե տևած ելույթում Պուտինը պնդել է, որ Ռուսաստանի դեմ պատերազմ են մղում:

«Ինչպես և Հայրենական մեծ պատերազմի տարիներին, այսօր քաղաքակրթությունը վերստին գտնվում է վճռական, շրջադարձային հանգրվանում: Մեր հայրենիքի դեմ պատերազմ են սկսել, բայց մենք կարողացել ենք հետ մղել միջազգային ահաբեկչության գրոհը, կպաշտպանենք նաև Դոնբասի բնակիչներին և կապահովենք մեր անվտանգությունը»,- հավաստիացրել է Պուտինը:

Ռուսաստանի ղեկավարը պնդել է, որ Ուկրաինայի ժողովուրդը դարձել է Արևմուտքի կազմակերպած հեղաշրջման միջոցով իշխանությունը գրաված նացիստական ռեժիմի զոհը:

«Արևմուտքի գլոբալիստական էլիտաները շարունակում են պնդել իրենց բացառիկությունը, պառակտում են հասարակությունները, հրահրում են արյունալի հակամարտություններ և հեղաշրջումներ, սերմանում են ատելություն, ռուսատյացություն, ագրեսիվ ազգայնականություն, որպեսզի իրենց կամքը պարտադրեն ժողովուրդներին»,- ասել է Պուտինը:

Նրա պնդմամբ, Արևմուտքը ցանկանում է ոչնչացնել Ռուսաստանը, վերանայել Երկրորդ աշխարհամարտի արդյունքները, վերջնականապես քանդել համաշխարհային անվտանգության համակարգը և միջազգային իրավունքը և խեղդել զարգացման բոլոր ինքնիշխան կենտրոնները:

Ոչ մի խոսք պատերազմի ծանր ընթացքի մասին

Ռուսաստանի ղեկավարն իր ուղերձում չի խոսել Ուկրաինայում պատերազմի արյունալի և ծանր ընթացքի, հսկայական կորուստների և էական հաղթանակների բացակայության, ինչպես նաև խաղաղ ուկրաինացիների շրջանում հազարավոր զոհերի մասին:

Փոխարենը նա գովեստով է խոսել այսպես կոչված «Հատուկ ռազմական օպերացիայի» մասնակիցների մասին և նրանց անվանել «հերոսներ, ովքեր այսօր պաշտպանում են հայրենիքը»:

Արևմուտքը չի սարսափի ռուսների ուժի ցուցադրումից

Պուտինի այդ ելույթին այսօր արձագանքել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը: Ստրասբուրգում պատասխանելով Եվրախորհրդարանի պատգամավորների հարցերին՝ նա ասել է, թե անհրաժեշտ է շարունակել աջակցությունն Ուկրաինային:

«Այստեղից 2 հազար 200 կիլոմետր հյուսիս-արևելք Պուտինը զորահանդես է անցկացնում իր զինվորներով, հրասայլերով և հրթիռներով: Մենք չպետք է սարսափենք ուժի այդ ցուցադրումից: Եկեք շարունակենք աջակցությունն Ուկրաինային այնքան, որքան կպահանջվի: Ի վերջո մեզնից ոչ ոք չի ուզում, որ Եվրոպայում նորից տիրի ամենաուժեղի իշխանությունը»,- հայտարարել է Շոլցը:

«ԱՊՀ ղեկավարների մասնակցությունը զորահանդեսին՝ անբարոյական քայլ»

Մինչդեռ, Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Հայաստանի վարչապետի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի նախագահների մասնակցությանը Մոսկվայի Կարմիր հրապարակում անցկացված հաղթանակի օրվա զորահանդեսին:

Ուշագրավ է, որ գերատեսչության տարածած հաղորդագրությունում Բելառուսը չի հիշատակվել, հավանաբար, այդպես Կիևը հավասարության նշան է դրել Մոսկվայի և Մինսկի միջև: ԱՊՀ երկրների ղեկավարների մասնակցությունը մոսկովյան զորահանդեսին Ուկրաինան որակել է որպես «անբարոյական» և «ոչ բարեկամական» քայլ:

«Միջազգային հետախուզման մեջ գտնվող Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զորահանդեսի ընթացքում արդարացրել է ուկրաինացիների սպանությունը, ուկրաինական քաղաքների և գյուղերի ավերումը, ուկրաինացի երեխաների առևանգումը և բռնաճնշումներն օկուպացված տարածքների բնակիչների նկատմամբ»,- ասվում է նախարարության հայտարարությունում։

Հայաստանի վարչապետը հանդիպել է հայ վետերանների հետ

Այսօր ԱՊՀ երկրների ղեկավարները զորահանդեսին ներկա լինելուց զատ, նաև հարգանքի տուրք են մատուցել Անհայտ զինվորի հիշատակին և ծաղիկներ դրել Անմար կրակի մոտ:

Հայաստանի, Ռուսաստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ղեկավարները Մոսկվայում մասնակցել են աշխատանքային նախաճաշին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում նաև հանդիպել է Հայրենական մեծ պատերազմի հայազգի վետերաններ Ռոզալիա Աբգարյանին և Ներսես Սիմոնյանին, ովքեր Երևանից մեկնել են Մոսկվա՝ Հաղթանակի զորահանդեսին ներկա լինելու համար:

XS
SM
MD
LG