Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գրասենյակը հաստատել է, որ մայիսի 14-ին Բրյուսելում նախատեսված է Միշելի և Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:
«Նախագահ Միշելը շարունակում է սերտ կապի մեջ լինել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ՝ Հարավային Կովկասում կայունությունը խթանելու և երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված Եվրամիության ջանքերն առաջ մղելու համար», - ասված է հաղորդագրությունում:
Եվրոպական խորհուրդը հայտնում է, որ արդեն կա պայմանավորվածություն հունիսի 1-ին նաև հնգակողմ հանդիպում անցկացնել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի մասնակցությամբ Մոլդովայում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում:
Շառլ Միշելը նաև մտադրություն է հայտնել հրավիրել Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդներին երկրորդ հանդիպումն անցկացնել արդեն հոկտեմբերին Իսպանիայում՝ Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ հավաքի շրջանակում:
«Միշելը, Փաշինյանը և Ալիևը նաև պայմանավորվել են շարունակել եռակողմ հանդիպումները Բրյուսելում այնքան հաճախ, որքան անհրաժեշտ է՝ տեղում ընթացող զարգացումներին և բրյուսելյան հանդիպումների օրակարգային հարցերին անդրադառնալու համար», - հայտնում է Եվրոպական խորհուրդը:
Նախօրեին The Financial Times պարբերականն էր հաղորդել առաջիկա եռակողմ հանդիպման մասին, Հայաստանի կառավարությունից ոչ հաստատել և ոչ էլ հերքել էին այդ տեղեկատվությունը: