Մատչելիության հղումներ

Շատ կարևոր է, որ բանակցային գործընթացն ինքնին վերսկսվել է. Օլեսյա Վարդանյան


«Ազատությունը» տեսակապով զրուցել Միջազգային ճգնաժամային խմբի Հարավային Կովկասի հարցերով ավագ հետազոտող Օլեսյա Վարդանյանի հետ:

«Ազատություն». - Վաշինգտոնյան բանակցությունները առաջընթաց կանվանեի՞ք:

Վարդանյան. - Ամենակարևորն այն է, որ այդ բանակցություններն ընդհանրապես կայացել են, որ տևել են մի քանի օր, որ ամեն ինչ ավարտվել է գոնե ինչ-որ ընդհանուր հայտարարությամբ։ Եվ, ինչպես տեսնում ենք, այս գործընթացը շարունակելու պատրաստակամություն այնուամենայնիվ կա։ Միգուցե ինչ-որ ակնկալիք կար, միգուցե մասնակիցներից կամ նույնիսկ միջնորդներից ոմանք ակնկալիք ունեին, որ այս հանդիպման արդյունքում հնարավոր կլինի ինչ-որ կոնկրետ պայմանավորվածության մասին թեկուզ փոքրիկ հայտարարություն անել։ Բայց, ինչպես տեսնում ենք, դա դեռևս տեղի չի ունեցել։ Ինչ էլ որ լինի, շատ կարևոր է, որ գործընթացն ինքնին վերսկսվել է, և որ այդ բանակցություններն ակնհայտ ինչ-որ կերպ ավելի կառուցվածքային են դարձել, և դրանք շարունակվում են։

«Ազատություն». - Իսկ ինչու՞ դրանք արդյունք չեն տալիս, ի՞նչ առանցքային հարց կա այնտեղ։

Վարդանյան. - Կարծում եմ, վարչապետը ձեր ռադիոկայանին տված հարցազրույցում դա շատ լավ բացատրեց։ Որովհետև այս բանակցություններն ընդգրկում են միանգամից մի քանի բավական բարդ հարցեր, և դրանցից յուրաքանչյուրի շուրջ ակնթարթային համաձայնության գալ հնարավոր չէ։ Եթե մոտեցումը մնա այնպես, ինչպես հիմա է, այն է՝ միանգամից խոսել ամեն ինչի մասին, հետո հայտարարել ինչ-որ համապարփակ պայմանավորվածությունների մասին, ապա, հավանաբար, մենք դեռ երկար ժամանակ որևէ կոնկրետ բան չենք լսի։

«Ազատություն». - Հայաստանի վարչապետն ասում է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի անգամ նվազագույն ինքնավարությանը համաձայն չէ: Այդ դեպքում ի՞նչ միջազգային մեխանիզմ կընդունի Բաքուն ընդհանրապես:

Վարդանյան. - Հենց հիմա այն պահն է, երբ միջազգային միջնորդներն ավելի ինտենսիվ կմտնեն այս բոլոր գործընթացների մեջ։ Երբ Ադրբեջանը Լաչինի ճանապարհին անցակետ դրեց, ինձ թվում է, բոլորը ուշադրություն են դարձրել, որ, օրինակ, Եվրամիության կամ այլ միջնորդների հայտարարություններում շեշտը դրվեց տեղի հայ բնակչության անվտանգության և իրավունքների հարգման անհրաժեշտության վրա։ Կարծում եմ, որ սա ազդանշաններից մեկն է, որ այժմ բանակցային գործընթացը գնում է դեպի այն, որ միջազգային միջնորդներն անմիջապես իրենց խոսքն ասեն, թե ինչ մասնակցություն են տեսնում Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցող այս քննարկումներին՝ անմիջապես կապված Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ապագայի հետ:

«Ազատություն». - Իսկ կա՞ այդպիսի մեխանիզմ, որը կպաշտպանի հայերին։

Վարդանյան. - Գիտեք, այս աշխարհում հարյուր տոկոսանոց ոչինչ չկա: Դուք տեսնում եք, որ Ուկրաինայում պատերազմ է, և նույնիսկ 2014 թվականին Ռուսաստանը բռնակցեց Ղրիմը, չնայած, որ համեմատաբար ոչ հեռու անցյալում ստորագրել էր ինչ-որ համաձայնագիր, որը երաշխավորում էր, ի թիվս այլ բաների, Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։ Այսպիսով, այս աշխարհում հարյուր տոկոսանոց ոչինչ չկա։ Բայց դա չի նշանակում, որ բանակցային գործընթացներ չպետք է իրականացվեն։ Եթե գործը դրան հասներ, նույնիսկ Հայաստանի և Ադրբեջանի միջև ներկայիս բանակցությունները տեսականորեն չպետք է տեղի ունենային։ Միջազգային համակարգն, անշուշտ, այժմ հատկապես մեծ խնդիրների է բախվում՝ կապված Ուկրաինայում ընթացող պատերազմի հետ։ Այսինքն՝ շատ դժվար է գտնել ինչ-որ մեխանիզմ կամ որոշակի երաշխիքներ, որոնք մի կողմից կբավարարեն հակամարտող կողմերին, իսկ մյուս կողմից՝ կարող են աշխատել երկարաժամկետ հիմունքներով։ Եվ, հավանաբար, կա այսպիսի ճշմարտություն, որ ոչ մի երաշխիք, նույնիսկ միջազգային ներկայությունը կամ որևէ կոնկրետ խաղաղապահ ուժի առկայությունը իրականում արդյունավետ չի լինի, եթե չկա համաձայնություն և հանձնառություն, այսինքն՝ ստորագրողների կողմից կանոնները պահպանելու պատրաստակամություն։ Այսպիսով, ներկա համատեքստում ամեն ինչ շատ երերուն է: Եվ ես հասկանում եմ, որ սա, իհարկե, վանում է մարդկանց, որոնք պատրաստ չեն վստահել այս կամ այն երկրին կամ միջազգային այս կամ այն ինստիտուտին։ Բայց այլ ճանապարհ պարզապես չկա։ Կողմերը ստիպված են լինելու աշխատել այս ուղղությամբ, ստիպված են լինելու որոշ փոխզիջումներ փնտրել։ Լավ կլիներ, որ կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները ստանային այնպիսի երաշխիքներ, որոնք գոնե որոշ ժամանակ աշխատեին։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG