Մատչելիության հղումներ

«Պոլիգրաֆի» ներկայացուցիչների խոսքով՝ խուզարկության ընթացքում ոստիկանները ծեծել են ու ծաղրել


Թմրամիջոցների շրջանառության գործով ձերբակալվել է Երևանի «Պոլիգրաֆ» գիշերային ակումբի 4 աշխատակից, հաղորդում է Քննչական կոմիտեն։ Նշվում է, որ ակումբում ապօրինի իրացվել են «Մեթամֆետամին», «Էքստազի», «LSD» և այլ տարբեր տեսակի թմրամիջոցներ։ Ըստ Քննչականի՝ ապրիլի 23-ին ակումբում խուզարկություն է կատարվել, որի ընթացքում հայտնաբերվել և վերցվել են նաև փաթեթավորված տարբեր անհայտ զանգվածներ։

«Այս պահին քննություն է իրականացվում, նշանակված են փորձաքննություններ՝ այդ հայտնաբերված զանգվածների բաղադրությունը պարզելու նպատակով», - փոխանցեց ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Մինչ իրավապահները թվարկում են ակումբում հայտնաբերված թմրանյութերն ու դրանց օգտագործման համար նախատեսված իրերը, «Պոլիգրաֆի» ներկայացուցիչները բարձրաձայնում են խուզարկության ընթացքում կիրառված բռնությունների մասին։ Ակումբը հայտարարում է, որ ոստիկանների գործողություններն ուղեկցվել են դաժան ծեծով, թե՛ այցելուներին, թե՛ աշխատակիցներին պառկեցրել են հատակին, բռնի ուժով տարել ոստիկանական բաժանմունք, որտեղ խուզարկելու համար մերկացրել են, ծեծել ու ծաղրել։

«Երկու դիմակավորված անձ վրայովս վազում էին այս կողմ, այն կողմ, մեկը հարվածել է գլխիս իր բածինկով, մյուսը՝ մեջքիս, հետո մի ոստիկան քաղաքացիական հագուստով ոտքը դրել էր մեջքիս վրա», - «Ազատությանը» պատմեց Արա Աբրահամյանը, ով ևս «Պոլիգրաֆում» ոստիկանական գործողության ժամանակ այնտեղ է եղել կնոջ հետ։ Նրա փոխանցմամբ՝ ոստիկանության բաժանմունքում պահվել են շուրջ 6 ժամ։

Հարցերը, հիմնականում, ըստ Աբրահամյանի, եղել են թմրամիջոցների շրջանառության մասին. - «Ինձ հարցնում էին՝ գիտե՞իք, որ այնտեղ ազատ վաճառք է»։

Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ խուզարկությունից հետո ոստիկանության բաժին է տեղափոխվել 41 անձ։ Վերջիններս որպես ձերբակալված հարցաքննվել են, ապա ազատ արձակվել։

Ակումբը հրապարակել է ենթադրաբար ոստիկանական ներխուժման տեսանյութը։ Դրանում երևում է, թե ինչպես են հատուկ ջոկատայինները հարվածում, ինչպես նաև գետնին գցում մուտքի մոտ գտնվողներին։

Ակումբի աշխատակիցներից մեկն իր սոցիալական ցանցի էջում ներկայացրել է տեղի ունեցածը. - «Ենթարկվել եմ ֆիզիկական բռնության, ստացել եմ մտադրված հարվածներ ոստքիս ազդրի հատվածին։ Մի քանի անգամ խնդրել եմ, որ շտապ օգնություն կանչեն, խնդրել եմ ձեռքերս վերև պահեմ, մենակ թե նստեմ, խնդրել եմ ջուր խմեմ, որովհետև ցավին չէի դիմանում էլ, բայց ի պատասխան ստացել եմ՝ «չես մեռնի» արտահայտությունը, մի շարք հայհոյանքներ ու սպառնալիքներ»:

Ակումբում եղած այլ անձինք ևս պատմել են տեղի ունեցածի մասին. - «Ուրեմն ներս լցվեցին գոռոցներով ու ավտոմատներով մոտ 40-ից ավելի դիմակավորված անասուններ, ոտքով հարվածեցին կողքիս ու բռնի ուժով գետնին պառկեցրին, որից հետո սկսեցին առանց որևէ բացատրություն տալու մեզ վիրավորել, նվաստացնել ու հայհոյել։ Էդ ամբողջ ընթացքում մենք գետնին պառկած ենք եղել մոտ մեկ ժամից ավելի ու իրավունք չունեինք գլուխներս բարձրացնելու կամ ինչ-որ բան ասելու։ Մեզ ծաղրում էին, տարբերվող արտաքին ունեցող մարդկանց կանգնեցնում էին ու հայհոյում, մեկ ժամ հետո մեզ կանգնեցրին և խուզարկեցին, իմ մոտ ոչինչ չհայտնաբերելուց հետո տեղափոխեցին բաժին, բոլորիս մի մեքենայի մեջ»։

«Եկել են մի քանի աղջիկներ, ովքեր բացարձակ չունեին կանացի սոլիդարություն ու ասել են, որ պետք է ամբողջությամբ հանվենք, որպեսզի մեզ խուզարկեն, այն դեպքում, երբ խուզարկություն կատարվել էր արդեն ակումբում», - նշել է ակումբի աշխատակիցներից մեկն իր սոցիալական ցանցում։

Արդեն 4 տարի գործող ակումբի հիմնադիր Դավիթ Սուքիասյանը հերքում է, թե իրենք «Պոլիգրաֆում» թմրամիջոցների իրացմամբ են զբաղվել. - «Մեր անվտանգության աշխատակիցները ինտենսիվ բոլոր սրահներում հսկում են, որպեսզի որևէ անօրինական պրոցես տեղի չունենա, ու եթե նկատում ենք կասկածելի ինչ-որ բան, մենք առանց դրան իրավական գնահատական տալու տվյալ մարդկանց հեռացնում ենք ակումբի տարածքից։ Մենք չենք կարող հասկանալ՝ կամայական սիտուացիայում էս մարդը ինչ գործունեությամբ է զբաղված, որովհետև մենք չունենք այդ իրավական ուժը»։

Ոստիկանության բարեփոխումների գործընթացում նախկինում ներգրավված «Իրազեկ քաղաքացիների միավորման» ղեկավար Դանիել Իոաննիսյանը հակաօրինական է համարում ոստիկանների վարքը։ Ըստ նրա՝ թմրանյութեր հայտնաբերելու նպատակը չի արդարացնում մարդկանց խոշտանգելու, ծեծելու փաստը։

«Չի կարելի գործել հանցագործություն մեկ այլ հանցագործություն բացահայտելու համար», - ասում է նա՝ ընդգծելով՝ կա թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարելու պահանջ, սակայն ոստիկանությունը չի կարողանում դա իրականացնել օրինական եղանակներով. - «Դա իրենց կարողությունների բացակայության արդյունքն է»։

Քննչական կոմիտեից այսօր փոխանցեցին, որ ոստիկանների գործողությունների վերաբերյալ պատշաճ հաղորդագրություն դեռ չեն ստացել։ «Պոլիգրաֆում» տեղի ունեցածն այսօր քննարկվեց նաև խորհրդարանում։ Ներքին գործերի փոխնախարարը նշեց, որ ոստիկանների գործողությունների վերաբերյալ ծառայողական քննություն կլինի, եթե նման հիմքեր լինեն։

Թմրամիջոցների շրջանառությանը Ազգային ժողովում 2 ամիս առաջ անդրադարձել էր նաև ներքին գործերի նախարարը։ Իրավիճակը մտահոգիչ գնահատելով՝ Վահե Ղազարյանը հաղորդել էր, որ այս տարվա առաջին 3 ամիսների ընթացքում արձանագրվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 324 դեպք։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG