Մատչելիության հղումներ

Չնայած տուգանքներին՝ Թուրքիայի անկախ ԶԼՄ-ները կարծում են՝ ընտրություններին իրենց վերահսկել չի ստացվի


Թուրքական «Դոկուզ Սեյկիզ» լրատվական պորտալն իր թղթակիցների մեծ ցանցով մայիսին կայանալիք նախագահական ընտրությունները լուսաբանող անկախ հարթակներից մեկն է։ Նախորդ ընտրությունների ժամանակ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խստորեն վերահսկում էր ԶԼՄ-ները, բայց հիմա, պորտալի գլխավոր խմբագիր Գյոկհան Բիջիջիի համոզմամբ, չի ստացվի։

«Ընդդիմադիր կամ անկախ մեդիան աճել է և մեծացրել իր ազդեցության ոլորտը։ Ես կարող եմ ասել ավելին՝ դիտումների առումով ընտրության օրը անկախ կազմակերպությունների լսարանը և հետևորդները շատ ավելի շատ կլինեն, քան հիմնական լրատվամիջոցներինը։ Հետևաբար, կառավարության՝ մենաշնորհ հաստատելու ջանքերը ձախողվեցին, նրանք պարտվեցին», - նշում է նա։

Բայց լրատվամիջոցները կարգավորող պետական մարմինը ավելի է մեծացնում տուգանքները անկախ լրատվամիջոցների նկատմամբ, ինչի հետևանքով լրագրողական 20 միջազգային կազմակերպություններ վերջերս դատապարտեցին Թուրքիայի իշխանություններին։

«Եթե ոլորտը կանոնակարգելու պարտավորվածություն կա, այն չպետք է զենք դառնա քննադատող հեռուստաընկերությունների դեմ այս վճռորոշ ընտրություններից առաջ», - ասում է Փարիզում տեղակայված «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության Թուրքիայի ներկայացուցիչ Էրոլ Օնդերօղլուն։

Իշխանությունը հերքում է, թե պետական կարգավորող մարմինը կողմնակալ է։ Մինչդեռ «Հալկ» անկախ հեռուստաընկերությունը հայտարարում է, որ տուգանքները դարձել են սովորական մի բան, ինչի հետևանքում ընտրություններից առաջ ալիքը կարող է կանգնել փակման վտանգի առաջ։

«Նրանք մեր հաղորդումներում միշտ կարող են գտնել տուգանքի մի առիթ՝ մի նախադասություն, մի հարցազրույց կամ հայտարարություն։ Ահա թե ինչու ենք մենք միշտ զգոն։ Միշտ անընդհատ սպասման մեջ ենք։ Մենեջերներն ու լրագրողները պատասխանատու են այս ալիքը բաց պահելու համար։ Մենք պատասխանատու ենք այդ տուգանքները կանխելու համար, որպեսզի այս ալիքը չփակվի», - նկատում է «Հալկ»-ի գլխավոր խմբագիր Բենգյու Սապ Բաբաիքյարը։

Չնայած տուգանքներին ու փակման վտանգին՝ «Հալկ»-ի նման ալիքները մեծ լսարան են գրավում՝ լուսաբանելով, օրինակ, փետրվարյան ավերիչ երկրաշարժից հետո կառավարության թերացումները, որոնց մի մասը նույնիսկ Էրդողանը ընդունեց։

Փորձագետներն ասում են, որ քննադատական, բայց արդար լուսաբանումը ընտրություններին ընդառաջ նպաստել է անկախ լրատվամիջոցների վարկանիշի աճին։

«Մենք չէինք լսի կառավարության թերացումների մասին, եթե չլինեին լրատվամիջոցները։ Նրանք իսկապես շատ լավ լուսաբանեցին։ Եվ լավ լուսաբանումը ինքնին բավարար է։ Պարտադիր չէ, որ լինի միայն ընդդիմադիր կողմի տեսակետը կամ ընդդիմադիր քաղաքական գործիչներին լսելի դարձնելը։ Այս լուսաբանումն ազնվորեն արձանագրում է՝ ինչ է տեղի ունենում տեղում, և սա շատ կարևոր է ընտրության օրը ևս», - ընդգծում է Պոլիտիկյոլ լրավական կայքի սյունակագիր Սեզին Օնեյը։

Ընտրություններից առաջ Թուրքիայում նոր անկախ հեռուստալիքներ են բացվել, մի շարք լրագրողներ, ովքեր թողել էին լրագրությունը, վերադարձել են լրատվամիջոցներ՝ լուսաբանելու ընտրությունները, որոնք բոլորի գնահատմամբ՝ ամենակարևորներից են Թուրքիայի հանրապետության ողջ պատմության մեջ։

XS
SM
MD
LG