Նախօրեին Ռուսաստանում Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսին Մոսկվայի Լեֆորտովոյի բանտում այցելել է լրտեսության համար մեղադրվող The Wall Street Journal հանդեսի ամերիկացի լրագրող Էվան Գերշկովիչին:
«Մենք առաջին անգամ ստացանք ապօրինաբար ձերբակալված Էվանին տեսակցելու հնարավորություն: Նա իրեն լավ է զգում, ամուր է: Նորից կոչ ենք անում ազատել Էվանին», - Լեֆորտովոյից դուրս գալուց հետո հայտարարել է Թրեյսին:
Ռուսները լրագրողին ձերբակալել են Եկատերինբուրգում մարտի 30-ին և փոխադրել են Մոսկվա, որտեղ նույն օրը Լեֆորտովոյի շրջանային դատարանը դռնփակ նիստում խափանման միջոց է ընտրել կալանքը: Ամբաստանյալը մեղքը չի ընդունել:
Ըստ ռուսական կողմի, Գերշկովիչը ձերբակալվել է Եկատերինբուրգում գաղտնի տեղեկություն հայթայթելու փորձի պահին:
«Հաստատվել է, որ Էվան Գերշկովիչն ամերիկյան կողմի հանձնարարությամբ հավաքել է Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի հիմնարկներից մեկի մասին պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ», - հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը:
The Wall Street Journal հանդեսը կտրականապես հերքել է իր թղթակցին վերագրվող արարքը և պահանջել է ազատել նրան: Գերշկովիչը մինչև մայիսի 29-ը կպահվի Լեֆորտովոյի նախաքննական մեկուսարանում:
Քննիչներ գործը հարուցել են Ռուսաստանի Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով՝ «Լրտեսություն»: Գործը մատյաններում գրանցվել է «Հույժ գաղտնի» նշումով:
Մինչդեռ, ամերիկյան կողմը դատապարտել է լրագրողին ձերբակալելու փաստը և պահանջում է ազատել նրան: Երեկ ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների նախաձեռնությամբ ավելի քան 40 պետություններ ստորագրել են համատեղ ուղերձ, որով պահանջել են ազատել Գերշկովիչին:
Նամակը ՄԱԿ-ում ընթերցել է Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը:
«Այս վերջին ձերբակալության վերաբերյալ բողոքներ են հայտնել թե՛ ռուսական և թե՛ միջազգային լրատվական շրջանակները: Ռուսաստանում անկախ մեդիա դաշտի մի խումբ անվանի գործիչներ բաց նամակ են ստորագրել և ձերբակալությունն անվանել են «անհեթեթ և անարդար»: Մենք շարունակելու ենք առաջ տանել աշխարհում մամուլի ազատության և լրագրողների անվտանգության գաղափարը: Կոչ ենք անում Ռուսաստանի Դաշնությանն անհապաղ ազատ արձակել քաղաքական հիմնավորումներով ձերբակալված բոլոր անձանց և վերջ տալ խոսքի ազատության դեմ ուղղված դաժան բռնաճնշումներին, այդ թվում՝ լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ հալածանքներին», - ասվում է նամակում, որն ընթերցել է Լինդա Թոմաս-Գրինֆիլդը:
Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովն ասել է, թե առայժմ վաղ է քննարկել Գերշկովիչին ԱՄՆ-ում բանտարկված ռուսաստանցիներից մեկի հետ փոխանակելու հնարավորությունը:
Գերշկովիչի ընտանիքը Խորհրդային Միությունից 1979 թվականին է արտագաղթել: Ապրիլի 5-ին նա ռուսերեն լեզվով նամակ է գրել ծնողներին, շնորհակալություն է հայտնել աջակցության համար և հույս հայտնել՝ «գուցե մի օր մի լավ բան կգրեմ»: