Ռուսաստանում մեղադրանք է առաջադրվել Wall Street Journal-ի լրագրող Էվան Գերշկովիչին լրտեսության համար։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Լրագրողը կտրականապես հերքել է բոլոր մեղադրանքները և հայտարարել, որ Ռուսաստանում լրագրողական գործունեությամբ է զբաղվել։
Գերշկովիչը Եկատերինբուրգում ձերբակալվել է մարտի 30-ին, նույն օրը Մոսկվայի դատարանը նրան մինչև մայիսի 29-ը կալանքի տակ պահելու որոշում է կայացրել։
Անվտանգության դաշնային ծառայությունը պնդում է, թե նա, «գործելով ամերիկյան կողմի ցուցումներով, գաղտնի տեղեկություններ է հավաքել ռուսական ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններից մեկի մասին»։ Մեղադրանքը հաստատվելու դեպքում լրագրողին մինչև 20 տարվա ազատազրկում է սպառնում։
Գործընկերների խոսքով՝ լրագրողը Եկատերինբուրգ էր մեկնել` հետաքննելու, թե ինչպես է «Վագներ» մասնավոր ընկերությունը հավաքագրում տեղի բնակիչներին` Ուկրաինայի դեմ պատերազմում ներգրավելու համար:
ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Ջոն Քիրբին անցած օրերին հայտարարել է, որ Վաշինգտոնը գործադրում է բոլոր ջանքերը The Wall Street Journal-ի թղթակցին ազատելու ուղղությամբ։