Մատչելիության հղումներ

Ի՞նչ պայմաններում է գյումրեցի Գևորգ Մարգարյանը հայտնվել Դոնեցկում ու զոհվել ռազմի դաշտում


Ռուս-ուկրաինական ճակատից հազարավոր կիլոմետրեր հեռվում՝ Սիբիրի բանտերից մեկում պատիժը կրող գյումրեցի Գևորգ Մարգարյանը հարազատների համար անհայտ պայմաններում հայտնվել է Դոնեցկում ու զոհվել ռազմի դաշտում։ 27-ամյա Գևորգի մահվան լուրը հարազատներն օրեր առաջ են ստացել, մինչդեռ դեպքը տեղի է ունեցել երեք ամիս առաջ։ Հարազատներն ասում են՝ Ռուսաստանի իշխանություններն են մարմինը Հայաստանին փոխանցել։ Երեկ նրան հողին են հանձնել։

«Էդքան վախտ մնացել ա, ու տեղեկությունը էս երեք օրվա ընթացքում ենք իմացել: Հեռախոսով ուղարկին էդ գրությունը, որ ձեր տղային տարել են Ուկրաինա կռվի, մահացել ա արդեն, ուղարկում ենք Հայաստան: Ամուսինս էլ գնաց, Երևանից բերինք», - ասաց մայրը:

Ինչպե՞ս, ի՞նչ պայմաններում, ինչո՞ւ է Չիտայի բանտում պատիժը կրող Մարգարյանը հայտնվել ռազմի դաշտում՝ ընտանիքին հայտնի չէ։ Ծնողներին միայն մահվան վկայականն ու անձնագիրն են փոխանցել։ Մահվան վկայականում նշված է, որ «Հայաստանի քաղաքացի Գևորգ Մարգարյանը հունվարի 23-ին զոհվել է Ռուսաստանի Դաշնության Դոնեցկի Հանրապետության Արտյոմովսկի շրջանի Արտյոմովսկ քաղաքում»։

Մայրը՝ տիկին Կարինեն, պատմում է՝ որդին 2016-ին արտագնա աշխատանքի էր մեկնել Չիտա, ինչ-որ պատմության մեջ է ընկել ու յոթ տարվա ազատազրկման դատապարտվել։ Պատժի ավարտին մի քանի ամիս էր մնացել։ Մայրն ասում է՝ հեռախոսով միշտ խոսել է տղայի հետ, վերջին անգամ Գևորգն ասել է, որ իրեն կալանավայրից վեց ամսով զորավարժության են տանելու, բայց չի ասել, թե՝ ուր։ Այս զրույցից հետո կես տարի որդուց լուր չեն ունեցել, երեք օր առաջ մահվան բոթն են լսել:

«Շատերն ուղղակի այլընտրանք չեն ունենում»

Բազմաթիվ հաղորդումների համաձայն, ռուս կալանավորներին հավաքագրում է «Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունը, որը ղեկավարում է նախագահ Պուտինի մերձավոր Եվգենի Պրիգոժինը։ Իրավապաշտպանների տվյալներով՝ անցած մեկ տարում նա ավելի քան 50 հազար դատապարտյալի է պատերազմի տարել, շատերը զոհվել են ռազմի դաշտում, ոմանք անհետ կորել, ոմանք էլ շարունակում են կռվել։ Արդյոք գյումրեցի տղամարդուն էլ է «Վագները» հավաքագրել, Գևորգը ինքնակա՞մ է գնացել, թե՝ հարկադրել են, պարզ չէ։

«Թոնգ Ջահոնի» միջազգային իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչը փաստում է՝ շատերն ուղղակի այլընտրանք չեն ունենում. «Եթե նախկինում կալանավորներին վախեցնում էին, ծեծում էին, բռնության էին ենթարկում, որ նրանք ստորագրեն այդ համաձայնագիրը, ապա հիմա ոչինչ չի արվում, գալիս է ավտոզակը խցկում է նրանց մեքենայի մեջ ու տանում է ռազմաճակատ»։

Կազմակերպության նախագահ Վալենտինա Չուպիկը «Ազատության» հետ զրույցում պնդեց՝ Ռուսաստանի իշխանությունները միտումնավոր են թիրախավորում միգրանտներին, հստակ իմանալով, որ նրանք խոցելի են և պաշտպանված չեն Ռուսաստանի հողում։

«Կալանավորները, ովքեր դեռ չեն ընկել այդտեղ, զանգում ասում են՝ «փրկեք մեզ, մենք չենք ուզում այնտեղ հայտնվել, մենք գիտենք, որ մեզ Ուկրաինա են ուղարկում»։ Նրանք Ռուսաստանի քաղաքացիներ չեն, չունեն նաև կեցության իրավունք, նրանք ունեն պատժաչափ, հետևաբար ավելի խոցելի են, նրանք ամբողջովին գտնվում են պետության վերահսկողության տակ, դրա համար ավելի հեշտ է լցնել ավտոզակն ու տանել», - նշեց Վալենտինա Չուպիկը։

Իրավապաշտպանին անցած ամիսներին նաև հայ միգրանտներ են դիմել՝ օգնության խնդրանքով

Իրավապաշտպանին անցած ամիսներին նաև հայ միգրանտներ են դիմել՝ օգնության խնդրանքով։ Համացանցում նաև մի տեսանյութ էր տարածվել, որում Հայաստանի քաղաքացուն փորձում էին ստիպելով պատերազմ տանել։

«Դրանք ռեալ մարդիկ են, ում փորձել են քշել ռուսական բանակ։ Գիտեմ հայ քաղաքացու ժամանակավոր կեցության իրավունքով, նրա մասին տեսանյութը տարածվել էր Youtube-ում, թե ինչպես են իրեն ստիպում ստորագրել համաձայնագիրը, իսկ նա ասում է՝ «ես Ռուսաստանի քաղաքացի չեմ, ինչո՞ւ պետք է համաձայնագիրը ստորագրեմ», իրեն ասում են՝ «դու սև ես, դու ստիպված ես», - պատմեց նա:

Իրավապաշտպանի խոսքով, միգրանտներին նաև փորձում են Ուկրաինայի գրավյալ տարածքներ տանել՝ հարկադրելով մասնակցել վերականգնողական աշխատանքներին։ Ոմանց գայթակղում են, թե Ռուսաստանի քաղաքացիություն կտան, ոմանց՝ բարձր աշխատավարձ խոստանում, հետո՝ խաբում։

«Հայ միգրանտների մի խումբ էլ զանգել է, թե գնանք Լուգանսկ աշխատանքի, ասացի՝ ոչ մի դեպքում», - ներկայացրեց Վալենտինա Չուպիկը։

Իրավապաշտպանը մի դեպք էլ պատմեց, թե ինչպես են խաբել միգրանտներին իբրև աշխատանքի են տանում, որը կատարվելու է Մոսկվայի մերձակա շրջաններից մեկում։ Ժամեր անց, սակայն, ավտոբուսը կանգ է առել ռուսների կողմից օկուպացված Մարիուպոլում։

«Օգտվելով նրանից, որ միգրանտները չգիտեն աշխարհագրություն ո՛չ Ռուսաստանի, ո՛չ Ուկրաինայի, նրանց ասել էին հիանալի թաղամաս է՝ մոսկովյան շրջանում, գնում ենք Մարիուպոլ։ Նրանք հասկացան, որ ինչ-որ բան այն չէ, երբ իրենց ավտոբուսների պատուհաններից տեսել էին ավերված տներ։ Նրանք հասկացան, որ գնացել են ոչ այնտեղ, ուր ասել էին ու սկսեցին մեզ զանգել, թե՝ «ի՞նչ անենք, մի՞թե սա մոսկովյան շրջան չէ, սա ի՞նչ է, ո՞ւր ենք ընկել»։ Խաբվելու այսպիսի տարբերակներ էլ կան», - ասաց նա։

Այս դեպքը, ըստ իրավապաշտպանի, անցած հոկտեմբերին է եղել։ «Ազատությանը» ևս առնվազն 3 դեպք է հայտնի, երբ Հայաստանի քաղաքացին զոհվել է ռուս-ուկրաինական պատերազմում։ Նրանց հարազատները, սակայն հրաժարվում են խոսել այդ մասին։ Մարգարյաններն էլ բազմաթիվ հարցեր ունեն, բայց չգիտեն ում դիմեն, որ իմանան՝ ինչպես և որտեղ զոհվեց իրենց որդին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG