Մատչելիության հղումներ

Մոսկվան ակնկալում է, որ ՀԱՊԿ-ի հետ Երևանի գործակցության բնույթի վերաբերյալ «վնասակար քննարկումները» կդադարեն


ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզին, արխիվ
ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզին, արխիվ

Մոսկվան ակնկալում է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) մյուս անդամների հետ Երևանի փոխգործակցության բնույթի վերաբերյալ «վնասակար քննարկումները» կդադարեն, և այդ կապակցությամբ ծագած հարցերը կառուցողական լուծում կստանան։ Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ ոչ թե Հայաստանն է դուրս գալիս ՀԱՊԿ-ից, այլ գուցե ՀԱՊԿ-ն է լքում Հայաստանը, Գալուզինն ասել է․ - «Հուսով ենք, որ «ով որտեղից է գալիս» թեմայով վնասակար քննարկումները կդադարեն, և ՀԱՊԿ շրջանակներում Երևանի հետ փոխգործակցության բոլոր հարցերը, այդ թվում՝ կազմակերպության դիտորդական առաքելության՝ Հայաստանի տարածքում տեղակայումը, կլուծվեն կառուցողական ու փոխշահավետ ձևով»։

Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի տեղակալը վերահաստատել է դաշինքի պատրաստակամությունը՝ Հայաստանի անվտանգության ապահովման շահերից ելնելով հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու, ինչպես նաև ՀԱՊԿ խորհրդի նախագծում ամրագրված Հայաստանին աջակցելու ծրագիրը: «Մենք պատրաստ ենք այս աշխատանքին ճիշտ նույն չափով, որքան ինքը Հայաստանը», - ասել է Գալուզինը RTVI-ին տված հարցազրույցում։

Երևանը չի ստորագրել աջակցության նախագիծը՝ այն ուղարկելով լրամշակումների։ Հայաստանը ՀԱՊԿ-ից ակնկալում է նախ գնահատական տալ Ադրբեջանի կողմից իր տարածքների օկուպացիային։

Ամիսներ շարունակ ՀԱՊԿ-ի հասցեին հնչող դժգոհություններից հետո Հայաստանը մարտի սկզբին հայտարարեց, որ հրաժարվում է ռազմաքաղաքական դաշինքում գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից։ Ավելի ուշ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց՝ Երևանը հաճույքով կստանձի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնը, եթե դրանով նշանակի Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովմանը ևս մի գործոն ավելացնել։ «Եթե դա դա չի նշանակելու, մենք նման քայլ անելու իմաստ չենք տեսնում», - ասաց Փաշինյանը՝ միևնույն ժամանակ շեշտելով՝ ՀԱՊԿ-ը ցանկանալով, թե չցանկանալով դուրս է գալիս Հայաստանից և «դա մեզ անհանգստացնում է»։

XS
SM
MD
LG