Մատչելիության հղումներ

Պղնձամոլիբդենայինում սպանությունն ադրբեջանցիների կողմից կատարված լինելու վերաբերյալ ՔԿ-ն տվյալ չունի


Քրեական վարույթ է նախաձեռնվել Կապանի Շղարշիկ բնակավայրում գտնվող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) պահակակետում 56-ամյա տղամարդու սպանության դեպքով, տեղեկացնում է Քննչական կոմիտեն։

Քրեական գործը հարուցվել է սպանության, ինչպես նաև ապօրինի կերպով հրազեն, պայթուցիկ նյութ կամ պայթեցման սարք ձեռք բերելու, պահելու կամ կրելու հատկանիշներով։

Ըստ Քննչական կոմիտեի՝ դեպքի մասին ահազանգը ստացվել է երեկ ժամը 18։10-ին Կապանի բժշկական կենտրոնից, որ Կապան համայնքի հիշյալ պահակակետում մահացած տղամարդու մարմին կա, որի վրա առկա են հրազենային վնասվածքներ:

Կոմիտեն նշում է, որ դեպքի վայրի զննությամբ ընկերության պահպանության 2-րդ խմբի հենակետում՝ շարժական տնակի դիմաց, հայտնաբերվել է 56-ամյա տղամարդու դին՝ հրազենային վիրավորումներով:

Դեպքի վայրից վերցվել են նմուշներ, երկփողանի հրացան, որը հայտնաբերվել է տնակի մեջ, ինչպես նաև քննությանը հետաքրքրող այլ առարկաներ: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ։

Մամուլը գրում է, որ քննվող հիմնական վարկածներից մեկն ադրբեջանցիների կողմից սպանությունն է։

Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով հրապարակումներին, տեղեկացրել է, որ այս պահին հանցագործությունն ադրբեջանցիների կողմից կատարված լինելու վերաբերյալ քննությամբ որևէ տվյալ չի ստացվել և չունեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG