Անցած ուրբաթ խորհրդարանում տեղի ունեցած միջադեպի գործով կատարվել են առերեսումներ մանսակիցների և ականատեսների միջև, հաղորդում է Քննչական կոմիտեն՝ չմանրամասնելով, արդյոք առերեսվել են պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանն ու Մհեր Սահակյանը։
Ազգային ժողովում, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը նաև տեղեկացրեց, որ տեղի են ունենում քննչական գործողություններ։ «Այս պահին դեպքի ականատեսները միմյանց հետ առերեսվում են, ովքեր այդ սենյակում են եղել», - ասաց պատգամավորը՝ նշելով, որ երկու օր առաջ նաև ինքն ու խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն են որպես ականատեսներ հարցաքննվել։
Միջադեպը տեղի էր ունեցել Վարդանյանի ղեկավարած Պետաիրավական հանձնաժողովի մարտի 31-ի փակ նիստում։ Ըստ ընդդիմադիրների՝ նախ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ու «Հայաստան» խմբակցության պատգամավորների միջև քաղաքական քննարկումը թեժ լեզվակռվի էր վերածվել, ապա, ըստ իշխանական պատգամավորների, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅ Դաշնակցության անդամ Մհեր Սահակյանը բռունցքով հարվածել էր հանձնաժողովի նախագահ, իշխող խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի հոնքին, իշխանականները դիմել էին իրավապահներին, Սահակյանը բերման էր ենթարկել ոստիկանության բաժին, ձերբակալվել, ապա երեք օր անց ազատ արձակվել։
Վլադիմիր Վարդանյանը ճանաչվել է տուժող, քրեական վարույթը հարուցվել է հարվածներ հասցնելու և խուլիգանության հոդվածներով։
Գլխավոր դատախազությունից չեն պատասխանում՝ պատրաստվո՞ւմ են միջնորդություն ներկայացնել խորհրդարան՝ ընդդիմադիր պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու և մեղադրանք առաջադրելու համար։
Մհեր Սահակյանին մեղադրանք առաջադրելու համար անհրաժեշտ է Ազգային ժողովի համաձայնությունը, իսկ քրեական հետապնդում հարուցելու կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար Ազգային ժողովին միջնորդելու բացառիկ լիազորությամբ օժտված է գլխավոր դատախազը։