Ադրբեջանցիների համար որևէ զսպող հանգամանք չէ նույնիսկ ռուս խաղաղապահների ներկայությունը, այսօր «Ազատության» հետ զրույցում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից.
«Ազատություն». - Պարոն Աբրահամյան, ռուս խաղաղապահների ներկայությամբ է եկել ադրբեջանական շտապ օգնության մեքենան, որը, պարզ է, լրացուցիչ ստրես կարող էր այդ մարդկանց պատճառել, նրանց ներկայությամբ էին երեխաների մեքենա ներխուժել, նկարահանել, և նրանք չէին միջամտում:
Աբրահամյան. - Միջամտելը միջամտում են, այլ բան է, որ ադրբեջանցիների համար որևէ զսպող հանգամանք չէ նույնիսկ ռուս խաղաղապահների ներկայությունը, ինչը մեզ համար խնդրահարույց է: Մեկ այլ խնդրահարության աստիճան ունի կամ պետք է ունենա նաև ռուսական կողմի համար, որովհետև ռուսական միջնորդի դերը բոլոր առումներով բզկտելը և հեղինակազրկելը, բնականաբար, չի բխում նաև Ռուսաստանի շահերից: Բնական է, որ Ռուսաստանը հասկանում է, թե ինչ է կատարվում, ինչ գործոններով է պայմանավորված և դա ինչ հետևանքների կարող է բերել: Այստեղ մեզ համար, բնականաբար, կարևոր է այն հանգամանքը, որպեսզի ռուս խաղաղապահները կարողանան իրենց մանդատի շրջանակներում իրացնել իրենց գործառույթները և նմանատիպ իրավիճակներ պարզապես թույլ չտան:
«Ազատություն». - Համաձայն չե՞ք, որ այն շահը, որը Դուք հիշատակեցիք, այս տարածաշրջանում արդեն ավարտվում է, որովհետև արդեն գերակա են հարաբերությունները Ադրբեջանի, Թուրքիայի հետ, հակառակ դեպքում ամբողջ աշխարհը երես է թեքել Ռուսաստանից:
Աբրահամյան. - Չեմ կարծում, որովհետև մի կողմից, իհարկե, կան Թուրքիայի հետ բավականին խորացող և ջերմացող հարաբերություններ, բայց համարել, որ ռուսական շահերը ենթադրում է Հայաստանի պետականության վերացում կամ հենց այնպես Արցախի հանձնում Ադրբեջանին, ինքս այդպես չեմ համարում ու չեմ կարծում, թե Ռուսաստանն այդ շահերին տրվելով պարզապես Հարավային Կովկասը կհանձնի Թուրքիայի հովանավորչությանը, և սրանով այդ գործընթացն այդպիսի վախճան կունենա: Դեռ չեմ խոսում նաև Իրանի գործոնի մասին, չեմ խոսում, որ այնպես չէ, որ Ռուսաստանը հայտարարել է, որ իր այս կենսական շահերի գոտուց դուրս է գալիս կամ դա երկրորդում է ռուս-թուրքական հարաբերություններին:
«Ազատություն». - Գալով Տեղ-Կոռնիձոր հատվածում իրադարձություններին՝ Ազգային անվտանգության ծառայությունը հանում է, որ հանդիպման արդյունքում՝ հայ-ադրբեջանական սահմանային ճշգրտման աշխատանքների էական բարելավում է տեղի ունեցել, գիտե՞ք ինչի մասին է խոսքը:
Աբրահամյան. - Ես չգիտեմ, թե ինչ բարելավման մասին է խոսքը, իհարկե, նաև պաշտոնական տեղեկատվությունից ակնհայտ էր, որ որոշակի բանակցային պրոցես է գնում, բայց հասկանալու համար, թե իրականում ադրբեջանական մխրճումը որքան է, պետք է տիրապետել քարտեզին և այն համապատասխան GPS սարքին, որը ըստ կոորդինատների չափումներ է իրականացնում: Այս իրավիճակում շատ դժվար է ասել՝ ինչ ունենք այս պահին և ինչ կունենանք այդ բանակցություններից հետո:
«Ազատություն». - Կան ԱԱԾ-ի թվերը՝ 5 կետում 100-300 մետր:
Աբրահամյան. - Տեղյակ եմ, բայց եթե նույնիսկ Ազգային անվտանգության ծառայությունը դա չհրապարակեր, շատ դժվար էր իմանալն ու հասկանալը, թե որտեղ է շեղումը և ինչ չափով է: Ես կարծում եմ՝ ոչ միայն Տեղ-Կոռնիձոր հատվածում, այլ առհասարակ Կուտականից մինչև Ներքին Հանդ հատվածում Հայաստանի տարածքային ամբողջականության այդ խախտումների մասին մենք տեղեկություն կունենանք այն ժամանակ, երբ որ այս իշխանությունը չի լինի, այսինքն, չի լինի շահագրգռվածություն իրական թիվը թաքցնելու, և քարտեզով հաշվարկներով ու հստակ այդ գործիքներով հնարավոր կլինի հասկանալ, թե հետպատերազմյան, այսինքն, 44-օրյա պատերազմից հետո ինչ կորուստներ ենք ունեցել:
«Ազատություն». - Հաջորդ փաստարկը՝ Ազգային անվտանգության ծառայության, որ էսկալացիա թույլ չտալու համար է սա արվել, փորձել են բանակցությունների գնալ, քարտեզագիրներին դիմել, հակառակ դեպքում բախում էր լինելու:
Աբրահամյան. - Այդ բանակցությունները, որոնք այսօր են տեղի ունենում, դրանք կարող էին տեղի ունենալ 10 օր առաջ, մինչև դիրքավորվելը: Եթե կար հստակ սահմանված ժամկետ, սա անակնկալ չի եղել, փաստացի եղել է Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների պայմանավորվածությունը այդ երթուղու փոփոխության և եղել է կոնկրետ ժամկետ: Հիմա եթե եղել է կոնկրետ ժամկետ, ապա այդ գործընթացը, էսկալացիայի և մնացած վտանգները հաշվի առնելով, կարող էր տեղի ունենալ 10 օր առաջ, երկու շաբաթ առաջ, 20 օր առաջ՝ կապված իրավիճակի բարդությունից կամ ընդհանուր աշխատանքային ճակատից: Երկրորդը՝ երբ որ մենք նայում ենք, տեսնում ենք նախադեպը, ինչ որ մենք ունեցել ենք 44-օրյա պատերազմից հետո նույն Վարդենիսից կամ Գեղարքունիքի մարզից, Վայոց Ձորի, Սյունիքի հատվածներում, ապա կտեսնենք, որ Ադրբեջանը Տեղում գործել է այնպես, ինչպես ինքն է հարկ համարել, որոշ դեպքերում դա եղել է ագրեսիայի և հարձակման միջոցով, բայց ակնհայտորեն իր նպատակին հասել, և սպասել Ադրբեջանի հետ վստահության դաշտի ձևավորմանը և որոշակի աշխատանքների ծավալմանը, կարծում եմ, այստեղ տրամաբանական չէ:
«Ազատություն». - Սա անփութությո՞ւն է, պարոն Աբրահամյան:
Աբրահամյան. - Անփութությունը շատ մեղմ որակում է, ես կարծում եմ, այստեղ հանցանքի էլեմենտներ պարունակող գործընթացներ են և նորմալ իշխանության պայմաններում սրան կհետևեին իրավական գործընթացները: