«Ուկրաինան պարտության է մատնելու Ռուսաստանին, մենք մեր պատերազմով ազատ աշխարհի հիմքերն ենք դնում», - այսօր հայտարարել է նախագահ Զելենսկին՝ այցելելով Բուչա, որն ուղիղ մեկ տարի առաջ՝ այս օրն է ազատագրվել ռուսական օկուպացիայից։
Խորհրդանշական այս օրը նրա կողքին էին եվրոպացի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Խորվաթիայի, Սլովենիայի ու Սլովակիայի վարչապետերը, Մոլդովայի նախագահ Մարիա Սանդուն։
«Ռուսական չարիքը կպարտվի հենց այստեղ՝ Ուկրաինայում, և չի կարող կրկին ոտքի կանգնել։ Չարը կպարտվի, մարդկությունը՝ կհաղթի», - պնդել է Զելենսկին։
Բուչան 33 օր մնացել էր ռուսական զորքի վերահսկողության տակ։ Քաղաքն ազատագրելուց հետ՝ անցած տարի, ուկրաինական զորքը բանուկ փողոցներում հարյուրավոր խաղաղ բնակիչների, այդ թվում՝ երեխաների դիեր էին հայտնաբերել։ Զոհվածներից մի քանիսի ձեռքերը, ըստ ականատեսների, կապկպված էին՝ մեջքի հետևում, շատերի դիակների վրա բռնության հետքեր կային։
Թեև քաղաքը մեկ տարի է՝ ազատագրված է, սակայն տեղի բնակիչները մինչև հիմա տագնապի մեջ են ապրում․ պատերազմը չի ավարտվել։
Վերջին տվյալներով, ռուսական ուժերն այսօր կրկին գնդակոծել են Խարկովի, Զապորոժեի ու դոնեցկի շրջանները, հաղորդվում է, որ կան զոհեր ու վիրավորներ։ Արևմուտքը շարունակում է պնդել, որ կշարունակի աջակցել, քանի դեռ Ուկրաինան դրա կարիքն ունի։
«Ուկրաինայի դրոշը նաև մեր դրոշն է դարձել, մեր պայքարի խորհրդանիշը», -այսօր Բուչայում հայտարարում էին արևմտյան առաջնորդները։
Պուտինը հաստատեց արտաքին քաղաքականության նոր հայեցակարգ
Արևմուտքի աննախադեպ միասնության ու պատժամիջոցների ֆոնին՝ Ռուսաստանի նախագահն այսօր հաստատեց արտաքին քաղաքականության նոր հայեցակարգը։ Ծավալուն փաստաթուղթն ընդգծում է՝ Մոսկվան արևմուտքի երկրներին թշնամի չի համարում, բայց պատրաստ է համարժեք պատասխան տալ, երբ նրանք քայլեր կձեռնարկեն Ռուսաստանի դեմ։
«Օտարերկրյա ապակառուցողական միջամտությունից պաշտպանվելը Ռուսաստանի ռազմավարական նպատակներից է»․ այս միտքը փաստաթղթում մի քանի անգամ է նշվում։
Արտգործնախարար Սերգեյ Լավրովը ևս այդ մասին խոսեց՝ Անվտանգության խորհրդի նիստում. «Հայեցակարգով նախատեսվում է համաչափ և ոչ համաչափ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի դեմ ոչ բարեկամական գործողություններին ի պատասխան։ Ներմուծվում է զինված ուժերի կիրառման մասին նոր դրույթ՝ Ռուսաստանի կամ նրա դաշնակիցների դեմ հարձակման կամ՝ այդ հարձակումը կանխելու դեպքում»։
Ռուսաստանի դեմ մարտահրավերները մեկուսացնելու համար Մոսկվան կարևորում է համագործակցությունը Չինաստանի, Հնդկաստանի, Իրանի, Թուրքիայի, Սիրիայի, Սաուդյան Արաբիայի ու Եգիպտոսի, ինչպես նաև՝ Բրազիլիայի, Կուբայի, Նիկարագուայի ու Վենեսուելայի հետ։
Եվրոպական երկրները, ըստ Ռուսաստանի արտաքին քաղաքականության նոր հայեցակարգի, այժմ գտնվում են Վաշինգտոնի ազդեցության տակ, բայց եթե վերանայեն իրենց քաղաքականությունը, «արժանի տեղ կգտնեն Մեծ Եվրասիական համագործակցության տարածքում»։
Ուկրաինայի դեմ պատերազմին, որը մեկուսացրեց Ռուսաստանին Արևմուտքից, փաստաթուղթն անդրադառնում է միայն մեկ անգամ՝ անուղղակի։ Փոխարենը Պուտինի համախոհը՝ Բելառուսի բռնապետ առաջնորդն է այսօր ելույթով դիմել ժողովրդին ու վստահեցրել՝ իրենք որևէ բանի առջև կանգ չեն առնի։
«Արևմուտքից ասում են՝ եթե Բելառուսի տարածքում միջուկային զենքի կայան տեղակայեք, մենք ձեր հանդեպ պատժամիջոցներ կսահմանենք։ Խելագարվե՞լ եք։ Մոռացե՞լ եք, որ արդեն սահմանել եք։ Մենք այսօր էլ ինչից պիտի վախենանք, մենք հիմա ուղղակի պետք է պահպանենք մեր ինքնիշխանությունն անկախությունը, և կանենք դա հնարավոր բոլոր միջոցներով, այդ թվում՝ միջուկային զինանոցով», - նշել է Ալեքսանդր Լուկաշենկոն։
Մինչ այդ Ռուսաստանի առաջնորդները մի քանի անգամ արդեն ակնարկել են, որ սեփական նպատակներին հասնելու համար գործի կդնեն հնարավոր բոլոր միջոցները, այդ թվում՝ միջուկային հնարավորությունները։