Մատչելիության հղումներ

«Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունն այս տարի նվիրվեց Վահե Շահվերդյանի հիշատակին


Հայ ժամանակակից թատրոն, բազմաբնույթ բեմադրություններ, տարբեր սերունդների թատերական գործիչներ, թատերական կյանք ու առօրյա, ձեռքբերումներ ու հաջողություններ անցած մեկ տարում. այս ամենը երեկ երեկոյան ի մի բերվեց Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում կայացած «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ։

Այս տարի մրցանակաբաշխությունը նվիրված էր Վահե Շահվերդյանի հիշատակին։ Վահե Շահվերդյանի անվան հատուկ մրցանակի արժանացավ Արմեն Բայանդուրյանը։

Հայտնի է, որ ԿԳՄՍ նախարարությունը որոշել է լուծարել «Գոյ» թատրոնը և միավորել այն Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հետ, որին համաձայն չեն, ոչ միայն «Գոյ»-ի թատերախումբը, այլև թատերական աշխարհի բազմաթիվ ներկայացուցիչներ, որոնց թվում և Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, Երևանի կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանը, Երևանի Մնջախաղի պետական թատրոնի գեղարավեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը և այլք, ովքեր շեշտեցին, որ Արմեն Մազմանյանի հիմնադրած «Գոյ» թատրոնը ունի հրաշալի ավանդույթներ, որոնք պետք է պահպանել և առաջ գնալ սեփական հարկի տակ։

«Գոյ» թատրոնը արժանացավ ժյուրիի հատուկ մրցանակի՝ ինքնատիպ թատերական հետագիծ ունենալու համար։

Թատերարվեստին արժանապատիվ ծառայություն մատուցելու համար «Արտավազդ» մրցանակի արժանացան Մարտին Վարդազարյանը և Կարինե Սուքիասյանը։

Տարվա լավագույն բեմադրություն ճանաչվեց Ալեքսանդր Սպենդիարյանի անվան անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի «Ռոմեո և Ջուլիետ» բալետը՝ Օլեգ Վինոգրադովի բեմադրությամբ։ Ի դեպ, այն հենց այս երեկո կներկայացվի օպերային թատրոնում։

«Լավագույն կամերային ներկայացում» անվանակարգում մրցանակի արժանացավ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի «Կեղծ նոտա» բեմադրությունը, իսկ «Լավագույն մանկական ներկայացման» համար մրցանակի արժանացան Պարոնյանի թատրոնի «Կոշկավոր կատուն» և Մնջախաղի թատրոնի «Ալիսի երազում» բեմադրությունները։

«Լավագույն ռեժիսուրա» անվանակարգում «Արտավազդ» մրցանակը հանձնվեց Գոռ Մարգարյանին։ Նա նաև հաղթեց «Լավագույն երիտասարդական ներկայացում» անվանակարգում։

«Լավագույն տղամարդ դերակատար» անվանակարգում «Արտավազդ» մրցանակը ստացավ Նարեկ Բաղդասարյանը Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնից, իսկ «Լավագույն կին դերակատար» անվանակարգում հաղթող ճանաչվեց Տաթև Ղազարյանը։

Բազմաթիվ այլ թատերական գործիչներ տարբեր անվանակարգերում արժանացան «Արտավազդ» մրցանակի՝ ժյուրիի որոշմամբ գնահատանքի արժանանալով տարվա ընթացքում ոչ միայն իրենց որոշակի ձեռքբերումների, այլև թատրոնին անձնվեր, ոմանց կարծիքով նաև անհատույց ծառայելու համար՝ ի նպաստ հայ թատրոնի, հայ թատերական մշակույթի զարգացման։

Հակոբ Ղազանչյանը «Արտավազդ» մրցանակը հանձնում է Մարտին Վարդազարյանին։
Հակոբ Ղազանչյանը «Արտավազդ» մրցանակը հանձնում է Մարտին Վարդազարյանին։

«Թատրոնում աշխատող բոլոր մարդիկ անձնվեր և անձնուրաց մարդիկ են», - «Ազատության» հետ զրույցում ասաց Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը։ - «Թատրոնում աշխատելը դժվար է այն առումով, որ ֆինանսական այն գնահատականը, այն փոխհատուցումը, ցանկալի փոխհատուցումը երբեք դերասանը չի ստանում թատրոնում։ Եվ ուզում եմ Սոս Սարգսյանի խոսքերը հիշեցնել՝ թատրոնում երբեք լավ չի եղել։ Նույնիսկ սովետական ժամանակներում աշխատավարձերը շատ ցածր են եղել, և դերասանները մի կերպ են ապրել։ Իսկ մյուս կողմից, թատրոնը հիվանդության պես մի բան է, որ վարակվեցիր՝ պրծում չունես։ Ոչ մի կերպ չես կարող ձերբազատվել, ոչ մի պարագում չես կարող մասնագիտությունդ փոխել, այլ մասնագիտությամբ զբաղվել։ Լինում են, իհարկե, դեպքեր, բայց հատուկենտ։ Եվ ես կցանկանայի, որպեսզի թատրոնի վիճակը, լինի նա դերասան թե բեմադրիչ, սցենոգրաֆ թե զուտ տեխնիկական աշխատող, չհուսահատվի և միշտ շարունակի իր նվիրումը թատրոնին։ Որովհետև այնուամենայնիվ, իրենց ուժերով ստեղծվում են հրաշալի արվեստի գործեր, որոնք մնում են մեր մշակութային պատմության էջերում։ Բարեբախտաբար, նմանները շատ են, բարեբախտաբար, շատ հետաքրքիր երիտասարդներ կան։ Թատրոններ են ծնվում Գյումրիում, Երևանում, Վանաձորում։ Սա շատ լավ երևույթ է։ Եվ ես կասկած չունեմ, որ հայ թատրոնի վաղվա օրը հուսալի ձեռքերում է լինելու»։

XS
SM
MD
LG