Մատչելիության հղումներ

22-րդ անգամ կանցկացվի Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» մրցանակաբաշխությունը


Այսօր երեկոյան Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի կունենա Հայաստանի թատերական գործիչների միության ամենամյա «Արտավազդ» մրցանակաբաշխությունը։

«Միության գլխավոր միջոցառումն է տարվա, որին մենք պատրաստվում ենք ամբողջ տարվա ընթացքում։ Հանրապետության համարյա բոլոր թատրոնները, մեկ բացառությամբ, մասնակցելու են։ Ժյուրին բավական անաչառ շրջել է ողջ Հայաստանով, մենք Թբիլիսում ենք եղել, Թբիլիսիի հայկական թատրոնի ներկայացում ենք նայել։ Մի խոսքով, հսկայական աշխատանք էր արվում։ Քիչ հետո արդյունքները կհրապարակվեն։ Համողված եմ, որ արժանի աշխատանքներ կստանան մրցանակը, - «Ազատության» հետ զրույցում նշեց Պարոնյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր, Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը։

Թատերական գործիչների միությունն այս ամենամյա մրցանակաբաշխությունը հիմնադրել է 2002 թվականին, և այն ավանդաբար անցկացվում է մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը։ Այս տարի այն անցկացվում է արդեն 22-րդ անգամ։

«Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության համակարգող, Թատերական գործիչների միության քարտուղար, թատերագետ Սոնա Մելոյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ այս անգամ մրցանակաբաշխությանը չորս տասնյակից ավելի բեմադրություն է ներկայացվել. - «Մենք 42 բեմադրություն ենք նայել, և շատ ուրախալի էր, որ այս տարի բոլոր մարզերը մասնակցեցին։ Սովորաբար մասնակցում էին, բայց այս դեպքում շատ հետաքրքիր ներկայացումներ ենք նայել, որակական տարբերություն կար։ Ե'վ Կապանում, և' Գորիսում։ Շատ ուրախալի էր, որ բազմաթիվ անկախ խմբեր են բացվել։ Գյումրիում մի հրաշալի ներկայացում տեսանք, որը անհատ թատերախումբ էր։ Չորս թատերախումբ էլ նոր բացվել են Երևանում։ Մեկը «Թեք տեղ»-ն է, մեկը՝ «Կայարան», որքան հասկացա փակված Կամերային թատրոնի մի խումբ երիտասարդներ որոշել են ինքնուրույն աշխատել։ Եվ այն, ու այս պայմաններում այդ ամեն ինչն արվում է, ոչ միայն հասկանում ես, որ մարդիկ հիվանդ են թատրոնով, որովհետև վիճակ չի այս վիճակը, ինչպես հայտնի է, բայց նաև շատ կրեատիվ են մտածում»։

«Ազատության» խնդրանքով անդրադառնալով մրցութային հանձնաժողովի կազմին՝ Մելոյանն ասաց. - «Ամեն տարի փոխվում է։ Կարող են ինչ-որ մարդիկ կրկնվել, որոնք երեք տարի առաջ են եղել, բայց ամեն տարի նոր մարդիկ են։ Յոթ անդամ է եղել այս տարի։ Այդ թվում, ենթադրենք, ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն Աննա Ասատրյանը, երիտասարդ թատերագետ Սուսաննա Բրիկյանը, Ալավերդու փառատոնի տնօրեն Հրաչը Պապինյան։ Սրանք մարդիկ են, որոնք ընդհանրապես չեն եղել։ Կարինե Խոդիկյանը, Լիլիթ Արզումանյանը, Դավիթ Մուրադյանը և Լուսինեն Երնջակյան՝ երիտասարդ ռեժիսոր»։

Ավելի քան 20 անվանակարգում անցկացվող այս տարվա մրցանակաբաշխության արդյունքները հայտնի կդառնան այս երեկո, բայց անկախ արդյունքներից, ինչպես նշում էին զրուցակիցներս, հրաշալի է, որ հատկապես մարզերում բարձր մակարդակի ներկայացումներ են բեմադրվում։ Մրցութային հանձնաժողովը հատկապես տպավորված է Գյումրիի, Վանաձորի, Գորիսի, Կապանի ներկայացրած բեմադրություններով։ Նաև մայրաքաղաքային թատրոններն են լուրջ առաջընթաց գրանցել։

«Մրցանակաբաշխության գլխավոր իմաստը հենց դա է, որպեսզի անփոփի մեկ տարվա կատարված աշխատանքը թատրոնում։ Եվ ի ուրախություն պետք է ասեմ, որ բավական հետաքրքիր թատերական աշխատանքներ կային, բավական հետաքրքիր բեմադրություններ, դերակատարներ, նկարչական ձևավորումներ, երաժշտություններ գրված։ Մի խոսքով, բավական հետաքրքիր, բավական ակտիվ հայ թատրոնը աշխատում է»։

Հարցին, թե ինչ ընթացք է տեսնում հայ թատերական արվեստի զարգացման համար, Հայաստանի թատերական միության երկարամյա ղեկավարը պատասխանեց. - «Շատ լավ, շատ դրական այնպիսի երևույթներ, որոնք միայն օպտիմիզմ են առաջացնում վաղվա օրվա նկատմամբ։ Շատ հետաքրքիր անուններ են առաջ գալիս, երիտասարդներ են ի հայտ գալիս։ Եվ ուրախ եմ, որ մեր այս մրցանակաբաշխությունը այս ամեն ինչը հայտարարում է, ամեն ինչի մասին ասում է հանրությանը։ Եվ էստեղ իհարկե ես ուզում եմ անպայման նշել, որ մրցանակաբաշխությունը արվեց Հրայր Հովնանյան ընտանեկան հիմնադրամի աջակցությամբ։ Շատ շնորհակալ ենք, անչափ շնորհակալ ու երաշխտապարտ ենք»։

Շնորհավորելով Հայաստանի թատերական գործիչներին Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ՝ Հակոբ Ղազանչյանն ընդգծեց. - «Մրցանակաբաշխությունը մնում է մրցանակաբաշխություն։ Ամեն դեպքում հնարավոր է կրքեր բորբոքվեն, հնարավոր է մարդիկ նեղանան, բայց դրան արդեն սովոր ենք և ոչինչ անել չենք կարող։ Աշխարհում չկա մի մրցանակաբաշխություն, որից հետո խնդիրներ չլինեն։ Բայց, համենայն դեպս, մեր թատերական դաշտը այդ իմունիտետը արդեն ունի և հիմնականում ըմբռնումով է ամեն ինչ արվում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG