Մատչելիության հղումներ

Մեկնարկեց Սերժ Սարգսյանի ու նրա դուստրերի ունեցվածքի օրինականության հարցով դատավարությունը


Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ու դուստրերն այսօր դատարան չէին եկել՝ ներկայացնելու իրենց դիրքորոշումը ապօրինի որակված իրենց գույքի բռնագանձման պահանջի մասին։ Հակակոռուպցիոն դատարանում այսօր առաջին նիստն էր։

Գլխավոր դատախազությունը պնդում է, որ երրորդ նախագահին ու նրա դուստրերին պատկանող գույքն ու դրամական միջոցները չեն համապատասխանում նրանց եկամուտներին, դրանք ապօրինի են ձեռք բերվել և պետք է փոխանցվեն պետությանը։

Դատախազ Տիգրան Ենոքյանը դիմումը ներկայացնելիս պնդեց, որ պետության օգտին պահանջում են բռնագանձել նաև նախագահի հանգուցյալ կնոջ՝ Ռիտա Սարգսյանի հաշվեհամարին առկա գումարը՝ ավելի քան 90 միլիոն դրամ ավանդն իր տոկոսներով։

«ՀՀ բռնագանձմանն են ենթակա Սերժ Ազատի Սարգսյանի՝ Արարատ բանկ ընկերությունում ներդրված 107 մլն 998 հազար 686 ՀՀ ավանդի ամբողջ գումարը, ինչպես նաև այդ ավանդի դիմաց կուտակված տոկոսները 2018 թվականից՝ 44 միլիոն 280 հազար 352 ՀՀ դրամի շաչփով, ինչպես նաև Սաթենիկ Սերժի Սարգսյանից օրենքի իմաստով Սերժ Սարգսյանին պատկանող գույքը բռնագանձել հօգուտ ՀՀ, խոսքը քաղաք Երևան, Տերյան փողոց, 66 շենք, 64-րդ բնակարանի և Տերյան փողոց 66 շենք, թիվ 39 հասցեի երկու տարբեր հանգրվանների մասին է», - ներկայացրեց նա:

Սարգսյանների փաստաբանները, մինչդեռ, մի քանի ժամ շարունակված դատական նիստի ընթացքում տասնյակ հարցեր տվեցին դատախազին՝ փորձելով ստանալ կոնկրետ պատասխաններ, որոշ դեպքերում դատախազի պատասխաններն ընդհանրական էին, Ենոքյանն ասաց, որ մանրամասն հաշվարկներ կներկայացնի առաջիկա նիստերին։

Սարգսյանների փաստաբանները ի սկզբանե ապօրինի են որակել դատախազության հայցը։

«Այն ժամանակ, երբ որ այս պրոցեսը սկսվել է, որոշումը կայացվել է, այդ որոշման կայացման համար այդ նույն ապօրինի օրենքով չեն եղել հիմքեր, այսինքն՝ գործում առկա են փաստական տվյալներ, մի փոքր իրավական ձևակերպում է դա, որ ուսումնասիրումն սկսելու պրոցեսի ժամանակահատվածում ընդհանրապես Սերժ Սարգսյանի անունով որևէ գույք չի եղել հայտնաբերված, առավել ևս խոսքն այդտեղ ենթադրյալ կասկածելի ծագման ապօրինի գույքի մասին էր, առավել ևս դա պետք է գերազանցեր 50 միլիոն դրամը: Ես միանշանակ արձանագրում եմ, որ այս պրոցեսն այդ մասով առնվազն հիմքից ապօրինի է», - ասաց Ամրամ Մակինյանը:

Փաստաբանը տարակուսած է՝ ինչու է դատախազությունը պահանջում բռնագանձել մահացած մարդու գումարները։ Հարցին՝ որտեղից Ռիտա Սարգսյանին միլիոնավոր դրամներ, Ամրամ Մակինյանը պատասխանեց. «Վրդովված եմ նաև Ձեր հարցից, երբ որ հանդիպեն այն մարդիկ, ովքեր շատ են շահագրգռված գումարի ծագման աղբյուրը Ռիտա Սարգսյանի պարզելու, իրենք թող հարցնեն Ռիտա Սարգսյանից։ Ես ասացի ինչպես՝ մենք այդ պրոցեսը միայն կարող ենք արագացնել կամ դանդաղեցնել»։

Հարցին՝ արդյո՞ք նախագահը չի կարող ասել՝ որտեղից կնոջն այդ գումարը, փաստաբանն արձագանքեց. «Ինչքա՞ն գումարի մասին է խոսքը, ի՞նչ ժամանակահատվածի համար էր, Դուք տեղյակ չեք այս պրոցեսից, այդ 95 միլիոն դրամը էնքան իրական է, որքան իրական են նախագահի ընտանիքի վճարած կոմունալ ծախսերը»։

Հակակոռուպցիոն դատարանում երրորդ նախագահի ու նրա ընտանիքի դեմ պահանջից բացի, կան նաև ավելի քան մեկ տասնյակ այլ գործեր, որ հարուցվել են Սարգսյանի պաշտոնավարման օրոք բարձր պաշտոն զբաղեցրած անձանց դեմ։ Նրանց թվում են Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանը, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, ներկայիս ընդդիմադիր պատգամավոր, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ու այլք։ Մինչ օրս ապօրինի գույքի բռնագանձման գործերով ուժի մեջ մտած վճիռ չկա, և դրանցով անցնող որևէ նախկին պաշտոնյա պետությանը գումար չի վերադարձրել։

XS
SM
MD
LG