Ադրբեջանի արտգործնախարարությունն անընդունելի է համարում Հայաստանի վարչապետի կողմից Բաքու-Ստեփանակերտ երկխոսությանը միջամտելու փորձերը, «Ղարաբաղի ժողովուրդ և իշխանություն» բառակապակցության օգտագործումը, հայտարարել է գերատեսչության խոսնակ Այխան Հաջիզադեն:
Ադրբեջանցի պաշտոնյան, արձագանքելով Հայաստանի վարչապետի նախօրեի հայտարարություններին, կրկին պնդել է՝ «հայ բնակչության վերաինտեգրման քննարկումը Ադրբեջանի ներքին գործն է»։ «Օտար պետությունները չեն կարող որևէ դերակատարում ունենալ դրանում», - հավելել է Հաջիզադեն:
«Հայաստանի վարչապետը պետք է հասկանա, որ Ղարաբաղի շրջանի հայկական ծագման բնակչության իրավունքները երբեք չեն կարող բարձր լինել շրջանի ադրբեջանական բնակչության իրավունքներից», - պնդել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը: