ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը ուրբաթ երեկոյան Սպիտակ տանն ընդունել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին։
Ամերիկյան կողմի տարածած հաղորդագրության համաձայն, Սալիվանն ու Զուրաբիշվիլին քննարկել են վերջին օրերին Վրաստանում ծավալված իրադարձություններն՝ «ընդգծելով այդ երկրի եվրատլանտյան ինտեգրման հարցում ունեցած փոխադարձ շահագրգռությունը»։
Քննարկման թեմաներից ևս մեկը Ռուսաստանի դեմ ԱՄՆ և ավելի քան երեք տասնյակ դաշնակից պետությունների կողմից սահմանված պատժամիջոցներն են եղել։
«Սալիվանն ընդգծել է, որ պետք է ի սկզբանե խուսափել մի իրավիճակից, երբ Վրաստանը կարող է դառնալ այդ պատժամիջոցների շրջանցման ուղիներից մեկը», նշված է հաղորդագրության մեջ։