Երևանը հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, թե իբր ադրբեջանական տեսադիտարկման համակարգերն արձանագրել են Ռուսաստանի խաղաղապահների ուղեկցությամբ ՀՀ ԶՈՒ ռազմական տեխնիկայի շարասյան երթը Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհով։
Ռազմական գերատեսչությունը շեշտում է՝ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը՝ ևս մեկ անգամ ընդգծելով՝ դրանք կեղծ են և ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներ, ռազմական տեխնիկա Լեռնային Ղարաբաղի տարածքում չկան:
Ադրբեջանն այսօր կրկին պահանջել է դադարեցնել ռազմական նշանակության բեռների տեղափոխումը Հայաստանից Լեռնային Ղարաբաղ՝ այդ հարցում հիմնական պատասխանատվությունը դնելով ռուսաստանցի խաղաղապահների վրա։
«Ադրբեջանի տարածքում ժամանակավորապես տեղակայված ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը պետք է գիտակցի իր պատասխանատվությունն այս հարցում և կատարի իր վրա դրված պարտականությունները», - հայտարարել է Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը՝ մեկ անգամ ևս շեշտելով, թե «պարբերաբար տեղի ունեցող նման անօրինական գործողությունները հայ-ադրբեջանական սահմանին՝ Լաչինի միջանցքի վերջնամասում, սահմանապահ-անձնագրային հսկիչ անցակետի ստեղծում են պահանջում»։
Պաշտոնական Երևանը բազմիցս հայտարարել է, որ որևէ ռազմամթերք կամ ռազմական նշանակության ապրանք Լաչինի միջանցքով չի տեղափոխվել ինչպես մինչև դրա շրջափակումը, այնպես էլ 2022թ. դեկտեմբերի 12-ից հետո։ Հայաստանը նաև պարբերաբար հայտարարում է, որ Հայաստան Արցախին կապող Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումն Երևանի համար շարունակում է անընդունելի լինել։