Մատչելիության հղումներ

Ադրբեջանը մի կողմից հայտարարում է ԼՂ-ի հետ երկխոսելու մասին, մյուս կողմից՝ իրականացնում ահաբեկչական գործողություններ. վարչապետ


Ադրբեջանը մի կողմից հայտարարում է Արցախի ներկայացուցիչների հետ երկխոսելու պատրաստակամության մասին, մյուս կողմից՝ իրականացնում ահաբեկչական գործողություններ, ընդունելով Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյին՝ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետն ամերիկացի համանախագահի ուշադրությունն է հրավիրել մարտի 5-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված դիվերսիոն հարձակման փաստի վրա, ինչի հետևանքով երեք օր առաջ զոհվել է Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության երեք ծառայող, մեկը վիրավորվել է:

Կիրակի առավոտյան Ստեփանակերտը հաղորդեց, որ «ադրբեջանական դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում»՝ Արցախի մայրաքաղաքից քիչ հեռու, թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Բաքուն պնդում է, թե տեղեկություն են ունեցել «Լեռնային Ղարաբաղ զինամթերքի տեղափոխման մասին», ինչը փորձել են ստուգել, և ըստ ադրբեջանական կողմի՝ արդյունքում «փոխհրաձգություն է սկսվել»։ Հայկական կողմը սա հերքում է։

Լուիս Բոնոն Երևան է ժամանել այսօր՝ Բաքվում ունեցած հանդիպումներից հետո՝ առաջ մղելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը, հայտնում են Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատնից։

Ամերիկացի դիվանագետն ու Հայաստանի ղեկավարն անդրադարձել են Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից միջանցքն ապաշրջափակելու վերաբերյալ որոշման՝ Ադրբեջանի կողմից անհապաղ կատարելու անհրաժեշտությունը:

Փետրվարի 22-ին Հաագայի դատարանը մասամբ բավարարեց Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը՝ պարտավորեցնելով Ադրբեջանին բացել Արցախը արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը։ Թեև որոշումը ենթակա է հարկադիր կատարման, սակայն դատարանի որոշումից գրեթե երկու շաբաթ անց էլ Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։

Քննարկվել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին ու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող հարցեր, հայտնում են կառավարությունից։

XS
SM
MD
LG