Մատչելիության հղումներ

Արցախը շարունակում է հավատարիմ մնալ բանակցությունների միջոցով հակամարտության խաղաղ կարգավորմանը


Արցախը շարունակում է հավատարիմ մնալ բանակցությունների միջոցով հակամարտության խաղաղ կարգավորմանը, «Արմենպրեսի» հետ զրույցում ասել են Արտգործնախարարությունից՝ ներկայացնելով հակամարտության կարգավորման նպատակով Ադրբեջանի հետ ուղիղ երկխոսություն վարելու միջազգային միջնորդների վերջին առաջարկությունների վերաբերյալ իշխանությունների դիրքորոշումը։

ԱԳՆ-ից միևնույն ժամանակ հավելել են, որ կարգավորումը պետք է հիմնված լինի ոչ թե ռազմական ուժերի հարաբերակցության կամ ուժի կիրառման արդյունքների օրինականացման, այլ միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, այդ թվում՝ իրավահավասարության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի վրա։

«Այս սկզբունքները պաշտպանելու լավագույն տարբերակն է միջազգային հանրության ներգրավումը Ադրբեջանի հետ քննարկումներում։

Բանակցությունները պետք է տեղի ունենան համաձայնեցված՝ միջազգայնորեն ճանաչված ձևաչափով, որի շրջանակներում կապահովվեն պայմաններ և երաշխիքներ կողմերի՝ ստանձնած պարտավորություններն անշեղորեն կատարելու համար», - նշել են գերատեսչությունից։

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև տեղի են ունեցել մի քանի հանդիպումներ, որոնց ընթացքում, ըստ Ստեփանակերտի, քննարկվել են բացառապես հումանիտար, ենթակառուցվածքային և բնակչության կենսագործունեության հետ կապված այլ հրատապ խնդիրներին առնչվող հարցեր։ Վերջին նման հանդիպումը կայացել է մարտի 1-ին։ Արցախից հայտնել էին, որ այս հանդիպման ընթացքում քննարկվել են հումանիտար հարցեր։ Բաքուն, իր հերթին, նշել էր, թե քննարկվել է «Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում ապրող հայերին Ադրբեջանում ինտեգրելու հարցը՝ երկրի Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան»։

Հենց այս ​հանդիպումից հետո էր, համաձայն նախագահ Արայիկ Հարությունյանի, Ադրբեջանը իր խողովակներով փոխանցել ՝ «կամ ընդունում են ինտեգրացիոն քաղաքականությունը, կամ խնդիրները չեն լուծվելու, հակառակը՝ լինելու են ավելի կոշտ և կտրուկ քայլեր», ինչին հաջորդեց կիրակի օրվա արյունալի հարձակումը։

Պաշտոնական Ստեփանակերտը այսօր նաև պնդել է, որ նախ անհրաժեշտ է ջանքերը կենտրոնացնել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման վրա։

«Միայն դրանից հետո կարող են ձևավորվել բարենպաստ պայմաններ մյուս բոլոր խնդիրների, այդ թվում՝ Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման, նրանց իրավունքների՝ ներառյալ ազատ կամաարտահայտման իրավունքի առանց սահմանափակումների իրացման հետ կապված հարցերի քննարկման համար», - շեշտել են արտաքին քաղաքական գերատեսչությունից՝ հավելելով, որ
մի կողմից Ադրբեջանը հայտարարում է Արցախի հետ երկխոսության պատրաստկամության մասին, մյուս կողմից՝ գրեթե երեք ամիս շրջափակման մեջ պահում ու ահաբեկչական հարձակումներ կազմակերպում։

XS
SM
MD
LG