«Նախ, ես կարծում եմ, որ Լաչինի ճանապարհով փոխադրումների թափանցիկության ապահովման գաղափարը միանգամայն օրինական է։ Որովհետև մենք չենք ցանկանում, որ Լաչինի ճանապարհն օգտագործվի լարվածությունը մեծացնող բեռների համար, և այն օգտագործվի ռազմական կամ անօրինական նպատակներով», - ադրբեջանական APA գործակալության հետ զրույցում հայտարարել է Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ բանագնաց Տոյվո Կլաարը։
Դիվանագետի պատկերացմամբ՝ «այդ թափանցիկությունը» ապահովելու միջոցները բանակցությունների և քննարկումների թեմա է: Որոշ քայլեր, իր տեղեկություններով, «անցյալում քննարկվել են», նշել է նա:
«Օրինակ՝ անցակետում ունենալ լրացուցիչ տեխնիկա, որպեսզի ռուսները կարողանան ավելի լավ վերահսկել երթևեկությունը տարածքում», - ասել է Կլաարը՝ նաև հավելելով, որ միևնույն ժամանակ՝ «Ղարաբաղի հայերի համար կարևոր է, որպեսզի իրենք անվտանգ տեղաշարժի հնարավորության զգացում ունենան»:
ԵՄ հատուկ ներկայացուցիչը նաև կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների նոր հանդիպման կազմակերպումը:
«Կարծում ենք, որ նրանց {Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդների} համար իսկապես կարևոր է պարբերաբար հանդիպելը և աշխատելը կարևոր հարցերի էության վրա։ Ինչն էլ մենք տեսնում ենք Բրյուսելում։ Այնպես որ, այդ առումով {Եվրամիության խորհրդի} նախագահ Միշելըն իսկապես ցանկանում է, որ առաջնորդները նորից ժամանեն Բրյուսել», - նշել է Բաքվում գտնվող եվրոպացի դիվանագետը՝ հավելելով, որ տարածաշրջան իր այցի նպատակը «այդ հանդիպումների հետ է կապված»:
«Այժմ մենք սպասում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ամենամոտ ապագայում կրկին կհանդիպեն Բրյուսելում», - ասել է Տոյվո Կլաարը՝ չհստակեցնելով, սակայն, թե արդյոք կողմերը տվել են հանդիպմանը մասնակցելու իրենց համաձայնությունը: