Հայաստանի պաշտպանության նախարարությունը ապատեղեկատվություն է որակել ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե «ռուսական խաղաղապահ զորակազմը մարտի 7-ի ընթացքում ուղեկցել է Հայաստանի զինված ուժերի ռազմական տրանսպորտային միջոցների և անօրինական զինված կազմավորումների տեղափոխմանը Լաչինի միջանցքին այլընտրանք գրունտային ճանապարհով դեպի Ղարաբաղ»։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պնդում է, թե «դա ֆիքսել են այդ ուղղությամբ տեղակայված ադրեջանական ստորաբաժանումների տեխնիկական դիտարկման միջոցները, և դա եռակողմ համաձայնությունների կոպիտ խախտում է, որը պետք է անհապաղ դադարեցվի»։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր մարտի 7-ին ՀՀ ԶՈՒ ռազմական տեխնիկայի շարասյունը ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ անցել է Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհով, չի համապատասխանում իրականությանը:
Կեղծ են նաև ՀՀ զինված ուժերի՝ անձնակազմ տեղափոխելու և նրանց հերթափոխն իրականացնելու վերաբերյալ Ադրբեջանի պաշտպանության նախարարության պնդումները», - ի պատասխան հայտարարել է Հայաստանի ռազմական կառույցը: