Մատչելիության հղումներ

Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոցի աշխատակիցները բողոքի ակցիաներով պայքարելու են «Գյումրի» ԲԿ-ի հետ միավորման դեմ


Գյումրիի Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոցի աշխատակիցները դեմ են «Գյումրի» բժշկական կենտրոնի հետ միավորվելուն։ Պնդում են՝ իրենք բժշկական սարքավորումների ու ֆինանսական խնդիրներ չունեն, ուստի չեն էլ հասկանում, թե ինչու է միավորման հարցը հայտնվել մարզային իշխանությունների օրակարգում։

«Միավորման ենթակա է լինում այն կազմակերպությունը, որի ֆինանսական վիճակը խեղճացել է, բանկրոտի է ենթարկվել, կամ չի կարողանում ապահովել տվյալ կոլեկտիվի ֆինանսական կամ հիվանդանոցի տնտեսական վիճակը», - ասում է վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աշիկ Դարիբալթյանը։

Մինչդեռ Շիրակի մարզպետարանն իր հիմնավորումներն ունի և լուրջ է տրամադրված։ Թեև հարցը դեռ քննարկումների փուլում է ու վերջնական որոշում չկա, բայց մարզի առողջապահության ոլորտի պատասխանատու Լեյլի Ասլանյանն վստահեցրեց, որ միավորման գաղափարից հետ չեն կանգնելու։

Ինչո՞ւ է հենց մարզպետարանը շահագրգռված, որ օպտիմալացում տեղի ունենա և Ավստրիականը դառնա «Գյումրի» բուժկենտրոնի մանկական բաժանմունք։ Այս հարցին Ասլանյանը պատասխանեց. - «Մարզային շահագրգռվածությունը միայն մեկն է՝ որակյալ, ավելի հասանելի, ավելի մատչելի բուժօգնություն և սպասարկում տրամադրել մեր մարզի ազգաբնակչությանը։ Լինելու է օպտիմալացման արդյունքում»։

Այդուհանդերձ, միավորումը դեռ չի նշանակում, թե Ավստրիականի շենքն այլևս որպես հիվանդանոց չի ծառայի։ Կփակվի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքը, սակայն մյուսները կշարունակեն գործել։

Հարցին, թե 223 հոգանոց անձնակազմում կրճատումներ կլինե՞ն, թե՞ ոչ, Լեյլի Ասլանյանն արձագանքեց. - «Մահճակալների կրճատումներ չեն լինելու, հետևաբար բուժանձնակազմի կրճատում չի լինելու։ Կրճատումներ լինելու դեպքում միայն կլինեն կրճատումներ վարչական անձնակազմի մոտ»։

Ավստրիականը չի զարգանում. մարզպետարանի այս պնդումը մանկական հիվանդանոցից այսպես են բացատրում՝ նույն այդ մարզպետարանը վերջին 4 տարում 4 տնօրեն է փոխել, հենց այս պահին էլ ժամանակավոր պաշտոնակատար է նշանակված. - «Եթե ձեր մոտ տարին մեկ տնօրեն փոխվի, ձեր կազմակերպությունը լավ վիճակում կգտնվի՞»։

Որպես օպտիմալացման հիմնավորում նշվում է նաև, թե Ավստրիականի հիվանդների թիվը նվազել է։

Անձնակազմը իր թվերով է հակադարձում. - «2021 թվականին ունեցել ենք 590 ծննդաբերություն, այս տարի ունեցել ենք 471»։ «2021 թվականին՝1468 վիրահատություն, 2022 թվականին՝ 1608 վիրահատություն։ Աճ չէ՞, զարգացում չէ՞...»

Մարզպետարանը նաև ուսումնասիրել է այս մանկական հիվանդանոցից Երևան տեղափոխված հիվանդների թիվը։ Լեյլի Ասլանյանի պնդմամբ՝ նրանք կարող էին Ավստրիականում էլ բուժվել. - «2021 թվականին՝ 107, 2022 թվականին՝ 113 տեղափոխում անվանական և ախտորոշումներով։ Գերակշիռ մասը կարող էր բուժվել մեր մանկական բաժանմունքում»։

Հիվանդանոցից հակադարձում են՝ ցուցում չունեն, դրա համար Երևան ուղարկելու որոշում են կայացրել, բայց ոչ այնքան հիվանդների, որքան մարզպետարանի պատասխանատուն է բարձրաձայնում. - «Մեր կողմից, ընդունարանից ուղարկված հիվանդների անունները։ Հինգ հիվանդ. երեքը եղել են գանգուղեղային փակ վնասվածքով, գեմատոմայով երեխաներ, երկուսը եղել է շնչուղիների օտար մարմնով»։

Բժիշկներն անընդունելի են համարում նաև մեկ հիվանդանոցում ամեն ինչ կենտրոնացնելը։ 88-ի երկարաշարժից դաս չեն քաղել, ասում ՝ մանկաբույժ Գոհար Հարությունյանը. - «Հիմա ստեղծել եք գիգանտ հիվանդանոց։ Վիրաբուժական ծառայությունը, թերապևտիկ ծառայությունը, բոլորը տեղափոխվել են էնտեղ, կենտրոնացվել են էդ հիվանդանոցում։ Աստված ոչ անի, եթե երկրաշարժ լինի, ո'չ բժիշկ կմնա, ո'չ հիվանդ։ Ո՞վ պիտի օգնություն ցույց տա բնակչությանը։ Մեր նախարարությունը, մեր կառավարությունը այդ մասին պիտի մտածի»։

Բուժանձնակազմը մարզային իշխանությունների հետ հանդիպում է պահանջում, որպեսզի տեղում մատնացույց անեն խնդիրները։ Նաև ստորագրահավաք են կազմակերպել ու նամակով դիմել են վարչապետին ու ԱԺ-ի առողջապահության հանձնաժողովին։ Պնդում են՝ չեն հանձնվելու և բողոքի տարբեր ակցիաներով պայքարելու են միավորման դեմ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG