Մատչելիության հղումներ

Լավրովն ու Միրզոյանը կարևորել են հայ-ադրբեջանական կարգավորման ջանքերի ակտիվացումը


Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյան և Սերգեյ Լավրով, արխիվ
Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյան և Սերգեյ Լավրով, արխիվ

Մարտի 3-ին Նյու Դելիում «Ռայսինայի երկխոսություն» 8-րդ միջազգային համաժողովի շրջանակում հանդիպում են ունեցել Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Արարատ Միրզոյանը։

Նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի արդիական հարցեր, ինչպես նաև ճշտել են մոտեցումները միջազգային հարթակներում՝ ինտեգրացիոն միավորումներում համագործակցության շրջանակներում, հայտնում է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության մամլո ծառայությունը։

Աղբյուրի համաձայն՝ Լավրովն ու Միրզոյանը նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների շուրջ, կարևորել են հայ-ադրբեջանական կարգավորման բոլոր ուղղություններով ջանքերի ակտիվացումը՝ համաձայն Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների:

«Բանակցություններն անցել են բարեկամական և վստահելի մթնոլորտում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա դիվանագիտական շփումների վերաբերյալ», - ասվում է ռուսական կողմի հաղորդագրությունում:

Հայկական կողմն իր հերթին հայտնում է, որ Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման և էլեկտրաէներգիայի խափանման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը։ Ընդգծվել է ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման և Լաչինի միջանցքի ապաշրջափակման անհրաժեշտությունը՝ խոստորեն հետևելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորություններին:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեչսւթյունը նաև նշում է, որ Միրզոյանն ու Լավրովը, մասնավորապես, անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, սահմանազատման և սահմանային անվտանգության, տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ հարցերի:

XS
SM
MD
LG