Կրկին կալանավորվել է «Սուրմալու» առևտրի կենտրոնում պահեստային տարածքը վարձակալած տնտեսվարողը, հայտնում է Գլխավոր դատախազությունը։
Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի ներկայացրած բողոքը։
«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ, որի շրջանակում պարզվել էր, որ տնտեսվարող Վ.Հ.-ն, «Երևանի պահածոների գործարան» ՓԲ ընկերության տնօրենի հետ 2019 թվականին կնքել էր պայմանագիր, որով պարտավորվել էր պահպանել տարածքի անվտանգ շահագործման, հակահրդեհային և սանիտարահիգիենիկ պայմանները և իր մեղքով վնաս պատճառելու դեպքում փոխհատուցել այն: Սակայն, խախտելով պայմանագրով ստանձնած պարտավորությունները և նախարարի «Հրդեհային անվտանգության կանոնների» պահանջները` իր կողմից վարձակալված պահեստային տարածքում պահեստավորել էր մեծ քանակությամբ հրավառ նյութեր: Արդյունքում, տեղի էր ունեցել պայթյուն՝ առաջացնելով ծանր հետևանքներ. զոհվել էր 16 անձ, 63 քաղաքացու առողջությանը պատճառվել էր տարբեր աստիճանի վնաս, այրվել էին առևտրային տաղավարներ, պահեստային տարածքներ և ավտոմեքենաներ:
Օգոստոսի 26-ին Վ.Հ.-ն ձերբակալվել էր: Նույն օրը միջնորդություն էր ներկայացվել Վ.Հ.-ի նկատմամբ կալանավորումը՝ որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր: Հունվարի 21-ին, սակայն, դատարանը, քննության առնելով կալանավորման՝ որպես խափանման միջոցի ժամկետը երկարացնելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը, որոշել էր մերժել այն:
«Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունից կես տարի անց փաստաթուղթ կեղծելու և հրդեհային անվտանգության կանոնները խախտելու մեղադրանքով երկու օր առաջ էլ կալանավորվել է առևտրի կենտրոնի տնօրեն Իրինա Մադաթովան։