Մատչելիության հղումներ

Մոսկվան սառեցնում է իր մասնակցությունը ռազմավարական սպառազինությունների կրճատման պայմանագրին


Մոսկվան սառեցնում է մասնակցությունը ռազմավարական սպառազինությունների կրճատման պայմանագրին, այսօր հայտարարեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդարանի երկու պալատներին ուղղված տարեկան ուղերձում՝ դարձյալ ակտիվացնելով հնարավոր միջուկային պատերազմի մասին մտահոգությունները։

«Հարկադրված եմ այսօր հայտարարել, որ Ռուսաստանը սառեցնում է մասնակցությունը պայմանագրին։ Կրկնեմ՝ ոչ թե դուրս է գալիս, այլ՝ սառեցնում», - ասաց Պուտինը։

Չուշացավ Արևմուտքի արձագանքը։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը «տխուր և անպատասխանատու» քայլ անվանեց Պուտինի որոշումը։ Բլինկենի խոսքով, Միացյալ Նահանգները ուշադիր կհետևի Ռուսաստանի իրական գործողություններին և անհրաժեշտության դեպքում իր ու դաշնակիցների անվտանգությունն ապահովելու համար պատրաստ կլինի միջոցներ ձեռնարկել։ Միևնույն ժամանակ պետքարտուղարը շեշտեց՝ Վաշինգտոնը ցանկացած պահի պատրաստ է վերադառնալ Ռուսաստանի հետ սպառազինությունների սահմանափակման շուրջ բանակցություններին։

Թե գործնականում ի՞նչ է նշանակում Մոսկվայի այս որոշումը, այս պահին այնքան էլ հասկանալի չէ։ Համենայն դեպս, Պուտինն այսօր զգուշացրել է. - «Վաշինգտոնը միջուկային զենքի նոր տեսակներ է մշակում է, մտածում է միջուկային զենքի փորձարկման մասին: Մենք էլ պետք է պատրաստ լինենք փորձարկել մեր միջուկային զենքը. Իհարկե, առաջինը դա չենք անի։ Բայց եթե Միացյալ նահանգները փորձարկի, մենք էլ կփորձարկենք»։

Պուտինի որոշումը դատապարտել է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ Նրա խոսքով, Ռուսաստանը միտումնավոր ոչնչացնում է միջազգային անվտանգության ճարտարապետությունը։

ԵՄ արտաքին գործերի նախարար Ժոզեպ Բորելի գնահատմամբ էլ՝ Մոսկվան ապամոնտաժում է «սառը պատերազմից» հետո ստեղծված անվտանգության համակարգը։

Աշխարհի միջուկային անվտանգության առանցքային պայմանագիրը կնքվել է 2010 թվականին, հետո երկարաձգվել է մինչև 2026 թվականի փետրվարը։ Այն նախատեսում է ԱՄՆ-ում և Ռուսաստանում տեղակայված միջուկային մարտագլխիկների քանակի սահմանափակում, ինչպես նաև փոխադարձ ստուգումներ և խորհրդատվություններ:

Ռուսաստանի նախագահն այս հայտարարությունն արեց Ուկրաինայի դեմ սկսած պատերազմի տարելիցից երեք օր առաջ՝ ոչ մի բառ չասելով հնարավոր բանակցությունների մասին։ Ավելին՝ հարձակումը սկսած Պուտինը Արևմուտքին մեղադրեց պատերազմի համար. - «Երկար տարիներ Արևմուտքը նախապատրաստում էր իր վերահսկողության տակ գտնվող Կիևի ռեժիմը մեծ պատերազմի»։

Ռուսաստանի նախագահի կրկին ասաց, թե Ուկրաինայի այսօրվա տարածքը Ռուսաստանի պատմական հողներն են։ Սեպտեմբերին ռազմի դաշտում ուկրաինական հակահարձակման արդյունքում ավելի վաղ գրավված տարածքների մի մասը, այդ թվում Խերսոն քաղաքը կորցրած Ռուսաստանի նախագահն այսօր պնդել է, թե արևմտյան ռազմական օգնությունը Ուկրաինային չի օգնի. - «Որքան շատ հեռահար սպառազինության համակարգեր գան Ուկրաինա, այնքան շատ հեռուն մենք ստիպված կլինենք հեռացնել վտանգը Ռուսաստանի սահմաններից»։

Պուտինի այսօրվա ելույթին նախորդել էր Ջո Բայդենի անսպասելի այցը Կիև։ Միացյալ Նահանգների առաջնորդը դատապարտել էր Ռուսաստանի դաժան հարձակումը ինքնիշխան պետության վրա և իր լիակատար աջակցությունը հայտնել Ուկրաինային երկրի ինքնիշխանությունը պաշտպանելու հարցում։

«Երբ Պուտինը սկսեց ներխուժումը մոտ մեկ տարի առաջ, նա կարծում էր, որ Ուկրաինան թույլ է, իսկ Արևմուտքը՝ մասնատված է: Նա կարծում էր, որ կարող է հաղթել մեզ: Բայց նա շատ սխալվեց», - ասել էր Բայդենը։

Արևմուտքն ամիսներ շարունակ պնդում է՝ Ռուսաստանը այս պատերազմում չպետք է հաղթի և պետք է հնարավորինս օգնել Ուկրաինային։

Պուտինը սրա հետ սակայն համաձայն չէ․ - «Սակայն նրանք չեն կարող տեղյակ չլինել, որ Ռուսաստանը չի կարող պարտվել մարտի դաշտում»։

Մոտ երկու ժամ տևած ելույթում Պուտինը խոսեց նաև սոցիալական խնդիրներից, պնդեց, որ չնայած պատամերազմին, պետությունը հոգ է տանում իր քաղաքացիների մասին, իսկ արևմտյան պատժամիջոցների հետևանքով հսկայական կորուստներ կրող ռուսաստանցի օլիգարխներին կոչ արեց լինել ժողովրդի կողքին։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG