Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Քրիստինա Քվինը:
Նախագահն ու դեսպանը քննարկել են Հարավային Կովկասում կայուն և հարատև խաղաղության հաստատման վերաբերյալ հարցեր: Այս համատեքստում նախագահ Խաչատուրյանը ներկայացրել է հարևանների հետ խաղաղ և բարիդրացիական հարաբերություններ հաստատելու Հայաստանի դիրքորոշումն ու մոտեցումները:
Նախագահը նաև կարևորել է ԱՄՆ-ի աջակցությունը տարբեր ոլորտներում. «Մենք վերջին երկու տարիներին շատ դժվար ժամանակներ ենք անցկացրել, և դուք միշտ մեր կողքին եք եղել: Համոզված եմ, որ Ձեզ հետ ևս կշարունակենք բոլոր նախատեսված ծրագրերի իրականացումը»:
Դեսպան Քրիստինա Քվինը հավաստիացրել է, որ Նահանգներն ամբողջությամբ հանձնառու է շարունակել սերտ հարաբերությունները և աշխատել Հայաստանի և Հարավային Կովկասի երկրների հետ՝ Հայաստանում խաղաղություն, կայունություն, բարգավաճում հաստատելու նպատակով:
«Ես լավատես եմ: Չնայած գիտեմ, որ դժվարին, մարտահրավերներով լի ժամանակաշրջան է, ես լավատես եմ, որ միասին աշխատելով մենք կարող ենք Հայաստանը բերել նույնիսկ ավելի լավ մակարդակի, ինչպես նաև մեր երկկողմ հարաբերություններն ավելի լավ մակարդակի բարձրացնել: Ակնկալում եմ աշխատել Ձեզ հետ առաջիկա օրերին, ամիսներին և տարիներին՝ ընդլայնելու մեր բոլոր համատեղ աշխատանքները՝ լինեն դրանք ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, պաշտպանության կամ այլ ոլորտների շրջանակում, որպեսզի անենք այն ամենն, ինչ կարող ենք մեր համագործակցությունն ամրապնդելու համար», - ընդգծել է դեսպանը: