Հայաստան-Ադրբեջան հակամարտության խաղաղ կարգավորումը էական նշանակություն ունի ավելի ապահով Հայաստանի և Հարավային Կովկասի բերեկեցիկ ապագայի համար, ասել է Միացյալ Նահանգների նախագահի կողմից Հայաստանում ԱՄՆ դեսպանի թեկնածու առաջադրված Քրիստինա Քվինը:
«Միացյալ Նահանգները երկկողմ և բազմակողմ ուղիներով աշխատում է օգնել կողմերին՝ հասնելու հակամարտության տևական, խաղաղ և բանակցված կարգավորմանը՝ հիմնված ՄԱԿ-ի կոնոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների վրա», - նշել է նա Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողվի լսումներում։
Քրիստինա Քվինը խոստացել է Հայաստանում դեսպանի պաշտոնում հաստատվելու դեպքում աշխատել ՀՀ ինքնիշխանությունը ամրապնդելու համար. «Եթե հաստատվեմ, խոստանում եմ աշխատել ձեզ հետ՝ ամրապնդելու Հայաստանի ժողովրդավարությունը, անվտանգությունը և տնտեսությունը, մի խոսքով նրա ինքնիշխանությունը»։
Նա խոստացել է նաև աջակցել հակակոռուպցիոն նախաձեռնություններին, քաղաքացիական հասարակությանը, անկախ մամուլին, գործարար զարգացմանը, անաչառ, անկախ դատական համակարգի կայացմանը, պաշտպանել ազատ արտահայտվելու իրավունքի նկատմամբ հարգանքը։
Հայաստանում ԱՄՆ դեսպանի թեկնածուն իր ելույթում հայտնել է, որ մեծացել է Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում, որտեղ գտնվում է Ամերիկայում հայկական սփյուռքի ամենամեծ համայնքներից մեկը։ Նշելով, որ Ֆրեզնոյից գիտի Հայոց ցեղասպանության մասին, Քրիստինա Քվինը ասել է, որ իր ուժերի սահմաններում ամեն ինչ կանի՝ հիշելու համար Ցեղասպանության զոհերին, աջակցելու Հայաստանի խաղաղ ապագային, ինչպես նաև «խրախուսելու Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ շարունակվող քննարկումները, որոնք մի քանի քայլ առաջ են գնացել»:
Հարց-պատասխանում արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը նշել է, որ Հայաստանի համար դժվար ժամանակներ են, պատերազմի հետևանքով Լեռնային Ղարաբաղում երկարատև մարդասիրական ճգնաժամ է, ականատես են դարձել Ադրբեջանի հարձակումներին, տեսանյութերի, որտեղ պատկերված են ռազմական հանցագործություններ։ Մենենդեսն ասել է, որ պետք է իմանան, թե արդյոք ադրբեջանական կողմը նման սպանություններ, մահապատիժներ է իրականացրել, որպեսզի կարողանան որոշում ընդունել 907 բանաձևի վերաբերյալ ու կողմնորոշվելու համար ակնկալել է նշանակվող նոր դեսպանի աջակցությունը։
Քրիստինա Քվինը վստահեցրել է, որ այդ հարցում կարող են ապավինել իրեն, ընդգծել, որ իր համար շատ կարևոր է նման բնույթի հանցագործությնների համար պատասխանատվությունը. «Եվ ես աշխատանք կտանեմ վստահ լինելու համար, որ առկա է պատասխանատվությունը»։
Քրիստինա Քվինը մինչ այս աշխատել է Ուկրաինայում, վերջին երկու տարիներին ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարն էր Կիևում։
Սենատի հանձնաժողովի նույն լսումներին ներկայացվել է նաև Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Լին Թրեյսիի թեկնածությունը նոր պաշտոնում նշանակվելու համար։ Նախագահ Ջո Բայդենն առաջարկել է նրան դեսպան նշանակել Ռուսաստանում։
Լին Թրեյսին նշել է նաև Հայաստանում աշխատելու փորձառությունը իր դիվանագիտական 28-ամյա գործունեության ընթացքում:
Հարց-պատասխանի ընթացքում Թրեյսին ասել է, որ Ուկրաինայում պատերազմի պայմաններում Մոսկվայից կախում ունեցող հետխորհրդային շատ երկրներ, այդ թվում՝ Հայաստանը մտահոգված են իրենց անկախության և ինքնիշխանության ապագայով, նշել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները չեն համապատասխանում Հայաստանի այսօրվա կարիքներին։
«Ռուսաստանի հետ նախկին կամ ներկայիս հարաբերությունները չեն համապատասխանում Հայաստանի այսօրվա կարիքներին։ Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև շատ կարևոր քննարկումներ են ընթանում, թե ինչպես կարող ենք օգտակար լինել Հայաստանին ավելի ժողովրդավարական և ապահով ապագայի համար։ Նշեմ, որ այնտեղ ևս առկա են բազմաթիվ անվտանգության մարտահրավերներ, որտեղ Ռուսաստանը դերակատարություն ունի, և մենք պետք է շարունակենք ուշադրության դարձնել դրան», - շեշտել է Թրեյսին։
Նա նշել է Հայաստանին տրամադրվող ամերիկյան օգնության կարևորությունը, ինչի շնորհիվ հաջողվել է որոշակիորեն նվազեցնել կախվածությունը Մոսկվայից, կարևորել է նաև Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը՝ դա ևս կապելով Մոսկվայի ազդեցության նվազման հետ։
«Կարծում եմ՝ Հայաստանի վերջին երկու ընտրություններում մենք տեսանք, որ մարդիկ չեն ընդունում Ռուսաստանի առաջարկած մոդելը։ Փնտրում են որևէ ավելի լավ, հաշվետու կառավարություն։ Չնայած 2020 թվականի շատ տրավմատիկ հակամարտությանը, նրանք չցանկացան վերադառնալ կոռուպցիային, և կարծում եմ այն պատճառով, որ նրանք տեսնում են՝ ինչ է ներկայացնում Ռուսաստանը»,- ասել է Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպանը, ով հիմա Ռուսաստանում Միացյալ Նահանգների դեսպան նշանակվելու թեկնածու է։