Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպման ընթացքում ասել է, որ Բրյուսելը ողջունում է հայ-ադրբեջանական խնդրի կարգավորմանը նպաստելու Թբիլիսիի ջանքերը:
Այդ մասին Կլաարը հայտնել է Վրաստանի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում: Եվրամիության պատվիրակը երեկ է Թբիլիսիում հանդիպել Վրաստանի վարչապետին:
«Շատ կարևոր է, որ Հարավային Կովկասի երեք երկրները միասին աշխատեն և նպաստեն խաղաղությանը: Այս գործում կարևոր է Վրաստանի հատուկ դերը՝ որպես կամուրջ երկու պետությունների միջև», - ասել է Կլաարը:
Եվրոպացի պատվիրակը հայտնել է, որ Վրաստանի կառավարության ղեկավարի հետ զրուցել է այդ հնարավորության շուրջ:
«Մենք վարչապետի հետ քննարկել ենք այդ ուղղությամբ արված քայլերը, հուսամ՝ ապագայում Եվրամիության և Վրաստանի, ինչպես նաև Եվրամիության և Հարավային Կովկասի բոլոր երեք երկրների միջև ավելի ընդարձակ համագործակցություն կլինի», - ասել է Կլաարը:
Նա որպես նման աշխատանքի դրական օրինակ է հիշատակել է անցյալ տարի Թբիլիսիում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը և հույս է հայտնել, որ Վրաստանի մայրաքաղաքը կարող է հարմար հարթակ լինել տարբեր ձևաչափերով հանդիպումների համար:
«Այդ առումով Վրաստանն աշխարհագրորեն շատ հարմար է, այստեղ կարելի է արագ հասնել հարևան երկրներից: Վերջապես, տրամաբանական է նաև, որ երեք երկրները գտնվում են Հարավային Կովկասի նույն տարածքում և պետք է փորձեն համագործակցության եզրեր գտնել: Օրինակ՝ տրանսպորտի, էներգետիկայի, բնապահպանության և այլ բնագավառներում ես մեծ ներուժ եմ տեսնում թե՛ այսօրվա և և թե՛ ապագայի կտրվածքով», - նշել է Տոյվո Կլաարը: