Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդականի պաշտոնը մեկ ամիս էլ թափուր չմնաց. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Լուիս Բոնոյին է նշանակել:
«Այս պաշտոնում պարոն Բոնոն կաշխատի տարածաշրջանի առաջնորդների հետ՝ առաջ մղելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը»,- իր հայտարարության մեջ նշել է Միացյալ Նահանգների պետքարտուղարը։
Խաղաղության հաստատման կոչ, որը կներառի ղարաբաղյան հակամարտության կարգավորումը. նոր պաշտոնյայի նշանակմամբ ԱՄՆ-ը նաև այս ուղերձը հղեց. «Միացյալ Նահանգները հանձնառու է օգնել Հայաստանին և Ադրբեջանին բանակցել համապարփակ խաղաղ համաձայնագրի շուրջ՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորումը»:
Պետդեպարտամենտը նաև հայտարարեց՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունը դյուրացնելու համար դիվանագետը կհամագործակցի ԵՄ-ի և ԵԱՀԿ-ի հետ։
Լուիս Բոնոյի նախորդին՝ Ֆիլիպ Ռիքերին նշանակելով Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական, պետքարտուղար Բլինքենը շեշտել էր՝ նա նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահն է: Ղարաբաղյան հարցով միջնորդի նշանակումը այն ժամանակ խիստ զայրացրեց հարցը փակված համարող պաշտոնական Բաքվին։
Ինչպես այս նշանակմամբ երևաց՝ Վաշինգտոնը չի նահանջել. ավելի ուշ՝ ճեպազրույցի ընթացքում, Պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանթ Պատելը պարզաբանեց՝ Բոնոն նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահն է. - «Հարավային Կովկասում խաղաղության և կայունության խթանումը մշտական առաջնահերթություն է Բայդենի վարչակազմի համար»:
Քաղաքագետ Արեգ Քոչինյանը դրական ազդակներ է տեսնում այս նշանակման մեջ։ Շատ կարևոր է, որ այս լարված իրավիճակում պաշտոնը երկար թափուր չմնաց։
«Չնայած այն փաստին, որ Ադրբեջանը շարունակաբար պնդում է, թե արցախյան հիմնահարցը լուծված է, այլևս չկա նման հիմնահարց, Նահանգներն, ըստ էության, շարունակում է նույն հիմնահարցի անունը կրող պաշտոնին դեռևս մարդկանց նշանակել, ինչը մեզ համար կարևոր հարց է», - ասաց Քոչինյանը:
«Նկատելի է, որ այս դիվանագետի աշխատանքի մեթոդաբանության հիմքում կլինեն տնտեսական մոտեցումների առնչվող շեշտադրումներ», - նշեց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը:
Բադալյանը Մինսկի խմբի նորանշանակ համանախագահի կարիերայի տնտեսական ուղղվածությունն է առանձնացնում:
Իրավագիտության դոկտոր Լուիս Բոնոն մինչև նոր պաշտոնին նշանակվելը Ամերիկայի ներկայացուցիչն էր «ԱԷՄԳ»-ում՝ ՄԱԿ-ի Ատոմային Էներգիայի գործակալությունում, ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Վատիկանում։ Դիվանագետը աշխատել է նաև ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդում, ապա որպես փոխպետքարտուղարի՝ տնտեսական հարցերով խորհրդական։
«Ամիսներ առաջ Միացյալ Նահանգները դարձյալ տնտեսական ուղղությամբ աշխատանքում մասնագիտացած դիվանագետի ներկայացրեց արդեն Հայաստանում ԱՄՆ դեսպանի թեկնածու Լին Թրեյսիի փոխարեն: Եվ այս իմաստով այս երկու նշանակումներում նկատվող մասնագիտացումը տնտեսական ուղղությամբ, թույլ է տալիս առնվազն դիտարկել՝ արդյոք Միացյալ Նահանգները իր կովկասյան քաղաքականության մոտեցումներում մեթոդաբանական առումով առաջնային պլան է մղում տնտեսական գործոնը որպես աշխատանքային սկզբունք», - ասաց Բադալյանը:
Փորձառու դիվանագետ Ֆիլիպ Ռիքերը կովկասյան բանակցությունների գծով Պետդեպարտամենտի ավագ խորհրդականի պաշտոնից հեռացավ ընդամենը հնգամսյա աշխատանքից հետո։ 57-ամյա դիվանագետը, պաշտոնական պարզաբանման համաձայն, թոշակի անցավ։ Իր նշանակումից բառացիորեն օրեր անց Ռիքերն այցելեց տարածաշրջան։ Պետդեպարտամենտի փոխխոսնակը, սակայն, Բոնոյի առաջիկա այցի ժամկետներ չի նշել։