Մատչելիության հղումներ

Ըստ դատախազության, Լյովա Սարգսյանն ու զավակները մոտ 9,5 մլն դոլարի ապօրինի գույք ու դրամական միջոցներ ունեն


Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լյովա Սարգսյանն ու նրա զավակները՝ Նարեկն ու Անին, ըստ Գլխավոր դատախազության, մոտ 9,5 միլիոն դոլարի ապօրինի ծագման գույք ու դրամական միջոցներ ունեն, որոնք ենթակա են բռնագանձման:

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի տեղակալ Տիգրան Ենոքյանի փոխանցմամբ՝ իրավապահները եզրակացրել են, որ Սարգսյանների 6 միլիոն 800 հազար դոլարի ավանդը, 9 անշարժ գույքը, 2 մեքենան, ինչպես նաև մասնակցությունը 3 կազմակերպություններում անօրինական է:

«Ընդհանուր առմամբ ժամանակահատվածը սկսվել է 2003 թվականից հետո գնված գույքերին մինչև 2020 թվականը ընկած այդ ժամանակահատվածը: Այսինքն՝ գույքային ձեռքբերումների մեր ունեցած վերջին տվյալները վերաբերվել են 2018 թվականի ձեռքբերումներին: Ունենք նաև օրինական եկամուտներով չհիմնավորվող բանկերում դրված ավանդներ և դրա վրա հաշվեգրվող տոկոսներ: Այդ տոկոսները, որ հաշվեգրվել են, 2018 թվականի ընթացքում են հաշվեգրվել, միգուցե նաև հիմա են հաշվեգրվում, որովհետև բանկում ավանդը դեռ առկա է, հիմա ապահովման միջոց է կիրառվել և այդ ավանդները դեռևս բանկում են», - ներկայացրեց Ենոքյանը:

Երեք առանձին հայցերը հիմա Հակակոռուպցիոն դատարանում են՝ նախնական լսումների փուլում: Լյովա Սարգսյանի մասով դատախազությունը ապօրինի է համարում մեկ բնակարան, ավտոմեքենա, նաև առևտրային բանկում պահվող 3 միլիոն 500 հազար դոլարի ավանդ: Որդուց՝ Նարեկ Սարգսյանից պետությունն ավելի մեծ պահանջներ ունի՝ ապօրինի է համարում նրա 8 անշարժ գույքը՝ դրանց մեծ մասը Արմավիրում է, 1-ը Երևանի կենտրոնում՝ Բյուզանդի փողոցի վրա, 2 հողամաս` Ֆուչիկի փողոցում, մեկ հողամասն էլ Դիլիջանում, մեկ մեքենա և 2.5 միլիոն դոլարի ավանդ։ Դստեր՝ Անի Սարգսյանի դեպքում ապօրինի է որակվել միայն 760 հազար դոլարի ավանդը։

Իրավապահները պնդում են, որ Սարգսյանը օրինական եկամուտներով չէր կարող ձեռք բերել այսքանը։ Մինչդեռ նախկին նախագահի հարազատների փաստաբան Վահագն Գրիգորյանն «Ազատության» փոխանցեց՝ ամբողջությամբ առարկում են հայցի դեմ, իսկ մանրամասները կներկայացնեն դատարանում:

«Բոլոր վարույթներն էլ համարում եմ խնդրահարույց թե՛ փաստական, թե՛ իրավական տեսանկյունից ու հայցը համարում ենք ամբողջությամբ անհիմն», - ասաց Գրիգորյանը:

Ապօրինի հարստացման գործերով դատավճիռների ձգձգումը կարող է նաև «պաշտպանական բնույթ» կրել. Հոկտանյան

Դատախազությունը մոտ երկու տարի է՝ նախկին պաշտոնյաներին վերագրվող ապօրինի գույքի հարյուրավոր գործեր է ուսումնասիրում, սակայն դեռևս ուժի մեջ մտած դատարանի վճիռ չկա։ Իրավապահները սա բացատրում են ուսումնասիրության ժամանակատարությամբ։

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը թեև ընդունում է այս բացատրությունը, բայց ձգձգումների այլ պատճառներ էլ է տեսնում։

«Շատ կարևոր է, որ այդ ամենը չվերածվի սեփականության վերաբաշխման, դա լրիվ կվարկաբեկի նաև այս ամբողջ ինստիտուտը՝ ապօրինի գույքի բռնագանձում և այլն», - ընդգծեց Հոկտանյանը:

Մասնագետը չի բացառում քաղաքական ենթատեքստը, որպես օրինակ հիշեցնում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի Մոնումենտի դղյակի պատմությունը, որը վաճառվեց արգելանքի տակ դրված ժամանակ. - «Միգուցե այդպիսի գործարքներ են գնում, իրավունք ունեմ կասկած ունենալու, որ փորձում են ինչ-որ համաձայնության գալ, փորձում են քաղաքական ինչ-որ դիվիդենտներ ունենալ, որ ասենք, դրանք այլևս վտանգ չներկայացնեն իշխանությունների համար: Ինչ -որ այդպիսի քայլերի դիմելով՝ ձգձգում են»:

Վերջին տարում Հայաստանը կոռուպցիայի ընկալման սանդղակում հետընթաց է գրանցել, «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի նոր զեկույցին հղում անելով, մասնագետը նաև եզրակացնում է՝ ապօրինի հարստացման գործերով դատավճիռների ձգձգումը կարող է նաև «պաշտպանական բնույթ» կրել:

«Որովհետև այսօր իրենք իշխանության են, կարող է վաղը չլինեն, որ հետագայում իրենց հետ նույն բանը չկատարվի: Մենք նրանց չունեզրկեցինք, հիմա դուք էլ մեզ չունեզրկեք: Ոչ ոք ապահովագրված չի, որ իրենք էլ հայտնվեն նույն իրավիճակում, ինչ որ Սարգսյանի եղբայրը հայտնվեց, կարող է իրենք էլ հայտնվեն ու իրենց եղբայրները, քույրերը նույնպես», - նշեց Հոկտանյանը:

Թունիսում, Սիրիայում, Հորդանանում, Ալժիրում Հայաստանի դեսպան աշխատած Լյովա Սարգսյանը Լյովա Սարգսյանը 2018-ից հետախուզման մեջ է։ Նա «Հյուսիս-Հարավ»-ի կառուցապատման գործով մեղադրվում է փողերի լվացման համար։ Բռնագանձման գործով են անցնում նաև նախկին նախագահ Սերժ Սարգսյանն ու դուստրերը։ Նախկին նախագահի մյուս եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի ընտանիքի անդամներին ևս չեն շրջանցել իրավապահները։

XS
SM
MD
LG