Մատչելիության հղումներ

Հայաստանի վարչապետն ու Եգիպտոսի նախագահը քննարկել են տարածաշրջանային օրակարգի հարցեր


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիին: Նախ տեղի է ունեցել Հայաստանի և Եգիպտոսի առաջնորդների առանձնազրույցը, այնուհետև բանակցությունները շարունակվել են ընդլայնված կազմերով, հայտնում է վարչապետի աշխատակազմը։

Ընդլայնված կազմերով հանդիպմանը վարչապետ Փաշինյանը նշել է, որ կարևոր զրույց են ունեցել Եգիպտոսի նախագահի հետ ու քննարկել երկկողմ ու տարածաշրջանային օրակարգի շատ հարցեր: Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ իրականացվող քայլերը: Վարչապետը նաև ընդգծել է Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության հերթական խախտման փաստը և շեշտել դրան միջազգային հանրության ուշադրության ու համարժեք արձագանքի կարևորությունը:

«Եգիպտոսը մեզ համար վստահելի գործընկեր է նաև իսլամական աշխարհի հետ մեր հարաբերություններում և խոսակցության մեջ: Մեր այս հարաբերությունները, մեր այս ջերմությունն ի ցույց է դնում նաև իսլամական աշխարհի և քաղաքակրթության նկատմամբ մեր վերաբերմունքը, մեր հարգանքը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Հայկական կողմը վերահաստատել է ԵԱՏՄ-ի և Եգիպտոսի միջև ազատ առևտրի համաձայնագրի շուրջ ընթացող բանակցություններում Եգիպտոսին Հայաստանի աջակցությունը, ինչը լայն հնարավորություններ կընձեռի երկկողմ առևտրաշրջանառությունը խթանելու համար, հավելում են կառավարությունից։

XS
SM
MD
LG