Մատչելիության հղումներ

Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը խոչընդոտում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացը. Դոնֆրիդ


Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քերըն Դոնֆրիդ, արխիվ
Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քերըն Դոնֆրիդ, արխիվ

Լաչինի միջանցքի շուրջ տիրող իրավիճակը խոչընդոտ է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի առաջխաղացմանը, հայտարարել է Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քերըն Դոնֆրիդը «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայությանը տված հարցազրույցում։

Պետքարտուղարության բարձրաստիճան դիվանագետը վստահեցրել է, որ Վաշինգտոնն ակտիվորեն ջանքեր է գործադրում միջանցքի վերաբացման ուղղությամբ: Դոնֆրիդն ընդգծել է՝ Լաչինի միջանցքի արգելափակման հարցն առաջնային էր պետքարտուղար Բլինքենի՝ Ադրբեջանի ու Հայաստանի առաջնորդների հետ վերջին հեռախոսազրույցներում։

«Պետքարտուղարը կոչ է արել անհապաղ վերաբացել միջանցքը և ընդգծել առևտրային և մասնավոր անխոչընդոտ երթևեկության կարևորության մասին։ Մենք շատ մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում տեղի հայ բնակչության իրադրության կապակցությամբ: Մենք կշարունակենք լինել ներգրավված և ճնշում գործադրել այս իրավիճակի շուրջ»,- ամերիկացի դիվանագետի խոսքերն է մեջբերում լրատվամիջոցը:

Դոնֆրիդի խոսքով՝ հայ - ադրբեջանական բանակցային գործընթացը, որը ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի օրակարգային հարցերից է, ընդգրկում է բազմաթիվ բարդ խնդիրների շուրջ քննարկումներ, ներառյալ՝ խաղաղության պայմանագիրը, սահմանների սահմանազատումը, երկրների միջև տրանսպորտային կապի վերաբացումը:

«Մենք պատրաստ ենք ամեն կերպ օգնել՝ գիտակցելով, որ այն ծանր որոշումները, որոնք պետք է կայացվեն խաղաղությանը հասնելու համար, պետք է կայացվեն Երևանում և Բաքվում», - նշել է նա:

Տե՛ս նաև այստեղ

XS
SM
MD
LG