Մատչելիության հղումներ

Զոհված ու անհետ կորած զինվորների մի քանի ծնողներ այսօր առերեսվել են «Եռաբլուր»-ից իրենց բերման ենթարկած ոստիկանների հետ


Պատերազմում զոհված ու անհետ կորած զինվորների մի քանի ծնողներ այսօր կանչվել էին Քննչական կոմիտե՝ առերեսվելու սեպտեմբերին «Եռաբլուր»-ից իրենց ուժով բերման ենթարկած ոստիկանների հետ։ Քննչական կոմիտե էին եկել նաև այլ զոհերի հարազատներ՝ սատարելու հարցաքննվողներին։

Գայանե Հակոբյանը մի քանի ժամ անցկացրեց քննիչի սենյակում։ Նա առերեսվեց ոստիկանության Երևանի վարչության պետի տեղակալ Արթուր Խուդինյանի հետ՝ պարզաբանեցին, թե բարձրաստիճան ոստիկանն արդյո՞ք ծնողներին հրահանգել է հեռանալ տարածքից։

«Խոսքը նրան էր վերաբերում, թե իբր, իր կողմից եղել է հրահանգ ծնողներին, որ ծնողները հեռանան «Եառբլուր»-ից, բայց մենք առերեսում ունեցանք, ու ինքը նշեց, որ նման բան չի եղել, անձամբ ես ու ծնողների 90 տոկոսը չեն լսել», - նշեց Հակոբյանը:

Ոստիկանների գործողությունները քննող գործով տուժող ճանաչված Գոհար Դավթյանը ևս առերեսվողների շարքում էր։ 44-օրյա պատերազմի ժամանակ անհետ կորած զինվորի մայրն առավոտից սպասում էր իր հերթին:

«Երկու անգամ են ինձ բերման ենթարկել. առաջինը՝ տարան, դրեցին հատակին, երկրորդ անգամը՝ մեքենաները նստացրին: Վնասվածքները բժշկական ձևով լրիվ գրանցված են», - պատմեց Դավթյանը:

Անկախության օրը անհետ կորածների և զոհվածների մոտ 4 տասնյակ ծնողներ ու հարազատներ ի նշան բողոքի փորձել էին արգելել վարչապետ Փաշինյանի մուտքը զինվորական պանթեոն։ Բայց մինչև վարչապետը կժամաներ, կարմիրբերետավորները ուժով, քաշքշելով նրանց հեռացրել էին տարածքից։ Անցած 5 ամսում այս քրեական գործով դեռ որևէ մեղադրյալ չկա։

Այս գործով տուժող է ճանաչվել 19 ծնող, նախաքննությունը շարունակվում է՝ պարզելու՝ ոստիկանները իրավաչափ ուժ են կիրառել, թե՝ ոչ։ Այդ օրը ուժով ոստիկանություն տարված զոհված զինվորի հայր Վահիդ Սահակյանը պնդում է՝ 5 ամսվա քննության ընթացքում գործը սառեցրել էին, միայն իրենց վերջին շրջանի բողոքներից հետո քննչականն ակտիվացավ։

«Ոստիկանների հետ առերեսում կատարվել է երեք մամայի հետ, ոստիկանները առերեսման ժամանակ անուններ են տվել բարձրաստիճան սպաների, որ հրաման են կատարել նրանք, և մեր՝ ծնողների պահանջով, թե ո՞վ է այդ հրամանը տվողը, նրանք անուն են տվել, ու այսօր այդ բարձրաստիճան սպան, այսինքն, Խուդինյան Արթուրը, քաղաքային ոստիկանության վարչության պետի տեղակալն առերեսվում է մեր մամաներից մեկի հետ», - նշեց Սահակյանը:

Սգավոր հայրն ասում է՝ կուզեին հանդիպել Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին՝ փոխանցելու իրենց մտահոգությունները. - «Իմ պատասխանատվությունը գիտեք ինչ է եղել, որ ես տղա եմ տվել էս երկրի համար, հերոս, հայրենասեր տղա եմ դաստիարակել ու տվել եմ էս երկրի համար: Էդ է եղել իմ պատասխանատվությունը էս երկրի հանդեպ»:

Վահիդ Սահակյանը Երևան է տեղափոխվել Արցախի Տող գյուղից, որը 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանին է անցել։ Նրա միակ որդին՝ Ժորան, զոհվել էր պատերազմի 27-րդ օրը։ Տեղահանված հայրը պատմում է, որ հարցաքննության ժամանակ ներկայացրել է աչքի տեսածն ու լսածը, թե ովքեր «Եռաբլուր»-ում իրենց բերման ենթարկելու հրաման տվեցին։

«Իրանց քայլերն էնքան մեծ էր, ես երկու հատ քայլ էի անում, իրանց մի քայլին բան անեմ... ՊՊԾ պետի տեղակալն է եղել, ասացին, քաղաքացիական հագուստով մի բոյով մարդ էր, մեկ էլ ինչ-որ ասացին՝ փոխոստիկանապետ, բայց ոչ առաջին, երկրորդ, էդ երեքից մեկը պիտի տված լինի, որովհետև դրանից ավելի մարդ չկար», - ներկայացրեց նա:

Ծնողները դժգոհում են՝ ոստիկանությունը նրանց դատի է տվել այդ օրը ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու համար

Առանց մեղադրյալ գործի քննությունը ձգձգելուց բացի, ծնողները ևս մեկ դժգոհություն էլ ունեն՝ ոստիկանությունը նրանց դատի է տվել այդ օրը ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու համար. - «Ես որպես տուժող կողմ եմ ճանաչվել, էն մյուս գործով ինչ եմ արել, եթե ես եմ տուժող կողմը»:

Դատարանում ոստիկանին դիմադրելու իր արարքի օրինականությունը պետք է ապացուցի նաև որդեկորույս մայր Աննա Մկրտչյանը։ Կինը տարօրինակ է համարում միաժամանակ երկու գործերի քննությունը՝ քրեականի դեպքում տուժող են, իսկ ոստիկանության բողոքի դեպքում՝ պատասխանատվության ենթարկվող:

«Չնայած բոլոր գործողությունները նկարահանված են ու պարզ երևում է՝ ով ինչ է արել, ով իրեն ինչպես է դրսևորել ամսի 21-ին, դեռ քննությունը չավարտած, մեղավորին չպատժած, տուժողների վրա վարչական գործ են հարուցել», - ասաց Մկրտչյանը:

Պատերազմում որդուն կորցրած Աստղիկ Գալեյանն ու ամուսինը ևս հարցաքննվել են որպես տուժողներ։ Տարակուսած է՝ իրենց բռնության ենթարկող ոստիկաններին պատժելու փոխարեն ոստիկանությունը փորձում է պատասխանատվության ենթարկել ծնողներին, իրենք էլ փաստեր են ներկայացրել դատարան։

«Հավանական է, որ այս գործը շուռ տան ծնողների վրա, ծնողները մեղավոր են: Չեմ հավատում, որ արդարություն կլինի և այդ բերետավորները կպատժվեն, բայց դե 99 տոկոս չեմ հավատում, գոնե 1 տոկոսը հավատանք, եթե դա էլ չլինի, ուրեմն ապրելն անիմաստ եմ համարում այս երկրում», - ընդգծեց նա:

Օրվա վերջում ծնողները փոխանցեցին, որ ոչ բոլորը հասցրեցին այսօր մասնակցել առերեսումներին՝ հարցեր տալ իրենց բռնի ուժով ոստիկանություն տարած ոստիկաններին և լսել նրանց բացատրությունները։

XS
SM
MD
LG