Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը Ուկրաինային երեք տասնյակ M1 Abrams տանկեր է տրամադրում


 M1 Abrams տանկեր, արխիվ
M1 Abrams տանկեր, արխիվ

«Ուկրաինային M1 Abrams մակնիշի տանկեր տրամադրելու մասին որոշումն արդեն իսկ իրականություն է»․ - չորեքշաբթի երեկոյան Սպիտակ տանը հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենը։

«Այսօր ես հայտարարում եմ` Միացյալ Նահանգները Ուկրաինային թվով 31 M1 Abrams մակնիշի տանկ կուղարկի։ Դա հավասարազոր է մեկ ուկրաինական գումարտակին։ Պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն է խորհուրդ տվել մեզ դիմել այս քայլին, քանի որ դա թույլ կտա Ուկրաինային ամրապնդել իր պաշտպանությունն ու ռազմավարական նպատակների հասնել», - հայտարարում էր Միացյալ Նահանգների նախագահը։

«Abrams-ները աշխարհի ամենամարտունակ տանկերն են, սակայն դրանց կիրառումն ու սպասարկումը բավական բարդ գործ է։ Այդ իսկ պատճառով մենք ուկրաինացիներին պահեստամասեր և տեխնիկական միջոցներ կտրամադրենք, որոնք հնարավորություն կտան այդ տանկերն արդյունավետորեն օգտագործել մարտի դաշտում։ Մենք ամենամոտ ապագայում կսկսենք մարզումներ իրականացնել ուկրաինացի զինվորականների համար, որպեսզի նրանք ինքնուրույնաբար կարողանան լուծել տանկերի տեխնիկական սպասարկման և լոգիստիկ խնդիրները։ Abrams-ների մատակարարումը ժամանակ կպահանջի՝ ժամանակ, որի ընթացքում մենք պետք է համոզվենք, որ ուկրաինացիներն ի վիճակի են այդ տանկերը ներդաշնակեցնել իրենց պաշտպանական համակարգերին», - ասաց Բայդենը:

Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ տանկերի մատակարարման մասին որոշումը կայացվել է ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ երկարատև քննարկումներից հետո։ Բայդենի համոզմամբ՝ ամերիկյան, ինչպես նաև գերմանական արտադրության տանկերի մատակարարման մասին որոշումը դաշինքի ներսում Ուկրաինայի խնդրում առկա միասնականության ևս մեկ վկայությունն է։

«Ես բազմիցս եմ հայտարարել այդ մասին, որ Ռուսաստանի ակնկալիքը մեր պառակտումն էր։ Մենք, սակայն, ամբողջապես, լիարժեքորեն միասնական ենք», - հայտարարում էր Բայդենը՝ ընդգծելով, որ ռուսական հարձակմանը հաջողությամբ դիմակայելու համար ուկրաինական կողմը պետք է մի շարք խնդիրներ լուծի։

«Առջևում գարուն է, և ուկրաինական զորքերը պատրաստվում են իրենց տարածքի պաշտպանությանն ու հավելյալ հակահարձակումների։ Իրենց երկիրն ազատագրելու համար նրանք արդեն ամենամոտ ապագայում պետք է պատրաստ լինեն դիմակայել Ռուսաստանի փոփոխվող մարտավարությանն ու ռազմավարությանը։ Ուկրաինացիները պետք է բարելավեն բաց տարածքներում մանևրելու կարողությունները։ Բացի այդ՝ երկարաժամկետ կտրվածքով նրանց ռուսական ագրեսիայից պաշտպանվելու, այն զսպելու հաստատուն կարողություն է պետք», - ընդգծում էր Միացյալ Նահանգների նախագահը։

XS
SM
MD
LG