Հայաստանն ավելի քան 4000 եվրո կփոխհատուցի 2016-ին ՊՊԾ գնդի գրավման օրերին կալանավորված Արարատ Խանդոյանին, որը 3,5 տարի բանտում է անցկացրել։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) գործերի ցանկից հանել է «Խանդոյանն ընդդեմ Հայաստանի» հայցը, որովհետև կողմերը հաշտեցման են գնացել։
Փաստաբան Արա Ղարագյոզյանն ասում է՝ սա նշանակում է՝ պետությունն ընդունել է, որ իր դատարաններն անհիմն են կալանավորել Խանդոյանին։
«Դրական է, որ կառավարությունն արդեն իսկ ընդունում է, որ խախտում է իրականացվում և այդ որոշման արդյունքում Հայաստանի վրայից այդ գործերը դուրս են գալիս, բայց ի վերջո պետական բյուջեից գումարներ են գնում, որը շատ ցավալի է», - ասաց փաստաբանը:
Հայաստանյան դատարանները վճռել էին, որ ՊՊԾ գնդի գրավման օրերին՝ ի պաշտպանություն գունդը գրաված «Սասնա ծռերի» կազմակերպված հավաքներից մեկի ժամանակ Արարատ Խանդոյանը բռնության է ենթարկել ոստիկանին։ Փաստաբան Ղարագյոզյանը դիմել էր դատարան՝ Խանդոյանի խափանման միջոց կալանքը վերացնելու պահանջով։ Մեղադրանքն էլ անհիմն համարել։ Բոլոր միջնորդությունները մերժվել են, ինչից հետո Ղարագյոզյանը միջազգային դատարան է դիմել։
Փաստաբանն ասում է՝ ՄԻԵԴ-ը խախտում է արձանագրել Խանդոյանին առանց հիմնավոր պատճառի անազատության մեջ պահելու մասով։ Նրա կարծիքով՝ միջազգային դատարանի այս վճռից հետո հայաստանյան ատյաններում որոշում կայացրած բոլոր՝ հատկապես առաջին ատյանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու պահանջով Արդարադատության նախարարությունը պետք է դիմի Բարձրագույն դատական խորհուրդ։
«Ես պահանջում եմ, որ Մնացական Մարտիրոսյանի հարցը պետք է քննարկվի, այլևս նման դատավորներ պետք է չլինեն համակարգում, որ նմանատիպ ապօրինի որոշումների արդյունքում հայաստանի Հանրապետությունը կանգնում է վատթարացման վիճակի և ֆինանսական կորուստների առջև», - ասաց Արա Ղարագյոզյանը:
Արդարադատության նախարարության վերահսկողական վարչության պետ Հայկ Սանոյանը, մինչդեռ արձագանքելով փաստաբանի պահանջին, ասաց՝ ՄԻԵԴ-ի այդ որոշումը հիմք չի տալիս նախարարությանը, որ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ սկսեն։ ՄԻԵԴ-ը չի անդրադարձել դատավորի թույլ տված սխալներին:
«Եթե լինում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ուսումնասիրության արդյունքում պարզվում է, որ X դատավորի կողմից թույլ է տրվել կարգապահական խախտում և այդ խախտումն արձանագրվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտում, դա առիթ է, որպեսզի արդարադատության նախարարը տվյալ դատավորի նկատմամբ հարուցի կարգապահական վարույթ: Մենք գտնում ենք, որ այս պարագայում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը այդ դատական ակտով նման խախտում չի արձանագրել», - ասաց Սանոյանը:
Արարատ Խանոդյանն «Ազատությանն» ասաց՝ որոշել էր այդ 4150 եվրոն թողնել պետությանը, բայց «քանի որ այսօրվա իշխանությունները վարում են նախկին իշխանությունների քաղաքականությունը, երևի տամ մի հաստատության, որ մեր սահմաններին կանգնած զինվորներին ինչ-որ մի բանով օգտակար լինեմ: Գոնե էդ դատավորների, դատախազի աշխատավարձից էս ամեն ինչը փոխհատուցվի, ոչ թե պետությունից»:
Փաստաբանն ընդգծում է՝ Եվրոպական դատարանի տարբեր վճիռներով դատավոր Մնացական Մարտիրոսյանը հաճախ է խախտումներ թույլ տվել, Խանդոյանի գործն էլ դրանցից մեկն է։ Բայց այդքանից հետո, ասում է, Բարձրագույն դատական խորհուրդի 6 անդամներ կողմ էին քվեարկել, որ Մարտիրոսյանը Հակակոռուպցիոն դատարանի դատավորի թեկնածու լինի։ Մարտիրոսյանը, սակայն, հանել էր թեկնածությունը, մինչև այսօր չմանրամասնելով՝ ինչո՞ւ։ Նրա հետ կապ հաստատել մեզ չհաջողվեց։
Խանդոյանի փաստաբանն ասում է՝ գոնե 44-օրյա պատերազմից հետո պետությունը պետք է ՄԻԵԴ-ի վճիռներով սխալներ թույլ տված դատավորների հետագա պաշտոնավարման հարցը քննարկի։ Ընդգծում է՝ նրանց կայացրած վիճահարույց որոշումների պատճառով պատերազմական վիճակում գտնվող Հայաստանը դեռ շարունակում է միլիոնավոր եվրոներ վճարել տուժողներին։
«Ո՞ւր է ձեր դատական համակարգի իրական փոփոխությունը, միայն Հակակոռուպցիոն կոմիտե և Հակակոռուպցիոն դատարան ստեղծելով չի, որ պետք է ինչ-որ բան փոխվի, այլ իրական, հեղափոխական քայլեր են պետք, որ դատական համակարգը մաքրվի», - նշեց Ղարագյոզյանը:
«ՄԻԵԴ վճիռներով խախտումներ թույլ տված դատավորները չեն պատժվում, ավելին, հաճախ նրանց պաշտոնն են բարձրացնում, հետո էլ պետությունից բարձր թոշակ են ստանում»,- մտահոգված է փաստաբանը։ Ասում է, որ ՄԻԵԴ ուղարկված իր բողոքները հիմնականում մարդու անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտումներին են վերաբերում։
Նաև միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի վերջին տվյալներն են դա փաստում՝ Հայաստանի դեմ կայացված վճիռներում ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտումները երկրորդ տեղում են, առաջին տեղում՝ արդար դատաքննության իրավունքի խախտումն է։