Մատչելիության հղումներ

Արարատ Խանդոյանի վերաքննիչ բողոքի քննությունն անցավ փոխադարձ վիրավորանքների մթնոլորտում


Խանդոյանը վերաքննիչ ատյանից պահանջում է արդարացնել իրեն և ազատ արձակել հենց դատարանի դահիճից։

Ոստիկանության պարեկապահակետային գնդի (ՊՊԾ) գնդի տարածքի գրավման օրերին Խորենացի փողոցում զանգվածային անկարգությունների մասնակցելու ժամանակ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով 3,5 տարվա ազատազրկման դատապարտված Արարատ Խանդոյանը վիրավորական արտահայտություններ հնչեցրեց թե՛ մեղադրող դատախազ Հայկ Պետրոսյանի, թե՛ ազատազրկման վճիռն ընդունած առաջին ատյանի դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի հասցեին։

Մեղադրող դատախազ Հայկ Պետրոսյանը նույն ոճով արձագանքեց Խանդոյանին՝ դատավորները նրան ևս լռության կոչ արեցին։

Ըստ մեղադրանքի, 43-ամյա Արարատ Խանդոյանն անցած տարվա հուլիսի 20-ին մասնակցել է «Սասնա ծռեր» զինված խմբին աջակցելու համար Խորենացի փողոցում կազմակերպված բողոքի ակցիաներին և այդ ընթացքում բռնություն է գործադրել ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ՝ հարվածել է, քաշքշել ու փորձել խլել ոստիկանի վահանը։

Այսօրվա դատական նիստի սկզբում Խանդոյանը հրաժարվեց ոտքի կանգնել։ Ասաց, թե իրեն վատ է զգում, բայց և շեշտեց՝ եթե լավ էլ զգար, ոտքի չէր կանգնի՝ դրանով ցույց տալով իր վերաբերմունքը իշխանության նկատմամբ։

Դրան հաջորդած վիճաբանությունից հետո Խանդոյանը պաշտպանը, նշելով, որ անհարգալից վերաբերմունք է դրսևորվել իր պաշտպանյալի նկատմամբ, ինչի հետևանքով նա իրեն վատ զգում, խնդրեց հետաձգել դատական նիստը:

Դատավոր Մհեր Արղամանյանը որոշեց շտապօգնություն կանչել Խանդոյանի համար։ Բժիշկներն արձանագրեցին զարկերակային արյան բարձր ճնշում, դեղեր ներարկեցին և փաստեցին, որ Խանդոյանը ի վիճակի է մասնակցել նիստին։ Այնումենայնիվ, դատարանը նրան թույլ տվեց առանց ոտքի կանգնելու ելույթ ունենալ։

Արարատ Խանդոյանը հայտարարեց, որ ինքը քաղաքական հետապնդման է ենթարկվում, և իրեն թիրախավորել են, քանի որ ոստիկանության գունդը գրաված զինված խմբի առանցքային անդամ «Միայնակ գայլ» մականվամբ հայտնի Արայիկ Խանդոյանի եղբայրն է:

Քննադատելով իշխանություններին՝ Խանդոյանն ասաց, որ եթե մեղավոր լիներ, պատրաստ էր անգամ 13 տարի բանտում անցկացնել, բայց ինքը «որևէ հանցանք չի կատարել»։ Նշեց, որ անցած տարվա հուլիսյան ցույցերից հետո տուժող ճանաչված 46 ոստիկաններից ոչ ոք դատարանում չի ասել, որ իրեն հարվածողը հենց Խանդոյանն է եղել։ Հիշեցրեց մեղադրանքի հիմքում դրված տեսանյութի մասին, որտեղ, ըստ իր մեկնաբանության, ո՛չ ոստիկանի է հարվածում, ո՛չ էլ ոստիկանի վահանն է փորձում խլել․ - «Շինծու քրեական գործ է: Ոչ մի բանով չի ապացուցվում: Իմ քաղաքական հայացքները նրանում ա, որ ես էսօր դեմ եմ էսօրվա ռեժիմին»:

Մինչդեռ մեղադրող դատախազ Հայկ Պետրոսյանը պնդեց, թե նրա մեղքն ապացուցված է:

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց կալանքից ազատ արձակել Խանդոյանին։

Հաջորդ նիստը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG