Այսօր Անկարայում Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլահիանի և նրա թուրք պաշտոնակից Մևլյութ Չավուշօղլուի միջև կայացած բանակցությունների թեմաներից մեկը Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակն էր։ Այս մասին քիչ առաջ ավարտված համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց թուրքական դիվանագիտության ղեկավարը։
«Հարավային Կովկասի կայունությունը բոլորիս համար էլ կարևոր է։ Այսօրվա բանակցությունների ընթացքում մենք անդրադարձել ենք նաև «3+3» ձևաչափում հանդիպումներին, ինչպես նաև Իրան-Թուրքիա-Ադրբեջան ֆորմատում ծավալվող համագործակցությանը։ Այն ենթակառուցվածքային ծրագրերը, որոնք կյանքի են կոչվելու Հարավային Կովկասում բոլորի համար ձեռնտու կլինեն», - պնդում էր Չավուշօղլուն։
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլահիանի բանակցությունները Անկարայում սպասվածից երկար տևեցին։ Օրվա առաջին կեսին նրան ընդունեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հետագայում բանակցությունները շարունակվեցին նախարարների մակարդակով։
Թուրք-իրանական բանակցությունների նախատեսվածից ավելի երկարատև լինելն էր թերևս պատճառը, որ Ամիր-Աբդոլահիանի և Մևլյութ Չավուշօղլուի՝ նախապես տեղական ժամանակով ժամը երեքին նշանակված համատեղ ասուլիսը մեկնարկեց երեք ժամ ուշացումով։ Ու թեև իրանական դիվանագիտության ղեկավարի և նրա թուրք գործընկեր Մևլյութ Չավուշօղլուի հայտարարություններից պարզ էր դառնում, որ բանակցությունների օրակարգը բավական հագեցած էր՝ այնուհանդերձ առանցքային թեման Սիրիան էր։
Առանցքային թեմայի նման ընտրությունը պատահական չէր։ Հոսեյն Ամիր-Աբդոլահիանը Անկարա ժամանեց Սիրիա և Լիբանան կատարած այցերից հետո։ Դրանց ընթացքում օրակարգային հիմնական թեմաներից մեկը Դամասկոսի և Անկարայի միջև ռուսական միջնորդությամբ սկիզբ առած երկխոսությունն է։
«Մենք ուրախ ենք, որ Սիրիայի և Թուրքիայի միջև նման երկխոսություն է մեկնարկել, որ երկու երկրների պաշտոնյաները հանդիպում են։ Մենք կարծում ենք, որ Սիրիայի և Թուրքիայի միջև մեկնարկած երկխոսությունը երկու պետությունների համար էլ օգտակար կլինի», - անցած շաբաթավերջին Բեյրութում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարում էր Իրանի արտգործնախարարը։
Թեհրանի գործողությունները, սակայն, հնչեցրած հայտարարություններից փոքր-ինչ տարբերվում են։ Հետաքրքիր զուգադիպությամբ, Դամասկոսի և Անկարայի միջև երկխոսության մեկնարկից քիչ անց Իրանի իշխանությունները անսպասելիորեն կրկնապատկեցին Սիրիա մատակարարվող նավթի գինը։
«Վերջին շաբաթներին իրանցի պաշտոնյաներն իրենց սիրիացի գործընկերներին տեղեկացրել են, որ Դամասկոսը ձմեռվա ամիսներին սպառվող նավթի հավելյալ ծավալների համար ստիպված է լինելու ավելի շատ վճարել», - գրում է Wall Street Journal պարբերականը՝ ընդգծելով, որ Թեհրանի՝ դաշնակիցներից ուղղված այս պահանջը հնչել է այն պահին, երբ վառելիքի սպառման ծավալները ամենամեծն են։
Թերթի փոխանցմամբ՝ եթե նախկինում սիրիացիները իրանական նավթի մեկ բարելը գնում էին մոտ 35 ամերիկյան դոլարով, ապա այժմ գինը հասել է 70 դոլարի։
Wall Street Journal-ը նաև մեջբերում է Իրանի Նավթի, գազի և նավթաքիմիական ապրանքների արտահանողների միության ղեկավարի խոսքերը, որն ասել է, թե իսլամական հանրապետությունն ինքն է ճնշումների ենթարկվում և նման պայմաններում «Սիրիային ցածր գնով նավթ վաճառելու որևէ պատճառ չունի»։ Բացի այդ, ըստ ամերիկյան թերթի, իրանական կողմը Սիրիային տեղեկացրել է, որ վառելիքի ապառիկով մատակարարումները ևս դադարեցվում են և այսուհետ Դամասկոսը ստիպված է լինելու նախապես վճարել գնվող նավթի համար։
Իրանական կողմի դժգոհության գլխավոր պատճառն, ըստ երևույթին, այն է, որ Թեհրանը թուրք-սիրիական կարգավորմանն ուղղված բանակցություններից դուրս է մնացել։ Դեկտեմբերի վերջին Մոսկվայում, Սիրիայի և Թուրքիայի պաշտպանության նախարարների և հետախուզությունների ղեկավարների հանդիպմանը ներկա էին միայն նրանց ռուսաստանցի պաշտոնակիցները։ Դա է պատճառը, որ Հոսեյն Ամիր-Աբդոլահիանը Սիրիա և Լիբանան կատարած այցերի ընթացքում հարկ էր համարում հիշեցնել, որ սիրիական ճգնաժամի հանգուցալուծման ձևաչափ արդեն իսկ գոյությունը ունի, որում Ռուսաստանի և Թուրքիայի հետ միասին, համանախագահի կարգավիճակ ունեն նաև իրանցիները։
«Կարծում եմ, որ թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորման լավագույն և հաջողված ձևաչափը կարող են լինել Աստանայի բանակցությունները», - հայտարարում էր Հոսեյն Ամիր-Աբդոլահիանը։