Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների տունն ի վերջո՝ 15-րդ քվեարկության արդյունքում, ընտրեց հանրապետականների առաջնորդ Քևին ՄըքՔարթիին Կոնգրեսի ստորին պալատի խոսնակ:
Ուրբաթ ուշ երեկոյան մեկնարկած և շաբաթ վաղ առավոտյան ավարտված քվեարկության արդյունքում ՄըքՔարթին ստացավ 216, նրա հիմնական մրցակից Հաքիմ Ջեֆրիսը՝ 211 ձայն:
Անցած նոյեմբերին կայացած Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների արդյունքում հանրապետականները 435-տեղանոց Ներկայացուցիչների տանը մեծամասնություն ունեն` 222 մանդատ, ինչը լիովին բավարար է խոսնակ ընտրելու համար: Սակայն հունվարի 3-ից սկսած 14 քվեարկություն էր կայացել, որոնցում հանրապետականների խմբակցության ղեկավարն անհրաժեշտ թվով ձայներ չէր ստանում՝ նրա դեմ ըմբոստացել էին հենց իր՝ Հանրապետական կուսակցության երկու տասնյակ կոնգրեսականներ:
Նման իրավիճակ Ամերիկայի քաղաքացիական պատերազմից հետո չէր եղել։