Արցախի շրջափակման հետևանքով Մարգարյանների 6 անչափահաս երեխաները մնացել են առանց ծնողական խնամքի։ 44-օրյա պատերազմում միակ որդուն կորցրած ընտանիքը Լաչինի շրջանի հանձնումից հետո ստիպված էր տեղափոխվել Շիրակի մարզի Մայիսյան գյուղ։ Մայրը՝ Նաիրա Մարգարյանը, դեկտեմբերի 11-ին մեկնել էր Արցախ՝ բնակարանի գնման սերտիֆիկատը ստանալու և արդեն մեկ ամիս չի կարողանում վերադառնալ երեխաների մոտ։
«Ահավոր դաժան վիճակ է ինձ մոտ, դե երեխեքը՝ էնդեղ, ես՝ այստեղ, ահավոր ծանր է վիճակը», - ասում է նա:
6 աղջիկներից ավագը 16 տարեկան է, փոքրը՝ 3։ Ամենաշատը հենց փոքրերն են դժվար տանում մոր բացակայությունը։ 3-ամյա Տաթևն ու 6-ամյա Անին ամեն անգամ տեսակապով մոր հետ խոսելիս դժվարությամբ են զսպում հուզմունքը, բայց փորձում են թաքցնել արցունքները մայրիկից։
Երեխաներն ունեն խնամակալ, նրանց հարցերով համայնքապետարանն ու մարզպետարանն են զբաղվում, մինչև մայրը կկարողանա շրջափակումից դուրս գալ։ Սննդի, հագուստի, վառելիքի հարցն են փորձում լուծել. «Ամեն ինչ նորմալ է էդ կողմից, բայց մենք մեր մամային ենք կարոտել, մեր մամային ենք ուզում»:
6 երեխաները Նոր տարին դիմավորել են խնամակալի ու Մայիսյանի վարչական ղեկավարի հետ, նաև հյուրեր ընդունել։
«Տոնածառի տրամադրություն չկար, որ դնեինք, ընկեր Արգինեն ու ընկեր Հռիփսիմեն էլի ստիպելով, եկան, մասնակցեցին ու տոնածառ դրեցինք, կան բաներ, որ իրենք բերեցին սեղանի համար, դրեցինք, համ էլ որ մեր մաման ուրախանար, չիմանար, որ ինքը ստեղ չի, մենք իր կարիքը շատ ենք զգում: Ոնց որ ընկեր Արգինեն ու ընկեր Հռիփսիմեն լրացնում են իր տեղը, մինչև ինքը գա», - պատմում են երեխաները:
6 անչափահասներն արդեն մոր խնամքին են, ընտանիքի հայրը քրեակատարողական հիմնարկում է: Նաիրա Մարգարյանը մի ցանկություն ունի, որ վաղը ճանապարհը բացվի, ու կարողանա հասնել պատերազմում զոհված որդու գերեզմանին, վաղը նրա ծննդյան օրն է:
Ավագ դուստրը՝ Սյուզաննան, այսօր եկեղեցի էր գնալու ու մի խնդրանք ուներ. «Ամեն անգամ գնում, աղոթում ենք, որ ոչ մենակ մեր մաման, բոլորը գան, հասնեն իրենց ընտանիքին»: