Հաստատուն ու աննկուն մնացեք հայրենի հողում ապրելու և արարելու վճռականության մեջ. եկեղեցին ձեզ հետ է։ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում պատարագ մատուցեց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը՝ իր պատգամն ուղղելով արդեն 26 օր շրջափակման մեջ գտնվող արցախցիներին։ Կաթողիկոսն իր խոսքում ընդգծեց՝ Արցախը շարունակում է պայքարել հանուն պատմական արդարության վերականգնման:
«Սիրելի արցախցիներ, մեր ժողովրդի մտածումներն ու հայացքներն այս օրերին առավելաբար ձեզ են ուղղված։ Դուք, որ դժվարությունների առջև երբեք չեք ընկրկել ու չեք նահանջել, այսօր էլ տոկունությամբ շարունակում եք հերոսաբար պայքարել հանուն ձեր ազատ ու անկախ կյանքի, հանուն պատմական արդարության վերականգնման։ Ձեր քաջ նախնյաց փառավոր օրինակով հաստատուն ու աննկուն մնացեք հայրենի հողում ապրելու և արարելու վճռականության մեջ: Մեր Սուրբ Եկեղեցին աշխարհասփյուռ իր թեմերով ձեզ հետ է, աջակից ու զորակից ձեզ։ Ձեր հիմնարար իրավունքների պաշտպանության արդար պահանջը հաղթանակելու է համայն հայության ջանքերով և միջազգային հանրության սատարումով։ Հավատում ենք, որ Աստծո ողորմությամբ մեր ժողովուրդը իրեն պատած խավարի մեջ պիտի լույս ծագեցնի և դիմագրավի իր կյանքում ծառացած լրջագույն մարտահրավերներին», - ասաց Ամենայն Հայոց կաթողիկոսը։
Աշխարհին ու մարդկությանը խաղաղություն մաղթելով՝ կաթողիկոսը խոսեց Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի հարձակումների հետևանքով ծանր կորուստների, ցավի, տառապանքի մասին։ Ընդգծեց՝ ճշմարիտ նորոգության կարիք ունենք, որպեսզի պետությունը նոր վտանգի չենթարկվի։
«Այսպիսի նորոգությամբ է, որ կարող կլինենք հայրենական մեր կյանքից բացառել ամենայն չարն ու անարդարը, վախի, բռնության, ատելության ու հարմարվողականության կործանարար դրսևորումները և հայրենիքի բարվոք ապագայի տեսլականով համախմբել ազգային ողջ ներուժը, ամրագրել միմյանց հանդեպ հարգանքն ու սերը, վստահության հաստատուն հիմքերի վրա խարսխել Հայաստան-սփյուռք գործակցությունը։ Պատմական փորձառությամբ գիտենք, որ նեղություններից հաղթանակած ենք դուրս եկել, երբ եղել ենք միաբանված ընդհանրական նպատակների շուրջ», - հայտարարեց Վեհափառ հայրապետը:
ՀՀ նախագահը, վարչապետը, ինչպես նաև բարձրաստիճան այլ պաշտոնյաներ ներկա չէին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում մատուցած պատարագին։ Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի պատերազմից հետո արդեն երրորդ անգամ չի մասնակցում կրոնական այս ծիսակատարությանը։ Փաշինյանը Սուրբ Ծնունդը շնորհավորել էր երեկ սաղմոսով:
Իր այսօրվա պատգամով կաթողիկոսը հորդորեց գիտակցել, որ բոլորս պատասխանատու ենք հայրենիքի ու սերունդների առջև և չպետք է վտանգի ենթարկենք անկախ պետականությունը։ Գարեգին երկրորդը Ամանորի գիշերը ևս իր ուղերձում շեշտել էր՝ երկիրը կանգնած է անվտանգային մարտահրավերների առջև և միայն լիարժեք միաբանվելով է հնարավոր դուր գալ ծանր կացությունից։