Մատչելիության հղումներ

Տոնական օրերին ռազմական գործողությունները Ուկրաինայում չեն դադարել


Ե'վ ռուսական, և' ուկրաինական կողմը հաղորդում են հարձակումների ու հակառակորդի կրած մեծ վնասների մասին։

Այսօր Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ ռուսական ուժերը հարվածել են Դոնեցկի մարզի Դրուժկովկա քաղաքին։ Գերատեսչության ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովն ասել է, որ Դրուժկովկայի երկաթուղային կայարանի տարածքում ռուսական ուժերը ոչնչացրել են երկու HIMARS MLRS հրթիռային կայաններ, մարտական մեքենաներ, ավելի քան 800 հրթիռ։ Ըստ ռուսական կողմի, զոհվել է մինչև 120 ուկրաինացի զինծառայող։

Իսկ Ուկրաինայի իշխանությունները հայտնել էին, որ Դրուժկովկա քաղաքում ռուսական գնդակոծության հետևանքով ոչնչացվել է Altair սառցե արենան՝ Դոնբասի հոկեյի ակումբի սեփական դաշտը։ Ռուսամետ Տելեգրամ ալիքները պնդում են, որ սառցե պալատը որպես պահեստ էր ծառայում Ուկրաինայի Զինված ուժերի համար։ Մինչդեռ «Ազատություն» ուկրաինական ծառայության հաղորդմամբ՝ վերջերս արենան օգտագործվել է որպես հումանիտար պահեստ։

Գնդակոծություններ են եղել նաև այլ շրջաններում։ Միայն Կիևում հակաօդային պաշտպանության համակարգն անցած գիշեր առնվազն 20 օդային թիրախ է խոցել։ Քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի փոխանցմամբ, հրթիռակոծության հետևանքով տուժել են էներգետիկ ենթակառուցվածքների մի քանի օբյեկտներ, ինչի հետևանքով մայրաքաղաքում էլեկտրաէներգիայի վթարային անջատումներ են սկսվել։

Մշտական գնդակոծության տակ է նաև Խերսոնի շրջանը, որտեղ վերջին 24 ժամում երկու մարդ է զոհվել, առնվազն ինը՝ վիրավորվել։

Ամանորի տոներին ռազմական գործողությունները չեն դադարել, հակառակը՝ ուժգնացել են։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի մամուլի խոսնակ Անդրեյ Կովալյովը հայտնել է օկուպացված Խերսոնի շրջանի բնակավայրերից մեկում ռուսների կրած մեծաթիվ կորուստների մասին․ - «Դեկտեմբերի 31-ին Խերսոնի շրջանի Չուլակովկա բնակավայրի տարածքում հակառակորդը շուրջ 500 վիրավոր կամ զոհված զինծառայող ունի»։

Ռուսական աղբյուրները, սակայն, այս տվյալները դեռ չեն հաստատում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ամանորի գիշերը Դոնեցկի շրջանի Մակեևկա քաղաքում HIMARS հրթիռների հարձակման հետևանքով մեծ թվով ռուս զինվորականներ են զոհվել։ Ընդ որում, զոհվել են սեպտեմբերին մոբիլիզացվածները։ Ռուսաստանի ՊՆ-ն հաստատել է 63 զինվորականի մահը։

«Ժամանակավոր տեղակայման կետում հզոր պայթուցիկ մարտագլխիկով չորս հրթիռների խոցման արդյունքում 63 ռուս զինծառայող է զոհվել», - ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Իգոր Կոնաշենկովը։

Մինչդեռ ուկրաինական կողմը և ռուսաստանյան մի շարք ռազմական աղբյուրներ՝ այդ թվում Դոնբասի անջատողական ուժերի նախկին հրամանատար Իգոր Ստրելկովը, հայտնել էին, որ զոհերի թիվը հասնում է մի քանի հարյուրի։

Հարվածը հասցվել էր Մակեևկայի արհեստագործական ուսումնարանի շենքին, որտեղ տեղակայված էին մոբիլիզացված զինվորականները։ Այս տեղեկությունը վերջին օրերին ակտիվորեն քննարկվում է ռուսական Տելեգրամ ալիքներում, իսկ ՏԱՍՍ պետական գործակալությունը հայտնել է, թե բազմաթիվ ռուս զինվորականներ միաժամանակ են զոհվել, քանի որ Ամանորի գիշերը ակտիվ օգտագործել են բջջային հեռախոսները, ինչը թույլ է տվել ուկրաինական ուժերին ճշգրիտ հարված հասցնել։

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Վալերի Զալյուժնին երեկ հայտարարել է, որ մինչև 2022 թվականի վերջը ուկրաինական զորքերը կարողացել են ազատագրել փետրվարի 24-ի լայնածավալ ներխուժումից ի վեր Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքի 40 տոկոսը։

Զալյուժնին նաև պնդել է, թե ռուսական կողմը 100 հազար զոհ է ունեցել։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը կորուստների մասին վերջին անգամ սեպտեմբերին է հայտնել և պաշտոնապես ճանաչել միայն մոտ 6 հազար զինվորի մահը։

Պենտագոնը նոյեմբերին երկու կողմերի ընդհանուր կորուստները գնահատել էր մոտ 200 հազար սպանված և վիրավոր՝ շեշտելով, թե պատերազմող կողմերը գրեթե հավասար կորուստներ են տվել։

Սակայն ռուսները ամենևին էլ մտադիր չեն կանգ առնել, հակառակը՝ նախագահ Վլադիմիր Պուտինը 2023 թվականին կփորձի նոր լայնածավալ հարձակում սկսել Ուկրաինայում, BBC-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

Նա նաև ընդգծել է, որ Պուտինը Ուկրաինայի դեմ պատերազմում զիջումների գնալու պատրաստակամության նշաններ ցույց չի տալիս։ Այդուամենայնիվ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով, արևմտյան երկրների ռազմական օգնությունը կօգնի Կիևին պաշտպանել իր ինքնիշխանությունը և ստիպել Ռուսաստանին մտածել պատերազմն ավարտելու մասին։

Մինչ այդ սակայն, Մոսկվան մտածում է նոր հարվածների մասին։ Ուկրաինայի նախագահը իր երեկվա ուղերձում զգուշացրել է ռուսների անօդաչուների նոր հարձակման հնարավորության մասին. - «Տարեսկզբից անցել է ընդամենը երկու օր, իսկ Ուկրաինայի վրա խոցված իրանական անօդաչու թռչող սարքերի թիվն արդեն 80-ից ավելի է, և մոտ ապագայում այդ թիվը կարող է աճել։ Մենք տեղեկություններ ունենք, որ Ռուսաստանը ծրագրում է երկարաժամկետ հարձակում»։

Զելենսկին ասել է, թե Մոսկվան խաղադրույք է կատարում ուկրաինական կողմի հյուծվածության վրա՝ ոչնչացնելով բնակավայրերն ու էներգետիկ ենթառուցվածքները և միաժամանակ շեշտելով, թե ուկրաինական հակաօդային ուժերը կարողանում են չեզոքացնել այդ հարվածների մեծ մասը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG